Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը լավատես է Ղարաբաղում խաղաղության հաստատման հեռանկարների առումով


«Ղարաբաղյան բանակցությունները չեն ձախողվել եւ փակուղի չեն մտել», - չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հայտարարեց Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը: Այս շաբաթվա վերջին Ջոնսը ժամանելու է Հարավային Կովկաս:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Ջոնսն ասաց. -«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններում հսկայական առաջընթաց էր ձեռք բերվել նաեւ Քի Ուեսթում: Այն, որ վերջնական համաձայնագիր չկնքվեց, ցավալի է, բայց դա ճանապարհի վերջը չէ. հիմա էլ է հսկայական աշխատանք կատարվում: Երկու առաջնորդները հանդիպել են Սոչիում եւ նրանք կրկին կհանդիպեն»:

Սակայն, երբ Էլիզաբեթ Ջոնսը հույս հայտնեց, թե Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններն ի վերջո հաջողությամբ կպսակվեն, ադրբեջանցի մի լրագրող շատ կոնկրետ հարց ուղղեց՝ «Ե՞րբ: Չէ՞ որ ամերիկացի պաշտոնյաները հայտարարում էին, թե հնարավոր է համաձայնության հասնել մինչեւ տարեվերջ: Դուք շարունակում եք մնալ լավատե՞ս»:

«Ես շատ լավատես եմ: Ինչ մնում է ժամկետներին, ես ձեռնպահ կմնամ գուշակություններից», - պատասխանեց պետքարտուղարի օգնականը:

Էլիզաբեթ Ջոնսը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հետ Վիեննայում, որտեղ կխոսվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի քննարկումներում ձեռք բերված առաջընթացի մասին: Ըստ նրա, ԱՄՆը գոհ է այն համագործակցությունից եւ կոլեգիալությունից, որն առկա է Մինսկի խմբում: Ֆրանսիայի նախագահ Շիրակի եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի աջակցությունը բանակցություններին խիստ կարեւոր էր ու օգտակար, եւ «մենք բոլորս հուսով ենք, որ բանակցությունները կպսակվեն բոլորիս կողմից սպասված հաջողությամբ», - ասաց նա:

Իհարկե, միայն ղարաբաղյան հարցը չի լինելու Էլիզաբեթ Ջոնսի առաջիկա ուղեւորության ընթացքում ծրագրված քննարկումների գլխավոր թեման: Այսօր նա մեկնում է Կիեւ, որտեղ կմնա երկու օր եւ օգոստոսի 24-ին սենատոր Ռիչարդ Լուգարի հետ կմասնակցի Ուկրաինայի անկախության 10-ամյակի տոնակատարություններին: Այնուհետեւ Թբիլիսիում, Երեւանում եւ Բաքվում ամերիկացի դիվանագետը հանդիպելու է երեք երկրների նախագահների հետ:

Էլիզաբեթ Ջոնսը տարածաշրջանին լավ ծանոթ է, քանի որ դեռ անցած տարի պետքարտուղարի խորհրդականն էր կասպյան հարցերով, իսկ դրանից առաջ նա Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղազախստանում:

Հայաստանում, սակայն, նա երբեք չի եղել, ուստի նրա այս այցը ճանաչողական բնույթի է: «Իմ ուղեւորության գլխավոր նպատակն է ծանոթանալ տարածաշրջանի առաջնորդների հետ, այն մարդկանց հետ, ովքեր կարծիք են ձեւավորում», - ասաց Էլիզաբեթ Ջոնսը:

Կարեւորագույն հարցերից է լինելու, անշուշտ, խողովակաշարերի կառուցումը: Եվ խոսքը ոչ միայն Բաքու - Ջեյհան նավթատարի մասին է, չնայած հայտնի է, որ թեեւ նավթային ընկերությունները վերապահումով են վերաբերում այս ծրագրին, ամերիկյան կառավարությունը խիստ շահագրգիռ է այս հարցում: Էլիզաբեթ Ջոնսը հայտնեց, որ «շատ շուտով կբացվի Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը»:

Եթե Բաքու - Թբիլիսի - Ջեյհանն անցնում է, այսպես ասած, ներքեւով, ապա Կասպյան կոնսորցիումի կառուցած նավթատարը շրջանցում է Կասպից ծովը վերեւով եւ ղազախական Թենգիզ հանքավայրի նավթը հասցնում է Նովոռոսիյսկ: «Ի վերջո, սա ռուս-ամերիկյան խոշորագույն համատեղ ծրագիրն է տարածաշրջանում», - շեշտեց Էլիզաբեթ Ջոնսը:


Հրայր Թամրազյան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG