Մատչելիության հղումներ

Ներկուսակցական խմորումները ԱԺՄ-ում շարունակվում են


Այսօր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) երկու հակադիր թեւերը պիտի գումարեին կուսակցության խորհրդի նիստ: Խորհրդի նիստ գումարեց Վազգեն Մանուկյանին սատարող թեւը, իսկ Վազգեն Մանուկյանին հակադիր թեւն անցկացրեց խորհրդակցություն՝ խորհդի անդամների մասնակցությամբ:

Վազգեն Մանուկյանին ընդդիմադիր թեւը տարաձայնությունների հիմական պատճառը համարում է կուսակցության կանոնադրությունը փոփոխելու առաջարկը: Գործող կանոնադրությամբ կուսակցության, վարչության, խորհրդի, ԱԺ-ում կուսակցությունը ներկայացնող խմբակցության ղեկավարը կարող է նույն անձը լինել: Ըստ Գագիկ Հոնհաննիսյանի, որը ներկայացավ որպես ԱԺԿ կազմակերպական բաժնի վարիչ, իրենք հիմա ուզում են սխալը շտկել, կուսակցության կառավարումը դարձնել կոլեգիալ, տարանջատել ներկուսակցական իշխանությունը, «բարեփոխումներ անցկացնել»:

Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից Աժմ վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւը չընդունեց, որ տարաձայնությունները հիմմականում առաջացել են կուսակցության կանոնադրությունը փոփոխելու առաջարկների պատճառով. «Չհամատեղելուն մենք միանշանակ կողմ ենք: Մենք էլ ենք նույն առաջարկությունը բարձրացրել: Դեմ ենք ԱԺՄ-ի նապագահի պաշտոնը վերացնելուն»:

Որեւէ հանգուցալուծում այսօրվա խորհրդի նիստն ու խորհրդակցությունը ԱԺՄ-ում վերջին ամիսներին տեղի ունեցող խմորումներին չտվին, քանի որ հակադիր թեւերը երկուստեք անօրինական են համարում միմյանց ընդունած որոշումները: Քննարկված հիմնական հարցը համագումարի անցկացում էր, որովհետեւ միայն համագումարը կարող է պարզություն մտցնել կուսակցության ներսում ստեղծված իրավիճակում:

«Իմ խորին համոզմամբ, նրանք չեն ուզում, որ մեկ համագումար տեղի ունենա: Նրանք մեզ տանում են դեպի երկու համագումար, այսինքն իրենց կողմնակիցներն առանձին համագումար անեն, իսկ մենք մեր կողմնակիցներով՝ մերը: Բայց մենք լի ենք վճռականությամբ, որ կուսակցությունը չպետք է պառակտվի, մենք պետք է գնանք մեկ համագումարի», - ասաց Գագիկ Հովհաննիսյանը, ավելացնելով, թե կուսակցության շարքերի 70 տոկոսը իրենց՝ այսինքն, Վազգեն Մանուկյանին ընդդիմադիր թեւի կողմնակիցներն են:

Ալեքսանդր Բուտաեւի խոսքերով, սկզբնական կազմակերպություններում կոնֆերանսներ են անցկացվելու եւ ընտրված պատվիրակները մասնակցելու են համագումարին: «Սեյրան Ավագյանը հնարավորություն ունի ցանկացած կառույցից պատվիրակ ընտրվելու: Շատ հնարավոր է, որ ընտրվի, եթե մինչեւ այդ հեռացված չլինի կուսակցությունից», - ասաց նա, ավելացնելով, որ վարչության այն վեց անդամներից, որոնց լիազորությունները մինչեւ համագումար կասեցված են (Սեյրան Ավագյան, Սեմյոն Բաղդասարյան, Ֆիլարետ Բերիկյան, Միքայել Մելքումյան, Վահրամ Մկրտչյան եւ Ատոմ Սիմոնյան), երկուսին սկզբնական կազմակերպություններն արդեն հեռացրել են կուսակցության շարքերից:

Բոլոր դեպքերում, կուսակցության հետագա ճակատագիրը կարող է ուրվագծվել միայն համագումարում, որի անցկացումը երկու կողմերն էլ ծրագրում են աշնանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG