Մատչելիության հղումներ

logo-print

Քոչարյանը հերքում է Ռուսաստանի նախագահի այցի հետաձգման մասին լուրերը




«Պետք չէ կապել Ռուսաստանի նախագահի այցը ինչ-որ ձեռնարկությունների հետ կապված գործարքների հետ: Դրա համար չի գալիս Ռուսաստանի նախագահը պետական այցով», - այսօր լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը, հերքելով ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներում օրերս տարածված լուրերը, թե իբր սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան կարող է հետաձգվել կամ ընդհանրապես չկայանալ, քանզի առայժմ լուծված չեն Ռուսաստանին ունեցած ավելի քան 114 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի հիմնական մասի փոխանցման խնդիրները։

«Մեր երկկողմ տնտեսական հարաբերություններում որոշ լուծումներ են առաջարկվել մեր կողմից, ինչը դրական արձագանք է ստացել ռուսական կողմից, եւ աշխատանքը շարունակվում է: Բայց սա կապել Ռուսաստանի նախագահի այցի հետ ուղղակի սխալ է», - ասաց նախագահ Քոչարյանը:

Ռուս մեկնաբանների համար, մասնավորապես, հիմք էր ծառայել Համաշխարհային բանկի պատասխանատուներից մեկի այն կարծիքը, թե «աշխատող ձեռնարկությունների փոխանցումը ռուսական կողմին պարտքի մարման լավագույն ձեւը չէ ու անարդյունավետ է Հայաստանի համար»։

Այսպես կոչված՝ «գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը, որով նախատեսվում է մի շարք ռազմավարական նշանակության հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասը փոխանցել ռուսական կողմին, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, առաջարկվել է անձամբ իր կողմից:

«Մոտ մեկ տարի է այդ մասին խոսակցություներ են գնում: Տվյալ առաջարկը նաեւ իմ կողմից էր առաջադրվել իմ պաշտոնական այցի ժամանակ Ռուսաստան: Ուղղակի կարեւոր է, որ Ռուսաստանի խոշոր բիզնեսի կողմից հետաքրքրություն լինի այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մենք առաջարկում ենք նման գործարքի համար», - ասաց Հայաստանի նախագահը:

Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի հայաստանյան այցի ժամանակ մոտավորապես ուրվագծվեց այն ձեռնարկությունների շրջանակը, որոնց սեփականության հենքի վրա, ամենայն հավանականությամբ, կվերակառուցվի կամ ընդհանրապես կմարվի Հայաստանի ոչ այնքան մեծ պարտքը։

Առաջարկներից մեկը նախատեսում է եղած պարտքը վերաձեւակերպել իբրեւ ներդրում ու լրիվ կամ մասամբ Ռուսաստանին հանձնել հայաստանյան խոշոր ձեռնարկությունների, մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Մարս», «Օրբիտա» գործարանների, Որոտանի կասկադի բաժնետոմսերի մի մասը։

Նախագահ Քոչարյանը հետեւյալ տեսակետը հայտնեց այս գործարքների հնարավոր ելքի առնչությամբ. «Մի մտածեք, որ բոլորը հերթ են կանգնած եւ ուզում են անպայման մտնել այս գործարքների մեջ: Այդպես չէ: Ուղղակի բիզնեսը ունի իր տրամաբանությունը, հետագա շահութաբերությունը, սպասելիք շահութաբերությունը, լուրջ բանակցությունների արդյունք է»:

Եթե միջազգային ֆինանսական կառույցների կողմից ռուսական պարտքի դիմաց հայաստանյան խոշոր ձեռնարկությունների հանձնումը չի խրախուսվում, սակայն՝ առանձնապես չի էլ առարկվում, ապա, որոշ տեղեկություններով, այդ կառույցները կտրականապես դեմ են պարտքի դիմաց Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի փոխանցմանը։

Իր հուլիսյան այցի ընթացքում Իլյա Կլեբանովը նաեւ հայտարարություն էր արել Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցման միջազգային մրցույթին ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորության մասին։

Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը այսօր տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկվել է Բաշխիչ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովում եւ սկզբունքորեն հնարավոր է համարվել ռուսական ընկերությունների մասնակցությունը:

Նախագահ Քոչարյանը այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովին: Քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին առնչվող հարցեր:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG