Մատչելիության հղումներ

Բրազիլիան դեսպանատուն կբացի Երեւանում


Ազգային Ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանն այսօր ընդունեց Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Էնրիկե Կարդոզոյի հանձնարարությամբ Հայաստան ժամանած բրազիլահայ գործարարների պատվիրակությանը:

Ինչպես հանդիպման ընթացքում շեշտեց պատվիրակության ղեկավար Վարուժան Բուրմայանը, իրենց առաքելության նպատակներից է առաջիկայում Բրազիլիայի դեսպանատան բացումը Հայաստանում, ինչը կնպաստի երկու երկրների միջեւ թե' քաղաքական եւ թե' առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը:

Ազգային ժողովի փոխխոսնակը ընդգծեց, որ բրազիլահայ գործարարները կարող են հիանալի կամուրջ դառնալ երկու երկրների միջեւ՝ կատարելով առաջին ներդրումների Հայաստանում, ինչը կարող է առիթ դառնալ, որ բրազիլացիներն էլ հետաքրքրվեն մեր երկրով եւ մտածեն իրենց կապիտալն այնտեղ ներդնելու մասին:

Երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն առաժմ շատ փոքր ծավալներ ունի եւ իրականացվում է հիմնականում միջնորդավորված՝ երրորդ երկրների միջոցով:

Բրազիլահայ մոտ 30 հազարանոց համայնքի ներկայացուցիչները լուրջ դերակատարություն ունեն երկրի քաղաքական կյանքում: Հայազգի բրազիլացիները ներկայացված են երկրի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանություններում:

Վաղը ծրագրված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Իսկ չորեքշաբթի օրը պատվիրակության անդամներին կընդունի Հայաստանի նախագահի Ռոբերտ Քոչարյանը, որին պատվիրակության ղեկավարը կհանձնի Բրազիլիայի նախագահի պաշտոնական հրավերի նամակը:

Ազգային ժողովի փոխնախագահը այսօր ընդունեց նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ խոսվել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Գերմանացի պատվիրակների հարցադրումները վկայել են, որ նրանք վիճակը պատկերացնում են որպես կրոնական հողի վրա առաջացած հակամարտություն: Գագիկ Ասլանյանը հյուրերին պարզաբանել է հարցի էությունը: «Փաստեցինք, միաժամանակ նաեւ, որ ընդգծված մոտեցում կա հարցի վերաբերյալ Թուրքիայի կառավարության կողմից, մասնավորապես, Հայաստանի շրջափակումը», - «Ազատություն» ռադիոկայանին հանդիպումից հետո ասաց Գագիկ Ասլանյանը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող շրջափակմանը եւ տարածաշրջանային քաղաքականությանը, Բունդեստագի պատվիրակության անդամ Էրվին Մարշեւսկին հանդիպման ժամանակ ասել է. - «Մենք իսկապես պետք է փորձենք ազդել Թուրքիայի վրա, չի կարելի սահմանները փակել... Հարեւանների հետ հարաբերությունները պիտի փորձեք տեղում կարգավորել: Մենք կօգնենք, բայց դուք պիտի միասին աշխատեք»:

Պատվիրակության անդամների խնդրանքով, Գագիկ Ասլանյանը հյուրերին պարզաբանել է Հայաստանի տնտեսական զարգացման գերակայությունները, օրենսդարական դաշտի առանձնահատկությունները:

Ինչպես ասաց Գագիկ Ասլանյանը, Գերմանայի հետաքրքրութունը այս տարածաշրջանի նկատմամբ վերջերս մեծացել է: Նրանց հատկապես հետաքրքրում են տարածաշրջանային նշանակության ծրագրերը, տնտեսական համագործակցության հնարավորությունները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Պատվիրակությունն արդեն եղել է Վրաստանում եւ Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG