Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստվում է մարդահամարի


Այս տարվա հոկտեմբերի 10-19-ը անցկացվելիք մարդահամարի նախնական արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերին, իսկ 2003 թվականին դրանք կամփոփվեն ու կհրապարակվեն:

Մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ միջոցների 80 տոկոսը (տեխնիկական, խորհրդատվական, ուսուցողական աջակցության միջոցով) տրամադրելու են Համաշխարհայաին բանկը, Մեծ Բրիտանիայի «Հանուն միջազգային զարգացման» դեպարտամենտը, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության համապատասխան կազմակերպությունները: Հայաստանի կառավարությունը հատկացնելու է 210 մլն դրամ, որից 54 միլիոնն արդեն տրամադրվել է քարտեզագրման աշխատանքները կատարելու համար:

Սեպտեմբերից կսկսի գործել Համաշխարհային բանկի ստեղծած վստահության հիմնադրամը՝ նախատեսված դրամաշնորհները հասցեատիրոջը հասցնելու համար:

Կատարված քարտեզագրման աշխատանքների շնորհիվ արդեն հստակեցված է ավելի քան 11 հազար տեղամաս, յուրաքանչյուրում՝ մեկ հաշվառող: Կլինեն նաեւ հրահանգիչներ, որոնք կվերահսկեն հաշվառողների աշխատանքը: Մեկական հրահանգիչ՝ 5-6 հաշվառողին: Այսպիսով մարդահամարի ընթացքում՝ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր աշխատանք կունենան մոտ 15 հազար մարդ՝ միջինը 100 դոլար աշխատավարձով:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պլանավորման եւ ծրագրամեթոդաբանության բաժնի պետ Կարինե Գույումջյանի վկայությամբ, մարդահամարի տվյալները ստանալու համար փաստաթուղթ չեն պահանջելու. հիմնվելու են մարդկանց բանավոր խոսքի վրա: Ըստ նրա, նախապատրաստական աշխատանքներն ու բուն մարդահամարը ծրագրվել է անցկացնել այնպես, որ հնարավոր շեղումները չանցնեն 5 տոկոսից, ինչ նորմայի սահմաններում է:

Սխալները նվազագույնին հասցնելու նպատակով հավաքված տվյալները ստուգվելու են մի քանի փուլով: Հոկտեմբերի 19-ին բուն հաշվառման ավարտից հետո «հոկտեմբերի 20-25 կանցկացվի ընտրանքային վերահսկիչ շրջագայություն: Թույլատրված սահմաններից դուրս սխալների պարագայում տվյալ հաշվարարի աշխատանքը կստուգվի արդեն 100 տոկոսով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարինե Գույումջյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում մամուլի այն հրապարակումներին, թե հնարավոր է, որ մարդահամարի տվյալները կեղծվեն, Կարենի Գույումջյանն ասաց, որ Հայաստանի բնակչության իրական պատկերը ստանալու հարցում շահագրգռված են բոլոր ատյաններում, ուստի քիչ հավանական է, որ միտումնավոր կեղծիքներ լինեն: Չի բացառվում, որ դոնոր կազմակերպություններն էլ ուղարկեն իրենց դիտորդներին, ինչպես եղել է 1997 թվականին անցկացված փորձնական մարդահամարի ժամանակ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG