Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Տասնմեկ տարի առաջ ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի բնորոշմամբ, Հայաստանի երրորդ հանրապետության ամենամաքուր փաստաթուղթն է եւ հենց իր բյուրեղյա մաքրության պատճառով էլ, թերեւս, նրա վրա առավել շատ է երեւում հետագա խեղումների դաջվածքը:

«Հռչակագրի երեք հիմնարար սկզբունքները գործնականում անճանաչելիորեն վերափոխվել են», - նշում է մեկնաբանը: - «Դրանք էին. Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը անքակտելի քաղաքական ամբողջություն են, պատմական արդարության վերականգնում, միասնական պատմություն, միասնական ազգ, միասնական հեռանկար: Շուտով պաշտոնական Երեւանը դարձավ Ադրբեջանի կազմից Ղարաբաղի դուրս գալու անհնարինության կարծես գլխավոր քարոզիչը, նահանջեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրույթից, ազգը բաժանվեց «յուրային» եւ «օտար» հայերի»: Մեկնաբանի ընդգծմամբ, սակայն, որեւէ այլ փաստաթուղթ Հռչակագրի կենսունակությունը չունի, քանի որ դրանում արձանագրված սկզբունքները ողջ հայ ժողովրդինն են:

Մյուս թերթերում որեւէ անդրադարձ Անկախության հռչակագրին այսօր չկա: Փոխարենը մանրամասն ուշադրություն է սեւեռված մնում ընթացիկ քաղաքական կենցաղին: «Հայկական ժամանակ»-ը շարունակում է փոխանցել հասարակական վերջին հանդիպման ժամանակ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի մտքերից, մասնավորապես՝ ուղղված նախագահ Քոչարյանին. «Չի կարելի նախորդներին փնովելով՝ փորձել համոզել, որ ինքը լավն է: Ինչո՞վ է ինքը նախկին իշխանություններից լավը, ընդհակառակը... ներկա իշխանությունների օրոք հնարավոր չէ երկրի իրավիճակը բարելավող որեւէ քայլ կատարել... եթե Ռ. Քոչարյանին հաջողվի ժամանակից շուտ պաշտոնանկ չլինել եւ հանրապետության նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետը պաշտոնավարել, ապա... մեր հանրապետությունն ապագա չունի»: Արամ Սարգսյանը պնդում է, թե «արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում մեր հանրապետությունը ակնհայտ պարտություններ է կրում»:

Այս հարթությունում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն էլ արմատական դժվարություններ է տեսնում ընդդիմության կյանքում՝ հավաստելով. «Ներկայումս ընդդիմադիր ուժերը չեն կարողանում գտնել դաշինքի ձեւավորման համար անհրաժեշտ արտաքին կողմնորոշման միասնական դաշտ, առանց որի առկայության նրանց պայքարը կզրկվի հաջողության իրական երաշխիքներից: Չեն կարողանում գտնել այն պարզ պատճառով, որ նախկին իշխանությունները ներկայացնող ուժերն ու կազմակերպությունները ունեն արեւմտյան կողմնորոշում, իսկ ներկա իշխանությանը հակադիր բեւեռի ձեւավորման փորձերն ընթանում են ռուսական կողմնորոշման դաշտում»:

Այս առումով «Հայոց Աշխարհ»-ում ձեւակերպված է նաեւ, որ «ներկա իշխանության ոտքերի տակ խիստ նեղացել ու գրեթե քայքայվել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու դաշտը: Վրա է հասնում ընտրության պահը... Ուստի միացյալ ընդդիմության ձեւավորման սպառնալիքը ներկայումս սոսկ Հայաստանում առկա իշխանության հետագա քայլերը ցանկալի ուղղությամբ հունավորելու համար անհրաժեշտ է քաղաքական շանտաժի բաղադրամասը»: Եթե ընդհանուր առմամբ «Հայոց Աշխարհ»-ը շեշտավորել է, թե «իշխանափոխություն իրականացնելու համար վճռական հայտարարություններ անողների թիվը կտրուկ նվազել է», ապա «Առավոտ» թերթը այս շրջանակի լայնացում է ուրվագծում, փոխանցելով, թե Թալինում Աշոտ Մանուչարյանի գլխավորած հանրահավաքի «կազմակերպման ողջ նախապատրաստական աշխատանքներին ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ՀՅԴ տեղական եւ Աշտարակի շրջանային կառույցների ինչպես ղեկավար, այնպես էլ շարքային անդամներ»: Այսպիսով, «ՀՅԴ շարքային անդամների ու ղեկավարության միջը վաղուց սկսված խուլ առճակատումն ավելի ակնհայտ դառնալու միտումներ ունի», - բխեցրել է «Առավոտ»-ը: -«Ընդդիմադիր դաշտում ոմանք հույս ունեն, որ ՀՅԴ-ն՝ շնորհիվ իր շարքերում առկա ազնիվ մարդկանց, շատ շուտով, իրոք, ժողովրդի գիրկը կվերադառնա»:

«Շարունակական պառակտումները մեկ անգամ եւս հաստատեցին, որ իշխանատենչության մոլուցքը քաղաքական շրջանակներում այնքան է արմատացած, որ անտեսում է ցանկացած գաղափարախոսության եւ լիդերի ազդեցությունը», - ընդհանրացրել է այօր «Ազգ»-ի մեկնաբանը քննելով, մասնավորապես, ԱԺՄ-ի ու Վազգեն Մանուկյանի ճակատագիրը:

Կոմկուսում օպորտունիստ պիտակված պատգամավոր Յուրի Մանուկյանը «Առավոտ»-ի հարցազրույցում մատնացույց է անում ներկուսակցական բախումների այսպիսի հիմնարար խթանիչ՝ «պարզապես արդեն սկսվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակում առաջնային տեղեր գրավելու համար պայքարը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG