Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականը հանդիպում է նախագահ Քոչարյանին, քննադատում է հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը




ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Կալիֆորնիայից ընտրված պատգամավոր, Կոնգրեսի հայկական հարցերի խմբի անդամ Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, թե բավական մեծ է իրենց խմբի հանձնառությունը Հայոց ցեղասպանության հարցը Միացյալ Նահանգների Կոնգրեսի ճանաչմանն արժանացնելու հարցում:

Կոնգրեսականը գրեթե համոզված է, որ այս տարի եւս Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը նույնպիսի դիմադրություն է ցույց տալու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության հասցնելու գործում, ինչպես դա եղավ անցյալ տարի: Մյուս կողմից, սակայն, կոնգրեսականը ուզում է հավատալ, որ այս անգամ նախաձեռնությունն անպայմանորեն հաջողությամբ կպսակվի:

Պատասխանելով ընթացիկ ամռանը ստեղծված հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեությանը վերաբերող հարցին, կոնգրեսականը, մասնավորապես, կասկածի տակ առավ հանձնախմբի կազմավորման մեխանիզմը, տեսակետ հայտնելով, թե հայկական կողմի պատվիրակները հազիվ թե լայն շերտերի տեսակետներն են ներկայացնում, ինչի հետեւանքով հանձնախումբը չի կարող վայելել հանրության վստահությունը, եւ հայ ժողովուրդը վերապահությամբ կընդունի հանձնախմբի գործունեությունը:

Ադամ Շիֆին մտահոգում է այն հանգամանքը, որ ցեղասպանության հարցը ընդգրկված չէ հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեության օրակարգում, ինչը, նրա խոսքերով, «անհասկանալի է դարձնում, թե ինչպես է հնարավոր հաջողության հասնել՝ անտեսելով ամենակարեւոր հարցը»:

Հանձնախմբի օրակարգում ցեղասպանության հարցի բացակայությունը կարող է խոչընդոտներ հարուցել Կոնգրեսում ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնելու ճանապարհին, քանի որ խոցելի կլինեն խնդիրը Կոնգրեսին ներկայացնելու հիմքերը: Եթե հայ եւ թուրք ժողովուրդները քննարկումներ են անցկացնում՝ օրակարգում չունենալով այդ հարցը, ապա առավել կդժվարանա այն կոնգրեսի քննարկման առարկա դարձնելը: Չնսեմացնելով մասնավոր անձանց մակարդակով հայ-թուրքական երկխոսության նշանակությունը, Ադամ Շիֆը, այդուհանդերձ, խիստ կարեւոր է համարում հայ-թուրքական երկխոսությունը պետական մակարդակով:

Ադամ Շիֆի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ամերիկյան օրենսդիր մարմնի ներկայացուցչի խնդրանքով Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա ընթացքը, ինչպես նաեւ իր տեսակետը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի վերաբերյալ:

Պաշտպանելով երկխոսության գաղափարը, Ռոբերտ Քոչարյանը միեւնույն ժամանակ ասել է. «Հաշվի առնելով, որ սա շատ նուրբ եւ զգայուն խնդիր է, ցանկալի է, որ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը քննարկվեն կա'մ պետական մակարդակով, որից Հայաստանը երբեւէ չի խուսափել, կա'մ քաղաքական ուժերի հնարավորինս լայն ընդգրկմամբ եւ համաձայնեցված քայլերով»:

Ադամ Շիֆի գլխավորած պատվիրակութունն այսօր հանդիպումներ է ունեցել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության հարցերը: Ադամ Շիֆի խոսքերով, հանդիպումների ժամանակ ամբողջացած տեղեկատվությունն իրեն կօգնի առավել արդյունավետությամբ այդ խնդիրները ներկայացնել Կոնգրեսում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG