Մատչելիության հղումներ



Այսօր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հանդիսավոր շքերթով, թատերականացված հանդիսություններով եւ հրավառությամբ բացվեցին Երկրորդ Համահայկական խաղերը:

Աշխարհի 93 քաղաքներից եկած հայազգի մասնակիցներին իր օրհնությունն հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ իր խոսքն ավարտելով միասնական աղոթքով:

Խաղերի մասնակիցներին եւ բազմաթիվ հյուրերին ողջունեց նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ բացված հայտարարելով Երկրորդ Համահայկական խաղերը:

Ավելի վաղ խաղերի բացումը սկսվել էր Գառնիի հեթանոսական տաճարից: Այնտեղից վառված կրակը մոտոցիկլետավորների պատվո շքախմբի ուղեկցությամբ քառասուն մարզիկներ հասցրել էին Երեւան՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաղերի համակարգող Մարտին Ուլիխանյանը, ընդհանուր առմամբ Երկրորդ Համահայկական խաղերի մասնակիցների թիվը, առաջինի համեմատությամբ, կրկնապատկվել է, տասով ավելացել են մասնակցող քաղաքները: Ավելացել է նաեւ մարզաձեւերի թիվը: Նախորդ խաղերի 7 մարզաձեւերին կավելանան եւս երկուսը: Մարզիկները կմրցեն հետեւյալ մարզաձեւերում. ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, թենիս, սեղանի թենիս, թեթեւ ատլետիկա, շախմատ, բասկետբոլ եւ վոլեյբոլ:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG