Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի անկախ պետականության տասներորդ տարեդարձի շեմին «Առավոտ» թերթը անդրադառնում է. «Մեր այդ տոնը միանգամայն կարող էր եւ չլինել, եթե դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանում տեղի ունեցած օգոստոսյան խռովությունը հաջողությամբ պսակվեր»: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ մեր ժողովրդի գերակշիռ մասը չի ցանկանում, որ «Հայաստանը բռնի կերպով վերադառնա «ԽՍՀՄ բարեկամական ժողովուրդների ընտանիք»՝ «ջերմորեն սիրված կոմունիստական կուսակցության» գիրկը», - նշում է «Առավոտ»-ը՝ - «չնայած համատարած աղքատությանն ու իշխանության համընդհանուր կոռումպացվածությանը»: Միեւնույն ժամանակ «Առավոտ»-ում զուգադրված է, թե Հայաստանում 98-ին պուտչը հաջողությամբ իրականացվեց, «մեր «գեկաչեպիստներին» օժտեց ամենաբարձր եւ միահեծան իշխանությամբ, որից նրանք, ըստ ամենայնի, դեռ երկար կօգտվեն»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում վերհիշելով խորհրդային կայսրության փլուզման հատվածը, Վազգեն Մանուկյանը, որն այն ժամանակ Հայաստանի վարչապետն էր, առանձնացնում է. «Այդ երեք օրերի ընթացքում կործանվող կայսրության փլատակների տակ մնալու վտանգը շատ իրական էր: Դա էր Հայաստանի այդ օրվա ղեկավարության մտահոգությունը: Դրանով էլ պայմանավորված էին մեր քայլերը՝ երբեմն ճիշտ, երբեմն՝ սխալ»:

Ինչ վերաբերում է կոմունիստական կուսակցությանը, այն այսօր էլ լրատվամիջոցների ուշադրության մի էական բաժին է գրավում, բայց՝ միանգամայն ուրիշ մակարդակում: «Առավոտի մեկնաբանը խտացրել է. «Այս օրերին բազմաթիվ կուսակցություններ պառակտվեցին՝ ըստ իշխանության նկատմամբ իրենց դիրքորոշման։ Բայց որեւէ այլ կուսակցությունում միմյանց մասին նման բառապաշարով հրապարակավ չարտահայտվեցին՝ բացի Կոմկուսից»։

Հայկոմկուսի թեւերից միմյանց հասցեին թռչող թունդ որակումների հետքերով, «Հայկական ժամանակ»-ն էլ գրում է. «Օգոստոսի 17-ին ՀԿԿ պաշտոնաթերթ «Կոմունիստ»-ում տպագրված էր ՀԿԿ առաջին քարտուղար ընկեր Վլադիմիր Դարբինյանի հարցազրույցը Նորիկ Պետրոսյանի հետ: Այդ հարցազրույցը կարդացողները պարզապես ապշել էին, թե ինչպես կարող էր միշտ զուսպ Դարբինյանը նման սեռապաթոլոգիկ գնահատականներով ու փողոցային լեքսիկոնով հարցազրույց տալ: Մեր հարցին ի պատասխան, ընկեր Դարբինյանն ասաց, որ այդ հարցազրույցից ցիտատներ չանենք, քանզի այնտեղ բերված խոսքերն իրեն չեն պատկանում, եւ ինքը նման բաներ չի ասել»:

Ի՞նչն է պատճառը, որ հակադրությունը հասավ այսպիսի սրության: Կոմկուսի խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռացված Հրանտ Ոսկանյանը խորքը «Հայոց Աշխարհ»-ում ներկայացնում է այսպես. «Օբյեկտիվ իրականությունն այն է, որ ժողովրդի սոցիալական կացությունը իսկապես անասելի ծանր է, եւ մարդիկ իրավիճակի արագ փոփոխություն են ակնկալում: Բնականաբար, այդ ակնկալիքները դրսեւորվում են կուսակցությունների նկատմամբ պահանջների ձեւով, ինչն իր հերթին հանգեցնում է բեւեռացման կուսակցությունների ներսում: Ստացվում է այնպես, որ կուսակցական վերնախավերի մի մասը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է էվոլյուցիոն զարգացումների, կացությունը քայլ առ քայլ բարելավելու ճանապարհով: Մյուս մասը հանդես է գալիս հեղափոխական ջարդուփշուրի, անհապաղ իշխանափոխության եւ այլ լոզունգներով... Հեղափոխական իրավիճակի նախադրյալներ Հայաստանում ձեւավորված չեն եւ անընդունելի եմ համարում այդպիսի արհեստական կացության ստեղծումը»:

Ամառային այս անցումում, «Իրավունք»-ի մեկնաբանի նկարագրությամբ, «քաղաքական գործունեության ասպարեզում ամեն ինչ տեղափոխվել է ստվերային բանակցությունների եւ «սողացող» նշանակումների ու պարգեւատրումների հարթություն... «Վերեւներում» շարունակվում է նախագահի դիրքերի ամրապնդման գործընթացը... Այժմ էլ դասային աստիճանների եւ զինվորական կոչումների բարձրացումները կամրապնդեն նախագահի դիրքերը իրավապահ ոլորտում եւ բանակում»:

Ըստ «Իրավունք»-ի, «քաղաքական միջավայրում ավելի ու ավելի բացահայտ է խոսվում Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան հակասությունների մասին, սակայն վերջիններիս բացահայտ առճակատում հավանաբար տեղի չի ունենա», քանի որ կա «Հոկտեմբերի 27»-ի գործոնը: Մինչդեռ հականախագահական ուժերի ճամբարում տարաձայնությունների ծավալումը ավելի հավանական է համարվում: «Իրավունք»-ի շեշտադրմամբ, «Հանրապետություն» կուսակցությունում, ինչպես նաեւ ՀՀՇ-ի վանոյական թեւում բնավ ոգեւորված չեն Արտաշես Գեղամյանին իրենց շարժման առաջնորդի դերում տեսնելու հեռանկարով:

«Գոլոս Արմենիի» թերթի մատուցմամբ՝ «հակաքոչարյանական դաշինքի մղված կուսակցությունները տեղում դոփում են, գուցեեւ կնահանջեն, քանի որ Աշոտ Մանուչարյանից անջրպետվելու խնդիրն է լրջորեն ծառացել: Դեռեւս հունիսի սկզբին վերջինս հանրահավաքում հայտարարեց, թե երկու ամսից ինքը կհրապարակի ընդդիմության՝ հանրապետության նախագահի միասնական թեկնածուի անունը: «Ինչո՞ւ այդ միասնական ընդդիմադիր քաղաքական ուժը չի կայանում, կամ ո՞րն է բանակցությունների հիմնական առարկան, որի շուրջ մինչ օրս չի հաջողվում գալ ընդհանուր հայտարարի»:

Այս հարցերի պատասխանն է փորձում գտնել նաեւ «Հայկական ժամանակ»- մեկնաբանը: Նրա հետ զրուցում Աշոտ Մանուչարյանը չի ցանկացել հստակեցնել, թե երբ համաձայնության կգան ընդդիմադիր ուժերը, եւ առայժմ ակնարկում է, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի որեւէ կոպիտ սխալը դա արագացնի:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներով է այսօր բացվում «Ազգ» թերթը: Այդ շարքում գրող Պերճ Զեյթունցյանը, մասնավորապես, Վեհափառ հայրապետին մաղթում է «այնպիսի անդուլ, հայանվեր գործունեություն, որ Սուրբ Էջմիածինը Քրիստոսի պատվիրանները կարողանա հասցնել ամեն մի հայի, մեր երկրում հաստատել բարոյականության դիկտատուրա, միակ դիկտատուրան, որի լուծը քաղցր է ու երանելի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG