Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Բելառուսի նախագահական ընտրությունների շեմին «Առավոտ» թերթը զուգահեռել է. «Ինտելեկտուալ առումով եւ անվերահսկելի մենիշխանություն հաստատելու ձգտումով Լուկաշենկոն եւ Քոչարյանը իրար շատ նման են: Բայց տակտիկական տեսակետից նրանց տարբերությունները հսկայական են: Լուկաշենկոն իր բռնապետական հակումները չի թաքցնում, անձամբ սպառնում եւ փնովում է իր ընդդիմախոսներին, անընդհատ վիճում է միջազգային դիտորդների հետ: Քոչարյանը ոչ մեկին հրապարակավ չի սպառնում, իսկ դիտորդները միշտ էլ նրա գլխի վրա տեղ ունեն: Ավելին՝ այսօրվա Հայաստանում իշխանությունը պահելու համար կարելի է նույնիսկ առանձնապես չկեղծել ընտրությունների արդյունքները... Մասնագետների հաշվարկով՝ Հայաստանում ընտրություններում հաջողության հասնելու համար ամեն մի ընտրողի վրա պետք է ծախսվի միջին հաշվով 10 դոլար»: Թերթի ներկայացմամբ, անհրաժեշտ գումարը իշխանությունը հանգիստ կարող է հավաքել իր տարիքի տակ աշխատող բիզնեսմեններից, որոնց հիմա բաժանվել են բոլոր շահավետ տնտեսական ոլորտները:

Թերեւս խնդիրը շատ իրական ու ցայտուն է, այլապես միանգամայն հակառակ ճամբարի «Երկիր» թերթն էլ այսօր իր կենտրոնական հրապարակումը չէր նվիրի ընտրակաշառքին: Ներկայիս նախընտրական համապատկերը Հայաստանում «Երկիր»-ը պատկերում է այսպես. «Հոգեբանական հուսալքումը գնալով համատարած է դառնում, եւ գնալով հասարակության ավելի ու ավելի քիչ անդամներ են կարծում, որ իրենց ձայնը երկրի համար շատ բան կարող է որոշել... Նրանք, ովքեր դեռեւս 5 տարի առաջ կխորշեին ընտրակաշառք թե' տալուց, թե' վերցնելուց, այսօր թքած ունեն սեփական սկզբունքայնության վրա: Պարզ է, որ ընտրակաշառքով օրենսդիր կամ գործադիր մարմնում հայտնվածը իր ծախսած գումարները դիտում է որպես ներդրում, որն արագ եւ բազմապատիկ հատուցում պիտի բերի: Սա իշխանական համակարգի բարոյալքման ամենակարճ ճանապարհն է: Սա բարոյալքման ամենակարճ ճանապարհն է նաեւ ամբողջ հասարակության համար»:

Ազգային ժողովի «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ընդգծում է, թե ծուռ հայելիների իրավիճակը այսօր կամ երեկ չի ստեղծվել, «արմատները շատ ավելի խորն են։ Երբ որ ուժային նախարարները սկսեցին քաղաքական ուժեր ձեւավորել, երբ որ տեղի ունեցավ հասարակական-քաղաքական կյանքի ռազմականացումը։ Այդ գործընթացների ամենաողբերգական հետեւանքն էր մեր քաղաքական իրականության մեջ ռոմանտիկ շարժառիթների վերջնական անկումը։ Ռոմանտիկ շարժառիթները ի հայտ եկան շարժման սկզբին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքով, վերակենդանացան Կ. Դեմիրճյանի վերադարձով եւ նրա հետ միասին լքեցին մեր իրականությունը։ Դեմիրճյանի մուտքը ռոմանտիզմի վերջին շունչն էր։ Արդեն քաղաքական ռոմանտիզմի հիման վրա որեւէ մեկը Հայաստանում հաջողության չի կարող հասնել»։

«Իրավունք»-ի մեկնաբանը երկրի ընտրությունը տեսնում է ներկա վատի եւ հհշաձեւ այլընտրանքի՝ վատթարի արանքում՝ դրա պատասխանատվությունը դնելով վարչախմբի վրա: «Ավելի ու ավելի լկտի պահվածքով վարչախումբը պատրաստ է լխճել բոլոր նրանց, ովքեր ունեն այլ կարծիք», - գրում է նա: - «Գործի են դրվում բոլոր միջոցները: Օրենքի մասին արդեն ոչ ոք չի հիշում: «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը վերակենդանանում է: Բիզնեսով զբաղվելու իրավունքը նորից տրվում է միայն յուրայիններին... Բթամիտ իշխանիկները բոլորին չգիտես թե ինչու լարում են իրենց դեմ, մոռանալով, որ «խաղ չկան» վերջ չունի: Կարծես միտումնավոր վարչախումբը բոլորին մղում է դեպի ծայրահեղ ընդդիմություն, դեպի ՀՀՇ եւ նրա հետ նույն շահերը ունեցող «նոր ընդդիմադիր դաշինք»: Անգործությունից, թշվառությունից եւ անօրինականությունից փակուղու մեջ հայտված ժողովրդին արդեն միեւնույնն է, թե ում օրոք են նրան կեղեքում»: Նախկինի նման փակուղուց միակ տրամադրվող ելքը արտագաղթն է, բայց սա արդեն միգրացիա չէ, այլ՝ էվակուացիա, բնորոշվում է «Իրավունք»-ում:

«Գոլոս Արմենիի» թերթի տեղեկություններով, ընդդիմությունը լրջորեն քննարկում է Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան այցի շրջանում զանգվածային միջոցառումների ծրագիր: Բայց, ըստ մեկնաբանի, իշխանության գործունեությունը հայ-ռուսական հարաբերություններում՝ այս կետում էլ ընդդիմությանը առանձնապես շանսեր չի թողնում: Մեկնաբանի հայացքում, մինչ ընդդիմադիրները միավորվելու երկունքների մեջ են՝ առանց որեւէ նոր գաղափարի, Քոչարյանը հասարակությանը ի ցույց է դնում նոր աշխատատեղեր բացելու իր խոստման իրականացման քայլեր, եւ մինչեւ նոյեմբեր այդ տեղերն անկասկած բացված կլինեն՝ 40 հազար կոնկրետ հասցեներով:

«Ժողովրդավարական Արցախ միություն» կազմակերպության համանախագահ Աշոտ Ղուլյանը ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրարշավի բովանդակությունը «Ազգ» թերթում ներկայացնում է այսպես. «Արցախում ոչ ոք ոչ մեկին չի փորձում համոզել, թե աղքատ ապրելը բնական է, բայց չեն էլ փորձում անհիմն ոգեւորել, թե մի քանի ամիս հետո հրաշք է լինելու, եւ մարգարեն է միայն պակասում... Ժողովուրդը շատ լավ է հասկանում, որ ընտրության չգնալով, մի քանի տարի էլ կմնա նույն վիճակում, երբ ոչ մի բան չի փոխվի»: Ինչ վերաբերում է ԺԱՄ-ին, «ներկայանում ենք շատ պարզ ձեւով՝ այն սկզբունքներով, որոնք հռչակել ենք կազմակերպության հիմնադիր համաժողովում: Գուցե այդ սկզբունքները մի քիչ սովորական են դարձել՝ երկիրը պետք է լինի ժողովրդավարական, արդարություն հասարակության մեջ, չպիտի լինեն արտոնյալ եւ ոչ արտոնյալ խավեր, պետք է օրենքի գերակայություն: Չնայած դժվարություններին, ԺԱՄ-ը փորձելու է հասնել այդ սկզբունքների իրականացմանը: Շատ լավ հասկանում ենք, որ դա մեկ ամսվա կամ մեկ տարվա գործ չէ... Մենք փորձում ենք խոսքից անցնել գործնական քայլերի»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի վերլուծությամբ, «Եվրախորհրդի ղեկավարության տարածած հայտարարությունը, որը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին կոչ է անում խուսափել սեպտեմբերի 5-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումից.. եւ անմիջապես դրան տրված պատասխաններն ու մեկնաբանությունները գտնվում են բոլորովին տարբեր հարթությունների վրա. Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը մի' բան է հասկացնում մեզ, իսկ հայրենի քաղաքական դեմքերը բոլորովին ա'յլ պատասխան են տալիս»:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր անհաջողությունների եւ ադրբեջանական կողմի քարոզչական հաղթանակների փաստերը չպետք է շփոթել ԵԽ ղեկավարության քաղաքական ինքնուրույն դիրքորոշումների հետ, որոնք ձեւավորվում են շատ ավելի լուրջ ու խորքային շահերի հաշվառումով», - նշում է մեկնաբանը: - «Այդ ճնշումը Հայաստանում Ռուսաստանի օրավուր մեծացող ակտիվությունը եւ որպես դրա հետեւանք՝ երկու երկրների տնտեսությունների մուտալուտ ինտեգրումը կանխելու Արեւմուտքի ընդհանուր ռազմավարության մի մասն է հանդիսանում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG