Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը աճում է


Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական արդյունքները: Հայաստանի արտաքին պարտքը, ըստ ծառայության հրապարակած տվյալների, կազմում է շուրջ 865 միլիոն դոլար։

Պետական բյուջեի ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ միջոցների մեծ մասը հատկացնում են Համաշխարհային բանկը եւ դոնոր երկրները։ Դատելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան փորձագետների գնահատականներից, առաջիկա տարիներին եւս այդ սցենարը չի խախտվի, ու երկրի արտաքին պարտքը կշարունակի աճել նույն տրամաբանությամբ։

Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրվող հարյուր միլիոնավոր դոլարները նվիրատվություններ չեն, այլ գրեթե անտոկոս փոխառություններ են, որոնք, սակայն, ժամկետը լրանալուց հետո պետք է վերադարձնել:

Իսկ գումար տվող կառույցների համար բոլորովին էլ միեւնույնը չէ՝ թե դրանք ինչպես են ծախսում վարկառու կառավարությունները՝ ներդնում են հաստատված ծրագրերի մեջ թե, պարզապես, գողանում են։ Հայաստանում կոռուպցիան այն աստիճանի է արմատացած, որ խոսում են հակակոռուպցիոն հատուկ ծրագիր մշակելու եւ իրականացնելու անհրաժեշտության մասին: Անհասկանալի է, սակայն, թե ինչպես կարող է կոռումպացված պաշտոնյան պայքարել կոռուպցիայի դեմ։

Վատթարագույն դեպքում երկիրը կարող է հասնել մի վիճակի, երբ անհնար կլինի վերադարձնել պարտքը: Նման վիճակում են այժմ շատ ու շատ ասիական ու աֆրիկյան երկրներ։ Հիվանդ ու անուժ տնտեսություններ ունեցող այդ երկրները հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ, ու դրանցից որեւէ բան պահանջելը պարզապես անիմաստ է։

Միջազգային ֆինանսական կառույցները դիտարկում են այդ երկրների պարտքերը չեղյալ համարելու տարբերակը։ ԱՊՀ որոշ երկրներ եւս հույսեր են փայփայում գնալ այդ ճանապարհով։ Հայաստանի վերաբերյալ առայժմ նման խոսակցություններ չեն տարվում, թեեւ որոշ փորձագետներ մեր արտաքին պարտքի աճի մեջ արդեն որոշակի մտահոգիչ միտումներ են տեսնում։

Տարբեր դոնորների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչեւ 2004 թվականը Հայաստանի արտաքին պարտքը յուրաքանչյուր տարի աճելու է 250-300 միլիոն դոլարով։ Համաշխարհային բանկի փորձագետները մինչեւ 2010 թվականն ընկած տարիների համար երկու սցենար են նախանշում: Մեկը լավատեսական է, իսկ մյուսը՝ իրատեսական։

Առաջին սցենարի համաձայն, մինչեւ 2010 թվականը երկրի արտաքին պարտքը կհասնի 1 միլիարդ 200 միլիոն դոլարի. պարտքի այդ գումարը, ըստ փորձագետների, բյուջեի համար տանելի կլինի, եթե տնտեսական աճի ներկայիս տեմպերը արագանան, ու, միաժամանակ, կտրուկ աճեն թե' ներդրումները եւ թե' արտահանման ծավալները։ Այս սցենարի դեպքում, պետության եկամուտների կտրուկ աճին զուգահեռ արտաքին պարտքի սպասարկման գումարը ներկայիս 22 տոկսից կիջնի 8 տոկոսի։

Իրատեսական սցենարի համաձայն, երբ լավագույն դեպքում տնտեսական աճի ներկայիս մակարդակը, այսինքն՝ տարեկան միջինը 5-6 տոկոս, պահպանվի, արտահանումը կաճի ավելի դանդաղ, պետական բյուջեից արտաքին պարտքի սպասարկման վրա կծախսվի արտահանումից ստացվող եկամուտների առնվազն քառորդ մասը։

Այս պարագայում, թերեւս, արտաքին պարտքը զիջելու կամ դուրս գրելու մտայնությունները ավելի իրական դառնան։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG