Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անկախության այս տարիներին «ինքներս էլ չենք նկատել, թե ինչպես ենք դարձել չափից ավելի պրագմատիկ եւ ինչ-որ առումով նաեւ ահավոր հոռետես», - արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Չնկատեցինք, թե ամեն քայլափոխի ինչպես ենք ստիպված լինում անընդհատ շրջանցել մեր իսկ հռչակած սկզբունքները, մոռացության տալ ոչ վաղ անցյալի երազանքները... Արդյունքում ստացվեց, որ վերջին 10-11 տարիների ընթացքում իր լուծումը գտավ Հռչակագրում ամրագրված դրույթների միայն առաջին՝ ժխտական շերտը, որը ամրագրում էր ամբողջատիրական պետությանը բնորոշ կառավարման ձեւից ու իրավական նորմերից հրաժարվելու մեր միասնական կամքը: Այսպիսով, Անկախության հռչակագրից հետո անցած տասնամյակը արձավ արժեքային մի համակարգի ժխտման եւ մյուսին անցնելու երկչոտ ու անհետեւողական փորձերի ծավալման ժամանակաշրջան»:

«Առավոտ» թերթը բացասականորեն առանձնացնում է հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը՝ գնահատելով այն «խարդավանքների ու դավադրությունների քառամյակ»: «Պատահական չէ, որ ահաբեկիչների իրականացրած քաղաքական հեղաշրջումը հատկապես անսահմանափակ դարձրեց այն ուժերի իշխանությունը, որ գալով դրսից՝ չհասկացան այս երկիրն ու ժողովրդին», - ակնարկում է մեկնաբանը: - «Հասցեագրվող մեղադրանքը քրեական կամ իրավական չէ, քաղաքական է»։

«Անընդհատ քաղաքական հարաբերությունները վարկաբեկելով՝ լավ բանի չենք հասնի», - «Հայոց Աշխարհ»-ում այսօր ընդգծում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որի կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ ժողկուսակցությունն ու հանրապետականը վերջին անգամ հանդիպեին եւ պայմանավորվեին, որ բաժանումը լինի քաղաքակիրթ ու պատվաբեր: «Հիմա հասել է պահը, որ առանց ավելորդ զգացմունքների՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ, հստակություն մտցվի եւ հայտարարվի, թե այս դաշինքն այլեւս գոյություն չունի: Ի վերջո, մախաթը պարկում չես պահի, ժողովուրդն ամեն ինչ տեսնում է», - ասում է Տիգրան Թորոսյանը, եւս մեկ անգամ հաստատելով նաեւ, որ արդեն մեկ տարի է Ազգային ժողովում այլ իրական մեծամասնություն գործնականում կա, եւ այդ համագործակցությունը առաջիկայում որեւէ փաստաթղթով պիտի նաեւ արձանագրվի»:

«Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ պետական մարմիններին հրահանգ է տրվել առաջիկա մարդահամարի ժամանակ ապահովել 3,2 մլն բնակչի ցուցանիշ», - հավաստիացնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Նման ցուցանիշ ապահովելու դեպքում իշխանությունները ստանում են մի շարք առավելություններ, մասնավորապես, քաղաքական եւ հոգեբանական առումներով, ստացվող հումանիտար օգնությունների ծավալների տեսակետից»:

«Բնակչության թվի ցուցանիշի արհեստական մեծացումը բացասական ազդեցություն կունենա, թերեւս, միայն մեկ հարցում», - խորացել է «Հայկական ժամանակ»-ը: - «Խնդիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության 113 հոդվածի համաձայն, «Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»: Այս հարցը առօրեական է, քանի որ, ինչպես հայտնի է, իշխանությունները պատրաստվում են հանրաքվեի դնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը»: Թերթի համոզմամբ, «իրենց ծրագրերում իշխանությունները հաշվի են առել նաեւ այս հանգամանքը: Իհարկե, ուռճացված ցուցակները մեծացնելու են անհրաժեշտ կեղծիքների ծավալները, բայց համամասնորեն մեծացնելու են նաեւ կեղծիքների հնարավորությունները: Այս տեսակետից, օրինակ, ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ բնակչության թվի ուռճացումը զգալի առավելություններ է տալու Ռ.Քոչարյանին՝ վերընտրվելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով այն հրապարակումներին, թե նախագահ Քոչարյանի հետ մի հանդիպման ժամանակ սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանը խոշոր ներդրումներ կատարելու պատրաստակամություն է հայտնել՝ վարչապետի իր թեկնածուին նշանակելու պայմանով, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը մասնավորապես ընդգծել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Վաչե Մանուկյանի միջեւ երբեւիցե նման խոսակցություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է այդ կապակցությամբ տարածվող «լուրերին», ապա դրանք պարզապես հերյուրանքներ են»:

«Հայկական ժամանակ»-ում շարունակվում է շեշտադրումը, թե Հայաստանի ներկա ղեկավարները արտաքին հարաբերություններում ապաշնորհ են: Մեկնաբաններից մեկի ընդգծմամբ, օրինակ, «Հայաստանը պետք է օգտագործի այն ակնհայտ փաստը, որ Ադրբեջանն իր հարեւան Թուրքմենստանի ու Իրանի նկատմամբ իրականացնում է կոշտ, անզիջում քաղաքական ուղեգիծ, փորձում է ուժի դիրքից խոսել նրանց հետ եւ տարածքային պահանջներ է ներկայացնում նրանց: Միջազգային կազմակերպություններում եւ միջպետական հարաբերություններում ներկայացնելով Ադրբեջանին՝ որպես միջազգային իրավունքը ոտնահարող պետություն, Հայաստանը պարտավոր է հիշեցնել, որ նա մշտապես նույնպիսի անզիջում ու մեծապետական կեցվածք է ընդունել ԼՂՀ-ի հայերի նկատմամբ»:

«Երկիր» թերթում նույնպես այսօր առանձնացված է, որ Ադրբեջանը տարածաշրջանում ագրեսիվ է գրեթե բոլոր հարեւանների նկատմամբ, «իր ագրեսիվությամբ բախումնային վտանգ է ստեղծում եւ դրանով կարող է հայտվել լիակատար մեկուսացման մեջ»: Տեսաբանի հայացքով, «ագրեսիվ Ադրբեջանը, ոչ մի կերպ չկարողանալով կարգավորել իր հարաբերությունները հարեւանների հետ, միտումնավոր ստեղծում է լարվածության օջախներ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մուտքը Հարավային Կովկաս եւ Կասպիական շրջան ապահովելու համար: Բաքվում կարծում են, որ մեծ բախման դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել նոր հանքահորեր Կասպիականի հարավում եւ հօգուտ իրենց լուծել արցախյան հակամարտությունը: Սին հույսեր՝ ոչ ոք Ադրբեջանի համար համաշխարհային պատերազմ չի հրահրի... Արցախի հարցում Ադրբեջանի ագրեսիվության պահպանումը նրան ոչ մի լավ բան չի խոստանում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG