Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյանը համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրում Բելգրադում





Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը Բելգրադում հանդիպում է ունեցել իր հարավսլավացի գործընկեր Գորան Սվիլանովիչի հետ: Վարդան Օսկանյանը Հայաստանի առաջին արտգործնախարարն է, որ հետխորհրդային շրջանում այցելում է Հարավսլավիա:

Հայաստանի եւ Հարավսլավիայի արտգործնախարարները այսօր ստորագրել են երկու նախարարությունների միջեւ համագործակցության մասին արձանագրություն եւ կրթության, մշակույթի ու սպորտի ոլորնտներում համագործակցության մասին համաձայնագիր:

Բանակցություններից հետո նախարարները լրագրողներին ասել են, որ իրենք քննարկել են երկկողմ համագործակացությունն ամրապնդելուն վերաբերող խնդիրներ: Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանի եւ Հարավսլավիայի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների վերաակտիվացումն է: Ըստ Օսկանյանի, մոտակա ամիսների ընթացքում կստորագրվեն մի քանի նոր համաձայնագրեր:

«Դա հաստատուն իրավական հիմք կհանդիսանա մեր հետագա համագործակցության համար հատկապես տնտեսական, մշակութային եւ գիտական ոլորտներում, որտեղ երկու երկրներն ունեն հսկայական ներուժ», - ասել է Օսկանյանը:

Բելգրադում այսօր կայացած բանակցությունների ընթացքում երկու երկրների արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Բալկաններում եւ Կովկասում: Օսկանյանն ասել է, որ տարածաշրջաններն ունեն նմանություններ: «Երկուսս էլ խիստ հետաքրքրված ենք իմանալու, թե ինչ է կատարվում համապատասխան տարածաշրջաններում, որպեսզի կարողանանք սովորել եւ չկրկնել միմյանց սխալները»:

Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ այցելելու է Կոսովո եւ Մոնտենեգրո՝ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների մասին անմիջական կարծիք կազմելու նպատակով: Իր այցը Հարավսլավիա նա որակել է որպես նոր էջ երկու երկրների հարաբերություններում: Օսկանյանն ասել է, որ Հարավսլավիայի արտգործնախարար Գորան Սվիլանովիչին հրավիրել է Հայաստան:

Այսօր ավելի ուշ Վարդան Օսկանյանը հանդիպելու է Հարավսլավիայի նախագահ Վոյիսլավ Կոշտունիցայի եւ վարչապետ Դրագիշա Պեշիչի հետ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG