Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է համաներում


Այսօր կայացած արտահերթ նիստում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի եւ Արցախի հանրապետության կազմավորման 10-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին որոշում:

Համաներումը տարածվելու է մեծամասամբ թեթեւ հանցագործությունների համար դատապարտվածների վրա: Պատժից, մասնավորապես, կազատվեն մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածները: Զգալի կլինի նրանց քանակը, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Լեռնային
Ղարաբաղի պաշտպանության համար մղված ռազմական գործողությունների մասնակիցներ են կամ հավասարեցված են նրանց:

Համաներումը կտարածվի բռնադատվածի կարգավիճակ ունեցողների եւ նախկինում դիտավորյալ հանցագործության համար ազատազրկման ձեւով չդատապարտվածների վրա, ինչպես նաեւ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամների, կանանց եւ 60 տարին լրացած տղամարդկանց վրա՝ եթե նրանք պարգեւատրվել են ԼՂՀ շքանշաններով: Համաներումը կընդգրկի անզգուշաբար կամ մինչեւ 18 տարին լրանալը հանցանք գործածներին, զոհված ազատամարտիկների հարազատներն ու նրանց ընտանիքների միակ կերակրողներին:

Վերոնշյալ խմբերի մեջ մտնում են մինչեւ 5 տարով ազատազրկման դատապարտվածները:

Համաներման մասին որոշման մեջ նշված են ԼՂՀ քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով դատապարտվածների նկատմամբ այս համաներումը, որը չորրորդն է ԼՂՀ պատմության մեջ, չի կիրառվելու: Պատժից, մասնավորապես, չեն ազատվի մեկ անգամ ներում ստացած եւ կրկին հանցագործություն կատարած անձինք, ժամկետային զինվորական ծառայություն հերթական զինակոչից խուսափածները եւ զորամասն ինքնագլուխ կերպով մեկ ամսից ավելի ժամկետով լքած զինծառայողները:

ԼՂՀ Ազգային ժողովի համաներման մասին որոշումը ենթակա է կատարման մինչեւ 2001 թվականի դեկտեմբերի մեկը:

Համաներումը չի տարածվում ծանր հանցագործություների համար դատապարտվածների վրա, այդ թվում՝ 2000 թվականի մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման եւ իրականացման համար դատապարտվածների վրա:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG