Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտահանման ոլորտում աճել է Ռուսաստանի բաժինը


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքները, որոնց համաձայն երկրի ընդհանուր առեւտրային հաշվեկշիռը էական փոփոխություն չի կրել: Ներմուծումը ավելի քան 2,5 անգամ ավելի է եղել, քան արտահանումը:

Անկում է արձանագրվել գունավոր մետաղագործության ոլորտում. միջազգային շուկաներում հատկապես պղնձի գների շոշափելի իջեցումը հանգեցրել է Հայաստանի համար կարեւոր այս ճյուղի լճացմանը։ Թանկարժեք քարերի ու մետաղների, ինչպես նաեւ՝ դրանցից պատրաստված իրերի արտահանումը նվազել է մոտ 15 տոկոսով, ներմուծումը՝ 24 տոկոսով։

«Արտահանման կրճատման պատճառը որակը չէ: Հայաստանում արտադրովող ադամանդը իր հեղինակությունն ունի: Միջազգային շուկան է պատճառը: Այս տարվա հունվարից սկսած շուկայի վիճակը շատ վատ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի ադամանդագործական ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանը:

Ներկայումս, ըստ Գագիկ Աբրահամյանի, ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատում է 50 տոկոս հզորությամբ: Նա նշեց, որ սեպտեմբեի 21-ին Հոնգ Կոնգում կայանալիք միջազգային ցուցահանդեսին մասնակցելու է նաեւ Հայաստանը եւ հույս հայտնեց, որ որոշ քանակով սպառում Հոնգ Կոնգում կլինի:

Վերոհիշյալ գործոններն, անշուշտ, խոչընդոտել են արտահանման ծավալների ցանկալի աճը, սակայն, քանի որ, այդ ընթացքում ներմուծումը նույնպես կրճատվել է, ապա երկրի ընդհանուր առեւտրային հաշվեկշռի էական փոփոխություն չի արձանագրվել։

Արտաքին առեւտրի աշխարահագրության մեջ այս ընթացքում նվազել է ապրանքների արտահանումը եվրոպական շուկաներ, ինչը կապված է հատկապես ոսկերչության եւ ադամանդագործության բնագավառների անկման հետ: Փոխարենը արտահանումների ոլորտում աճել է ԱՊՀ երկրների, ու հատկապես Ռուսաստանի բաժինը։

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, արտահանման ծավալը Հայաստանից ԱՊՀ երկրներ այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում աճել է 48 տոկոսով: Դրա հետեւանքով ԱՊՀ երկրների բաժինը Հայաստանի արտահանումների մեջ բարձրացել է՝ անցնելով 30 տոկոսից, իսկ Եվրամիության երկրների բաժինը 35-ից իջել է 25 տոկոսի։

Ռուսաստանի տնտեսության կայունացումը, ինչպես նաեւ այդ երկրի կառավարության կողմից արտահանման ու ներմուծման ազատականացումը, մաքսատուրքերի որոշակի իջեցումը Ռուսաստանի շուկաներն ավելի գայթակղիչ են դարձրել Հայաստանի համար: Ռուսաստանում կրկին պահանջարկ են վայելում հայկական վերամշակված սննդի արտադրանքը, կոնյակը, կաշվե իրերը, պլաստմասսան, կաուչուկը, ինչպես նաեւ մեքենասարքավորումներն ու ապարատները։

Որոշակի փոփոխություններ է կրել Հայաստանի առեւտրային գործընկերների, այսպես կոչված, հեռավոր արտասահմանի երկրների ցուցակը: Առաջին եռյակը, սակայն, մնացել է անփոփոխ. Բելգիա (արտահանում՝ 14,7 տոկոս, ներմուծում՝ 6,1 տոկոս) , Միացյալ Նահանգներ (արտահանում՝ 12,3 տոկոս, ներմուծում՝ 9,7 տոկոս) եւ Իրան (արտահանում՝ 9,3 տոկոս, ներմուծում՝ 9,7 տոկոս)։

Մոտ կիսով չափ կրճատվել է Մեծ Բրիտանիայի հետ կատարվող առեւտուրը, փոխարենը կտրուկ աճել է Իսրայելի բաժինը Հայաստանից կատարվող արտահանումների մեջ՝ հասնելով մոտ 9 տոկոսի, որը գրեթե հավասարազոր է դեպի Իրան կատարվող արտահանումների ծավալներին։


Ատոմ Մարգարյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG