Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հարցով զբաղվող ամերիկացի դիվանագետների կորպուսը թարմացվում է. Քավանոյին փոխարինելու է Ռուդոլֆ Պերինան





Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի եւ եվրասիական հակամարտությունների հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնացի տեղակալ Քեն Հիլեսը, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Քերի Քավանոն անցնում է այլ դիվանագիտական աշխատանքի, եւ նրան այդ պաշտոնում կփոխարինի Մոլդովայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռուդոլֆ Վիլեմ Պերինան:

Ռուդոլֆ Պերինան, ինչպես տեղեկանում ենք նրա համառոտ կենսագրությունից, փորձառու դիվանագետ է: Նա ԱՄՆ-ի ավագ դիվանգիտական ծառայության անդամ է եւ ունի բարձր դիվանագիտական նախարար-խորհդականի կոչում: Պերինան մասնագիտացել է Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հարցերով: 1979-81 թվականներին նա աշխատել է Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի դեսպանատանը, աշխատել է ՆԱՏՕ-ում, պետդեպարտամենտում, մինչեւ Մոլդովա գնալը եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալը: Նա Կալիֆորնիայից է: Ավարտել է Չիկագոյի եւ Կոլումբիայի համալսարանները, խոսում է ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռումիներեն եւ չեխերեն:

Այսպիսով, Քերի Քավանոյի դարաշրջանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ավարտվում է: Ղարաբաղյան հակամարտության մայրաքաղաքներ կատարած իր բազմաթիվ այցելությունների ընթացքում Քավանոն կարողացել էր վստահություն ստեղծել եւ լավ հարաբերություններ մշակել Քոչարյանի, Ալիեւի եւ Ղուկասյանի հետ: Քի Ուեսթը Քերի Քավանոյի աստեղային ժամն էր, ուր ամերիկացի դիվանագետը փորձեց բեկում մտցնել բանակցային գործընթացում: Դժբախտաբար այդ ճիգն էլ ապարդյուն անցավ:

Ղարաբաղյան հակամարտության հարցերով զբաղվող ամերիկյան դիվանագիտական կորպուսը, ըստ էության, ամբողջությամբ թարմացվում է: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմոնին շուտով կփոխարինի Ջոն 0րդվեյը, որն այժմ Մոսվկայում ԱՄՆ-ի դեսպանատան երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է: Փոխվում է նաեւ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահը: ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական էլիզաբեթ Ջոնսը, որը զբաղվելու է նաեւ Ղարաբաղի հարցերով, նույնպես նոր է նշանակվել:

ԱՄն-ի պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական էլիզաբեթ Ջոնսն արդեն սկսել է իր այցն Անդրկովկաս: Կիրակի օրը պետքարտուղարի օգնականը հանդիպել է Հեյդար Ալիեւին եւ բանակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ: Ջոնսը մասնավորապես ասել է, թե ԱՄՆ-ը կհամաձայնի ղարաբաղյան կարգավորման այն տարբերակին, որն ընդունելի է հակամարտության երկու կողմերի համար: Նա նաեւ խնդրել է Ալիեւին բացատրել Ադրբեջանի ժողովրդին ղարաբաղյան խաղաղ կարգավորման էությունը: Ալիեւն ի պատասխան կրկնել է, թե կընդունի ղարաբաղյան հարցի միայն այնպիսի լուծում, որը կապահովի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այսօր Ջոնսը ժամանեց Վրաստան: Վաղը ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականը Երեւանում կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Իսկ ուրբաթ օրը նախագահ Ջորջ Բուշը անվանեց նաեւ ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի նոր ղեկավարին, 59-ամյա գեներալ, նախկին ռազմական օդաչու, Ռիչարդ Մայերսին: Ռիչարդ Մայերսը, պարզվում է, Ղարաբաղյան հարցի գիտակ է: ԱՄՆ-ի բանակի ապագա հրամանատարը ուսումնասիրել է հակամարտության պատմությունը եւ այդ նպատակով նույնիսկ այցելել է Բաքու եւ Երեւան: Ըստ էության, Բուշի վարչակազմի եւս մի առանցքային պաշտոնյա, քաջատեղյակ է Ղարաբաղյան հարցին:

Արդյո՞ք նոր դիվանագետները, նոր քաղաքական գործիչները նաեւ նոր դիվանագիտություն ու քաղաքականություն են բերելու իրենց հետ Ղարաբաղյան հարցում: Դժվար է ասել: Առայժմ կարելի է ենթադրել միայն, որ մեր տարածաշրջանը ավելի մեծ ուշադրության է արժանանում ամերիկյան նոր վարչակազմի կողմից:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG