Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ըստ հավաստի տեղեկությունների, «Օրինաց երկիրը» տեղական կառույցներին հրահանգել է ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար երկուական թեկնածուներ առաջադրել, - հայտնում է «Առավոտ»-ը՝ եզրակացնելով. - «Դա, թերեւս, նշանակում է, որ «Օրինաց երկիրը» արտահերթ ընտրությունների հոտ է առել»:

«Առավոտ»-ի դիտարկումներով, «ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր միավորման գործընթացը հանկարծ պասիվացել ու դանդաղել է... Դրան իր դիրքորոշմամբ հիմնականում, մեղմ ասած, նպաստում է ՀԺԿ-ն, որը նախընտրում է ընդդիմադիր՝ «Հանրապետություն» կուսակցություն, Ազգային համաձայնության ճակատ, Կոմկուս, «Ազգային միաբանություն» ուժերի ալյանսի ձեւավորման մասին հապշտապ հայտարարություններ չանել», - գրում է թերթը, փոխանցելով որոշ դիտորդների կարծիքը: - «Դրա ձգձգումը հիմք է տալիս կարծելու, որ իրականում ընդդիմադիր ալյանսի ձեւավորումն ընդհանրապես կարող է հօդս ցնդել: Այդ դեպքում թեժ աշնան մասին խոսք լինել, իհարկե, չի կարող: Ցավոք, այսօր դրա նախապայմաններն առկա են»:

«Առավոտ»-ի մեկնաբանի գնահատմամբ, «այսօր ընդդիմության դաշտում հայտնված ուժերից ոչ մեկը մինչ այս ընդդիմադիր դաշտում գործելու փորձառություն չունի եւ, թերեւս, չի էլ պատկերացնում ընդդիմադիր ուժերի գործառույթները»:

«Այն, ինչի մասին գրում ենք, միայն պայմանականորեն կարելի է համարել պետական գաղտնիք, թեկուզ այն պատճառով, որ... այդ հանգստավայրում բոլորն են մատնացույց անում Կենտրոնական բանկի պահուստային մասնաշենքը», - հրապարակում է «Հայկական ժամանակ»-ը: - «1997 թվականին Կենտրոնական բանկի ղեկավարությունը հանդես եկավ ԿԲ պահուստային մասնաշենք կառուցելու նախաձեռնությանբ: Նպատակը արտակարգ իրավիճակներում բանկային համակարգի անխափան գործունեության ապահովումն էր», - գրում է թերթը, շարունակելով՝ «այսօր, պետական հսկայական միջոցների ծախսման արդյունքում X բնակավայրում, գեղատեսիլ բնության գրկում վեր է խոյանում ԿԲ-ի պահուստային հոյակերտ շենքը, որի... մի քանի հարկաբաժիններում տեղավորված են 35 հյուրանոցային բարձրակարգ համարներ...»: «Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ, «գաղտնիության քողի տակ իշխանությունը իր համար ստեղծում է հարկատուների միջոցները մսխելու, անձնական վայելքներին ծառայեցնելու հարմարություններ»:

«Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հրապարակած տվյալներով, «անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, այս տարվա առաջին կիսամյակում բանակում կատարված հանցագործությունները մեկ-երրորդով կրճատվել են: 2000 թ. առաջին կիսամյակում հարուցվել էր 978 քրեական գործ, 2001 թվականի առաջին կիսամյակում` 665: Նույն ժամանակահատվածում անցյալ տարի բանակում 49 մահվան դեպք է եղել, այս տարի՝ 40: Թերթը նշում է, որ այս տվյալներում ընդգրկված չեն հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը:

Օգոստոսի 17-ին հրավիրված գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի մասին «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Նիստի արդյունքները լուսաբանելու համար հրավիրվել էին միայն երկու լրատվամիջոց՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը եւ պետբյուջեից ֆինանսավորվող Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիրը: Ադյունքում հանրությունը զրկվել է Սահմանադրության 24-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից՝ ստանալ բազմակողմանի լրատվություն»:

«Մեզ հայտնի դարձավ, որ շուտով Միխայիլ Բաղդասարովը կդառնա «Հայխնայբանկի» սեփականատերերից մեկը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը, բանկային ոլորտից հայտնելով եւս մի տեղեկություն. - «Յունիբանկը», ըստ լավատեղյակ աղբյուրների, պատկանում է Հրայր Հովնանյանին: Ուշագրավ է, որ բանկի ընթացիկ աշխատանքը ղեկավարելու է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը»:

«Եթե պետական ձեռնարկությունների եւ հիմնարկների քանակը անշեղորեն կրճատվում է, ապա զուգահեռաբար, այդպիսի հետեւողականությամբ եւ հարաբերակցությամբ պետք է կրճատվեն եւ համապատասխան նախարարությունների կառուցվածքն ու գործառույթները՝ ընդհուպ մինչեւ այն, որ նախարարությունները վարչություն դառնան», - գտնում է «Գոլոս Արմենիի»-ի թղթակիցը: Հակառակ դեպքում, նրա կարծիքով, աբսուրդային վիճակ է ստեղծվում. «Պետական հիմնարկները նկատելիորեն նվազում են, իսկ նույն հաստիքներով աշխատող չինովնիկները, առաջին դեմքերի բազմաթիվ տեղակալները, վարչությունների ու բաժինների պետերը նստած բյուջեի վզին, հարկատուների միջոցները ծախսում են տրանսպորտի, կապի միջոցների եւ արտասահմանյան ուղեւորությունների վրա»:

«Նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարված Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվում», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի հերթական հրամանագիրը ֆոլկլորային խոսակցությունների առիթ է տալիս. «Զավեշտականն այն է, որ հրամանագրում նշվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է Կալիֆոռնիա քաղաքում, այնինչ նման քաղաք գոյություն չունի»:

«Ներկուսակցական տրոհումները եւ խորհրդարանական վերադասավորումները տարակուսանքի եւ վերլուծության տեղիք են տալիս անգամ մեծամասնական կարգով ընտրված այն պատգամավորներին, որոնք մինչ այժմ որեւէ առնչություն չունեին քաղաքականության հետ», - այս նախաբանով «Առավոտ»-ի թղթակիցը փոխանցում է Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիտարկումները: «Առավոտ»-ի թղթակցի հավաստմամբ, «ձայնագրիչի առջեւ նա խոսում էր այնպիսի քաղաքագիտական բառապաշարով, որին կնախանձեր անգամ Հմայակ Հովհաննիսյանը։ Բայց այլ պատգամավորների վկայությամբ, ձայնագրիչից հեռու նա օգտագործում էր ուրիշ համեմատություններ, որոնք պակաս բարեհնչուն են, բայց առավել հասկանալի են ԱԺ-ի մեծամասնությանը. «Եթե Ստեփան Դեմիրճյանն իրենց զակոննի գողն ա եւ իրանք նրանից աբխադիտ են ըլել՝ դրանց սաղին պետք է սուչիտ անել»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG