Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ե'վ իշխանության, եւ' ընդդիմության առավել խոցելի տեղերից մեկը այսօր համախոհների թիմերի բացակայությունն է», - շեշտադրում է «Հայոց Աշխարհ» թերթը: - Մինչդեռ «շատ ու շատ խնդիրներ պարզապես անհնար է լուծել, աշխատելով ոչ թիմային ռեժիմով»:

«Հայոց Աշխարհ»-ի պատկերմամբ, «այսօրվա դրությամբ մենք դիտարկում ենք մի մեծ, ամորֆ գոյացություն՝ «իշխանություն» անվանումով, ուր գործում են մի քանի խմբեր՝ իրենց առաջնորդներով ու սեփական շահերով: Սակայն ընդհանուր շահերի առկայությունը բիզնեսում կամ հայրենակցական սկզբունքների պահպանումը քաղաքականության մեջ, դեռեւս թիմային խաղ չէ», - պարզեցնում է խմբագրականը: - «Քանի դեռ չկա հստակ նպատակ, քաղաքականության մեջ կշարունակեն գործել ոչ թե թիմեր, այլ թայֆաներ: Ապարատային խաղերը չի' կարելի շփոթել թիմային խաղի հետ»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, «պաթոլոգիայի հասնող հավակնությունները հայրենի ընդդիմության առաջնորդների մոտ սկզբունքորեն անհնարին են դարձնում որեւիցե թիմի կազմավորումը»: Նույնիսկ՝ երբ գիտակցում են, որ նախագահական ընտրություններում հաղթելու համար ունեն մեկ ճանապարհ՝ «իշխանական բեւեռին եւ նրա միացյալ թեկնածուին հակադրել սեփական միացյալ բեւեռը եւ միացյալ թեկնածուին»: Այս դաշտում, թերթի մեկնաբանի հայացքով, «հհշականները որոշել են հրապարակ մտնել սեփական խաղաքարտով... ՀՀՇ-ն կփորձի Քոչարյանին հակադրել ոչ թե սեփական անձի մոլուցքով տառապող քարթու կամ խակ գործիչների, այլ կաշխատի որպես այլընտրանք ներկայացնել սեփական թեկնածուին: Դատելով վերջին շրջանի մի շարք գործընթացներից, այդ թեկնածում կարող է լինել նախկին վարչապետ եւ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը», - փոխանցում է մեկնաբանը:

Երեկ տարբեր համայնքներում հանդիպում-հանրահավաքներ ունեին Արամ Սարգսյանը, Աշոտ Մանուչարյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս բացառել է ՀՀՇ-ի հետ դաշինք, նշելով, որ, «նման լուրեր տարածողները կրկնում են 98-ի սցենարը, երբ նմանատիպ լուրերով փորձ էր արվում վարկաբեկել Կարեն Դեմիրճյանին» («Առավոտ»): Աշոտ Մանուչարյանը Թալինում հայտարարել է, թե «սեպտեմբերին կձեւավորվի ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինք» («Հայկական ժամանակ»): Այդտեղ կայացած հանրահավաքի բոլոր ելույթների կորիզը եղել է նախագահի հրաժարականի պահանջը:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, թե «բացվում է կուսակցության երկրորդ շնչառությունը, եւ կուսակցության ղեկավարությունը պատրաստ է իրավիճակից բխող քայլերի»:

«Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով էլ, սակայն, ՀԺԿ-ն էլ, ինչպեսեւ կոմկուսը, արդեն անհեռանկար կուսակցություն է, եւ դա «անդունդի եզրին կոխի բռնվելու» հետեւանքն է: «Կուսակցություններն այնքան են տարվել «դիմություն»-ընդդիմություն դառնալու խաղերով, որ գրեթե լիովին մոռացել են իրենց գաղափարական կողմնորոշումները», - արձանագրում է մեկնաբանը:

Հայաստանում կան, իհարկե, եւ առաջադիմողներ: «Ազգ» թերթում գրանցվում է. «Միկա Արմենիա» ընկերության կողմից «Հայխնայբանկի» ձեռքբերմամբ «ուրվագծվում է եւս մեկ, ընդ որում բավականին ազդեցիկ ու խոշոր, ֆինանսաարդյունաբերական խումբ, իսկ հանձին «Միկա Արմենիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովի, հայաստանյան օլիգարխների թիվը ավելանում է եւս մեկով»:

«Միջանցքի սիրունները». այսպես է վերնագրված Վանո Սիրադեղյանի նոր պատմվածքը, որ ներկայացնում է «Հայկական ժամանակ»-ը: Այն գրվել է 2000-2001 թվականներին, բայց քսան-երեսուն տարի առաջվանների մասին է, որոնցից ծնվել են այսօրվանները:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG