Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ասվում է, թե տնտեսությունը զարգանում է... մինչդեռ շարքային քաղաքացու բարեկեցությունը դրանից չի բարելավվում՝ հակառակ այն կանխատեսումների, թե 2001 թվականը տնտեսության համար բեկումնային տարի է լինելու»: «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի այս հարցադրմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը, մասնավորապես, ասում է. «Դժբախտաբար, որքան էլ այսօր նշանակալից լինի տնտեսության աճը, այն չի կարող անմիջական ազդեցություն ունենալ անխտիր կերպով բոլորի համար: Այնուամենայնիվ, եթե ավելանում են աշխատատեղերը, ապա չէ՞ որ ոմանք դրանից աշխատավարձ են ստանում, եթե ավելանում են զբոսաշրջիկները, չէ՞ որ ինչ-որ մեկը սպասարկում է նրանց, եւ դրա համար նրան վճարում են: Եթե ավելանում է արտահանումը, մի՞թե դրանից մեկ կամ երկու հոգի են շահում: Իհարկե մեկ կամ երկու հոգի ավելի են շահում, բայց նրանցով չի սահմանափակվում: Եթե ավելանում են, օրինակ, սրճարանները, ապա պետք է որ ավելի լինեն դրանցից օգտվողները: Որքան էլ հասարակությունը բեւեռացված լինի, չի՞ կարող, չէ, մարդկանց նույն խումբը ամբողջ օրը վազվզել հետզհետե ավելացող սրճարաններում եւ նրանց ապահովել հաճախորդներով»:

«Շատերն այսօր համոզված են, որ նախընտրական արշավը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է: Գուցե որոշ քաղաքական գործիչներ, հատկապես արմատական ընդդիմությունը, որ վերջերս ակտիվացել է, ունեն նման տրամադրություններ, սակայն ես դա դասական նախընտրական արշավ չէի համարի», - արձագանքում է նախագահի մամուլի քարտուղարը: - «Հավանաբար որոշ քաղաքական գործիչներ հասկացել են, որ ընդհանուր առմամբ դրական մթնոլորտը գալիք ընտրությունների ժամանակ ձեռնտու կլինի գործող նախագահին, իսկ դա իրենց ձեռնտու չէ, դե, նրանք էլ ելք են փնտրում»:

«Ընդհանուր առմամբ, մինչ օրս իշխանական համակարգը այդպես էլ չի երկնել երկրի զարգացման որեւէ իրական ծրագիր: Կառավարությունները, նախարարները փոփոխվում են, սակայն զուտ իրավիճակային կիսատ-պռատ լուծումներից այն կողմ ոչինչ չկա», - Անկախության հռչակագրից հետո մեր պատմությունն է ներկայացնում «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Այս կամ այն պաշտոնին կադրային նշանակումները, իշխանության մարմինների կառուցվածքի փոփոխությունները, օրենսդիր գործունեության մեծ մասը իրականացվում են կլանային շահերի տրամաբանությունից ելնելով, այլ ոչ թե պետականաստեղծ գործընթացի շրջանակներում: Թե ովքեր են գլխավորում տնտեսաքաղաքական կլանային խմբավորումները, այսօր հայտնի է անգամ երեխաներին»:

Սպասում չկա եւ հականախագահական ընդդիմությունից. «Նրանք բոլորն էլ ժամանակին օժտված էին իշխանական լծակներով, որոնք այնուհետեւ կորցրել են: Նրանք բոլորն էլ որեւէ հստակ կառուցողական ծրագիր առաջ չեն քաշում եւ գերխնդիր են համարում իշխանության լծակներին վերստին տիրանալը», - միավորել է մեկնաբանը:

Պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. «Անցել է, սպառվել է այն ժամանակը, երբ կարելի էր լինել ընդդիմություն միայն «ընդդեմ» գաղափարով. նախագահը վատն է, պետք է հեռանա... Այսօր միավորումն իր մեջ պետք է պարունակի «հանուն» գաղափարը, այն է՝ միավորվում ենք, որ ի՞նչ անենք»: Այս համակարգը, այս խաղը, Շավարշ Քոչարյանի հաստատմամբ էլ ձեռնտու է քաղաքական ասպարեզում պտտվողներին, բայց բնավ ո'չ ժողովրդին:

«Աշնանը խորհրդարանական վերադասավորումներ եւ նոր մեծամասնության առաջացում» «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը համարում է անհավանական ու անտեղի, - «Հանգիստ եղեք» խորագրի տակ Ազգային ժողովի մեծամասնության անվրդով ընթացքն է նախանշվում «Հայկական ժամանակ»-ում:

«Ազատվելով իրեն ամբողջովին սպառած, զուտ ձեւականորեն պահպանվող դաշինքից, այսօր էլ ամեն ինչ արվում է մեկ այլ ձեւական կառույցի՝ չեղած դաշինքի մաս կազմող խմբակցության պահպանման ուղղությամբ», - վրդովվել է «Երկիր»-ի մեկնաբանը: - Մինչդեռ «քայքայված դաշինքի պահպանված մնացուկը եւս զերծ չի լինելու ներքին հակասություններից՝ այս անգամ էլ խորհրդարանը չազատելով դաշինքի կեղծ ժառանգորդի անկանխատեսելի խաղերից»:

«Ազգ»-ի մեկնաբանն էլ գրում է. «Հակադիր ուժերը երկուսն էլ ներկայումս մեկ խմբակցության, այն է՝ մեծամասնության մասեր են կազմում, ինչը ոչ այնքան ծիծաղելի է, որքան հղի անկանխատեսելի հետեւանքներով: Ոչ միայն դաշինքը, այլեւ ողջ խորհրդարանը դրա հետեւանքով կարող է կանգնել լուծարման առաջ, առավել եւս, որ ներկայիս ՀԺԿ-ականներն արդեն հասցրել են հայտարարել, որ խորհրդարանը դարձել է ոչ լեգիտիմ օրգան»:

«Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո մեծ տարածում գտավ հետեւյալ վարկածը. Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր պայքարել կոռուպցիայի դեմ, եւ որոշ հանցավոր շրջանակներ, դրանում շահագրգռված չլինելով, կազմակերպեցին այդ ոճրագործությունը»: «Ո՞ւմ ճանապարհին էր կանգնած Վազգեն Սարգսյանը» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթը առաջարկում է մտածել հետեւյալ ուղղությամբ. «Ոճրագործությունից հետո ո՞ր մի խումբն է իրեն ազատ եւ անկաշկանդ զգացել, եւ այսօր, չհանդիպելով որեւէ դիմադրության, իրենով է արել եւ անում է բոլոր շահութաբեր ոլորտները՝ հացահատիկի, բենզինի, մթերքների ներկրումը, ավիաուղիները, բանկային համակարգը: Գուցե հենց ա՞յդ մաֆիայի դեմ էր ցանկանում պայքարել Վազգեն Սարգսյանը: Վերջերս հաճախ է գրվում, որ Հայաստանի քաղաքացիները շվեյցարական բանկերում ունեն 400 միլիոն դոլար: Այդ թիվը հնչեցնողները կզարմանա՞ն, եթե հանկարծ պարզվի, որ այդ գումարի մեծ մասը պատկանում է Հայաստանի հայտնի գավառից եկած «կոնկիստադորներին» եւ նրանց դրածոներին»:

«Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ԵՊՀ իրավաբանական ու տնտեսագիտական ֆակուլտետներ ընդունվում են հիմնականում նախարարների եւ պատգամավորների երեխաները, կրթության եւ գիտության նախարար Էդ. Ղազարյանը ասել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ ֆակուլտետներում նախարարների, դատախազների, պատգամավորների կամ այլ հարուստ բիզնեսմենների երեխաներ չկան»: Անդրադառնալով սրան, «Հայոց Աշխարհ» թերթը ուշադրություն է հրավիրում, որ «Էդուարդ Ղազարյանն ակամայից խոստովանեց՝ իր ընկալմամբ նախարար, դատախազ կամ պատգամավոր լինելն ինքնըստինքյան նշանակում է լավ բիզնես ունենալ»:

Նախարարի նույն հայտարարության հետքերով, «Հայկական ժամանակ»-ը այսօր արդեն ներկայացնում է այս տարի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվածների առայժմ դեռ մի կարճ ցուցակ, ուր նախարարներ Սերժ Սարգսյանի, Ռազմիկ Մարտիրոսյանի, պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Վահան Հովհաննիսյանի, Վրեժ Շահգելդյանի, մի շարք փոխնախարարների, ոստիկանապետերի, դատավորների, նախկին նախարարների զավակների անուններ են: «Իհարկե, ոչ ոք չի կասկածում նաեւ, որ այս երեխաների մեծ մասն իսկապես փայլուն գիտելիքներ ունի: Թե այս եւ թե նախորդ տարի ընդունվածներին շնորհավորում ենք եւ ցանկանում ամենայն բարիք», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - Բայց ինչո՞ւ է գիտության եւ կրթության նախարարը թաքցնում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG