Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են օգնել իրենց նորանշանակ գործընկերոջը հասկանալ ղարաբաղյան հարցի էությունը


Այսօր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որը ցանկացավ անանուն մնալ, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հերքեց ամերիկացի դիվանագետ Քերի Քավանոյին Կիպրոսում դեսպան նշանակելու մասին «Թուրան» գործակալության տարածած լուրը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ասաց, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ որ այդ պաշտոնին հավակնում է մի քանի թեկնածու:

Միեւնույն ժամանակ, ինչպես երեկ «Ազատութոյւն ռադիոկայանին տեղեկացրել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեն Հիլեսը, անցած հինգշաբթի Քավանոյի փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպան Ռուդոլֆ Պերինան:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը ադրբեջանական «Ա-Էն-Էս» հեռուստակայանին այսօր տված հարցազրույցում ասել է, որ համանախագահներից մեկի փոփոխությունը արգելք չի հանդիսանա Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհին, քանի որ հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե համանախագահների անձերից, այլ հակամարտող կողմերից:

Գրիբկովը հավաստիացրել է, որ մյուս երկու համանախագահները անմիջապես օգնություն կտրամադրեն նորանշանակ դիվանագետին ղարաբաղյան խնդրի էությունը լավ հասկանալու համար: Ռուսասատանիցի դիվանագետը հայտնել է, որ երեք համանախագահները սեպտեմբերի կեսերին կհավաքվեն Վիեննայում եւ կփորձեն ուղիներ գտնել ղարաբաղյան բանակցություններին նոր թափ հաղորդելու համար:

Միեւնույն ժամանակ, մեկնաբանելով ամերիկացի համանախագահի փոփոխությունը, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական
Վաֆա Գուլուզադեն կարծիք է հայտնել, որ այժմ Ղարաբաղի հարցի լուծումը կամ հետաձգվելու է երկար ժամանակով, կամ՝ արգելափակվելու:

Գուլուզադեի բացատրությամբ, Քերի Քավանոն գլխավոր դերակատարն էր Քի Ուեսթյան բանակցություններում, որոնք հայերը գնահատում են որպես իրենց հաջողությունը, սակայն այնուհետեւ Քավանոն ընդունեց, որ ժողովուրդները դեռ պատրաստ չեն փոխզիջումների:

Քավանոյի հեռանալու փաստը վկայում է այն մասին, որ Ամերիկան մոտ ապագայում Ղարաբաղի հարցի լուծում չի ակնկալում, կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդականը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG