Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտահոգություն է հայտնում Հռոմի պապի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ




Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը, Բաքվում հանդիպելով Կովկասում Վատիկանի ներկայացուցչին, իր բողոքն է հայտնել Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ:

«Սուրբ հովվապետի այցը Հայաստան, որը հակամարտության կողմերից մեկն է եւ որին, ընդհանուր առմամբ, վերաբերվում են որպես զավթչի, միանգամայն չի ընկալվում Ադրբեջանում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, այցելելով արքեպիսկոպոս Պյոտր Զուբրիգենին: Վելիյաթ Գուլիեւն ասել է, թե իր երկիրը «ավելի շատ կարիք ունի կարեկցանքի, ուշադրության եւ բարոյական աջակցության», քան հարեւան Հայաստանը:

Հայաստանում Հովհաննես Պողոս Երկրորդ պապը կլինի սեպտեմբերի 25-ին, ուր նրան կհյուրընկալի Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հռոմի պապը հանդիպում կունենա նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայաստանում Հովհաննես Պողոս Երկրորդ պապը կմասնակցի քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստան կգա Ղազախստանից, ուր այցելելու է սեպտեմբերի 22-ին:

Հռոմի պապի պատվիրակը Կովկասում Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւին ասել է, որ հովվապետի այցը Ադրբեջան ապագայում «օրակարգում է եւ անպայման կկայանա»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG