Մատչելիության հղումներ

Պետքարտուղարի օգնականը գոհ է իր այցի արդյունքներից





Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական երկրների հարցերով օգնական, դեսպան Էլիզաբեթ Ջոնսն այսօր հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

Ըստ Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է Քի Ուեսթի սկզբունքների հիման վրա շարունակել բանակցային գործընթացը:
Էլիզաբեթ Ջոնսը կարծիք է հայտնել, որ տնտեսական փոխշահավետ համագործակցությունը կարող է որոշակի նպաստավոր պայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման համար: Ընդգծելով, որ Հայաստանը բազմիցս հանդես է եկել նման առաջարկով, Հայաստանի նախագահն ասել է, որ այդ գաղափարը դեռեւս աջակցություն չի գտնում Ադրբեջանի ղեկավարության մոտ:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Էլիզաբեթ Ջոնս լրագրողներին ասաց, որ շատ հետաքրքրիր քննարկումներ է ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը շատ հաջող համարեց Հարավային Կովկաս կատարած իր առաջին այցելությունը:

Էլեզաբեթ Ջոնսի խոսքերով, քննարկվել են նաեւ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանն ընդգրկելու, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցերը: «Իրան-Հայաստան խողովակաշարը տարբերվում է տարածաշրջանային մյուս ծրագրերից: Ամերիկյան որոշակի օրենքներ կան Իրանի ներդրումների վերաբերյալ, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը չի կարող ներգրավված չլինել տարածաշրջանային այլ ծրագրերի մեջ», - ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Քերի Քավանոյի փոխարեն Ռուդոլֆ Պերինայի նշանակմանը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականն ասաց. - «Դրանով ոչ մի փոփոխություն չի լինի մեր հետագա գործունեության եւ Մինսկի խմբի աշխատանքի մեջ», - ավելացնելով, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմում, նախկինի համեմատությամբ, կարող են որոշ փոփոխություններ լինել, բայց Ղարաբաղի հարցով քաղաքականությունը կմնա նույնը:

Ադրբեջանի նախագահի կիրակի օրը Բաքվում իր հետ հանդիպման ընթացքում հայտնած տեսակետի մասին, թե տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվելու դեպքում մյուս հարցերը կլուծվեն, էլիզաբեթ Ջոնսը, մանրամասների մեջ չմտնելով, ասաց, որ հարցի լուծումը պետք է թողնել կողմերին: Նրա ընդգծմամբ, ամենակարեւորն այն է, որ ոչ մի ռազմական լուծում այս հարցում չի կարող լինել:

«Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ չի ընդունվում» հարցին, Ջոնսը պատասխանեց հետեւյալ կերպ. «Քննարկումները տեղի են ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»:

Էլիզաբեթ Ջոնսը Երեւան է ժամանել տարածաշրջային իր առաջին այցի շրջանակներում, որն իր իսկ բնորոշմամբ ճանաչողական բնույթի է: «Իմ ուղեւորության գլխավոր նպատակն է ծանոթանալ տարածաշրջանի առաջնորդների հետ, այն մարդկանց հետ, ովքեր կարծիք են ձեւավորում», - անցած շաբաթ Վաշիգտոնում ասել էր Էլիզաբեթ Ջոնսը:

Կիրակի օրը Բաքվում հանդիպելով Ադրբեջանի նախագահի հետ, Ջոնսն ասել էր, թե ԱՄՆ-ն հույս ունի, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի նույնիսկ այս տարի: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դրա համար ինքն ինչ հեռանկարներ է տեսնում, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն ասաց. «Ես միշտ հույս ունեմ, դա իմ աշխատանքն է»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Էլիզաբեթ Ջոնսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ծրագրերը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը:

«Այստեղ մի շրջանակ կա մեզ համար, դա փարիզյան շրջանակն է: Եթե Ալիեւը համաձայնի վերադառնալ այդ շրջանակները, կարծում եմ առաջընթաց կարելի է արձանագրել», - ասաց Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Բաքվում Էլիզաբեթ Ջոնսի հետ հանդիպման ժամանակ Հեյդար Ալիեւի հայտարարությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզունքը պահպանելու դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում մնացած բոլոր հարցերը լուծելի են:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG