Մատչելիության հղումներ

logo-print

2001 թվականին նվազել է արտասահմանում քաղաքական ապաստան հայցող հայ փախստականների թիվը


Հայաստանի Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով, այս տարվա վեց ամիսների ընթացքում անցած տարիների համեմատ կրկնակի նվազել է այլ երկրներում քաղաքական ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը: Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի տրամադրած տվյալների, 2001 թվականի առաջին կեսին ավելի քան 1900 հայաստանցի ապաստան են հայցել աշխարհի 28 երկրներում, ընդ որում ամենից շատ՝ Միացյալ Նահանգներում, որտեղ մեծ հայկական համայնք կա:

ԱՄՆ-ում քաղաքական ապաստան են հայցել մոտ 530 հայ փախստականներ: Երկրորդ տեղում Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներն են: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի տվյալներով, հայրենիքում իրեն հալածված համարող 228 հայաստանցի դիմել է Գերմանիայի կառավարությանը՝ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Հայ փախստականներին սկսել են հրապուրել Կենտրոնական Եվրոպայի նոր կազմավորված ազատ շուկայական ժողովրդավարությունները, ինչպես օրինակ Չեխիայի հանրապետությունը: Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության, Չեխիայում ապաստան են խնդրել ավելի քան 200 հայ փախստականներ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը վերջերս քննադատել է Արեւմուտքի երկրներին եւ Միացյալ Նահանգներին փախստականների եւ ներգաղթողների նկատմամբ աճող անհանդուրժողականության համար: Այս երկրներում ուժի մեջ մտած ներգաղթի ավելի կոշտ օրենքները փախստականների համար ավելի դժվար են դարձնել ապաստան ստանալը: Միացյալ Նահանգների տարածքում հայտնաբերված փաստաթղթեր չունեցող ապօրինի փախստականները կարող են վերադարձվել իրենց երկրները առանց հարցը քննելու, եթե նրանք չկարողանան ապացուցել որ ԱՄՆ մուտք են գործել օրինական կերպով կամ երկու տարուց ավելի բնակվել են Միացյալ Նահանգներում:

Հայաստանցի փախստականները բացառություն չեն կազմում, եւ այդ երկրների իմիգրացիոն իշխանությունները հիմնականում մերժում են ապաստան տալու հայցերը: Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Արեւմուտքի երկրների կոշտ իմիգրացիոն քաղաքականությունը հայաստանցի ապաստան հայցողների թվի կրճատման հիմնական պատճառն է:

Ըստ Գագիկ Եգանյանի, բացարձակ մեծամասնության դեպքերում ապաստան տալու հայցերը մերժվում են իշխանությունների կողմից, քանի որ փախստականի կարգավիճակ տրվում անձին, եթե նա իր քաղաքացիական պատկանելության երկրում հալածանքների է ենթարկվում: Իսկ Հայաստանը այդ երկրներում զերծ է դիտվում էթնիկական, ազգային եւ կրոնական խտրականությունից: Մինչդեռ հենց դրանք են ապաստան տրամադրելիս հաշվի առնվող ամենաուժեղ փաստարկները:

Այդուհանդերձ, որոշ հայ փախստականների, որոնք պնդում են, թե հալածանքների են ենթարկվում իրենց սեռական կողմնորոշման պատճառով, հաջողվում է ապաստան ստանալ Միացյալ Նահանգներում եւ Հոլանդիայում: Այդ եւ տարբեր այլ դրդապատճառներով իրենց հալածված զգացողների թիվը, ըստ Հոլանդիայում ներկայացված դիմումների կազմում է այս տարի 173 մարդ: Սակայն այս երկրից դեպորտացիայի ենթարկվածների կամ արտաքսվածնեի թիվը եւս փոքր չէ: 2001 թվականին Հոլանդիայից եւ Բելգիայից Հայաստան է վերադարձվել մոտ 1200 մարդ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում նաեւ Հայաստանն է հրապուրել փախստականների աֆրիկյան եւ ասիական որոշ երկրներից: Ըստ Գագիկ Եգանյանի, միայն 6 մարդու է շնորհվել փախստականի կարգավիճակ: Մոտ 100 դիմում էլ մերժվել է: Դիմողները հիմնականում Իրաքից. Աֆղանստանից, Սոմալիից, աֆրիկյան այլ երկրներից են եղել: Հայաստանի իշխանությունները, սակայն, մերժել են նրանց, քանի որ նրանք իրենց երկրները լքել են տնտեսական պատճառներով: Ֆինանսական եւ տեխնիկական խնդիրներ ունենալու հետեւանքով պետությունը չի կարողանաում կազմակերպել նրանց արտաքսումը:


Շաքե Ավոյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG