Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական ժամանակ»-ի, «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի շուրջ բավական տհաճ մթնոլորտ է ստեղծվում, եւ դիտորդները չեն բացառում, որ հանգամանքների բերումով այդ այցը չկայանա, եւ փոխարենը Հայաստան այցելի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը»: Թերթը նշում է, որ «ՌԴ նախագահի այցի հիմնական նպատակը տնտեսական պայմանագրերի փաթեթի ստորագրումն է, որով նախատեսվում է, որ սեփականաշնորհման ցուցակներում գտնվող մի շարք ձեռնարկություններ ՌԴ-ին մեր երկրի ունեցած պարտքի դիմաց ամբողջությամբ կամ մասամբ հանձնվեն այդ երկրին: Խնդիրն այն է, սակայն, որ նման մոտեցման վերաբերյալ Համաշխարհային բանկը բացասական վերաբերմունք ունի եւ այն համարում է անհեռանկարային: Այլ կերպ ասած, ՀԲ-ն դեմ է վերը նշված հայ-ռուսական պայմանագրերի ստորագրմանը»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, «Հայաստանը կրկին հայտնվել է տհաճ վիճակում եւ պետք է ընտրի, թե ում հետ է վատացնում հարաբերությունները: Եթե ընտրություն կատարվի հօգուտ ՀԲ-ի, Պուտինի Հայաստանյան այցելությունը կդառնա անիմաստ»:

«Նախագահի վարդագույն ակնոցն արգելում է, որ մարդը կյանքը տեսնի ինչպես որ է», - գրում է «Առավոտ»-ը: - «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա այցելելով, մի քանի նրբաճաշակ տղամարդկանց համար նախատեսված անդրավարտիք շոշափելուց հետո, նախագահը ոչ ավելի, ոչ պակաս հայտարարեց, որ ինքը համաձայն չէ ՀԲ-ի հետ»: Վերջինիս բարձրաստիճան ներկայացուցիչը տարակուսանք էր հայտնել, թե ինչպես կարող է տնտեսական աճ ցուցադրող երկրում չպակասել աղքատությունը: Թերթը մեջբերում է նախագահի խոսքերը. «Ուղղակի ես համաձայն չեմ այդպիսի գնահատականի»: Ըստ «Առավոտ»-ի, «մեղավորը վարդագույն ակնոցն է։ Կամ էլ նախագահին ճիշտ տեղեկություն չի տրվում եւ չի զգուշացվում, որ թղթի վրա գրված թվերն այլ են, իրականությունը՝ բոլորովին ուրիշ»:

«Գոլոս Արմենիի»-ում բերված տվյալներով, Ազգային վիճակագրական ծառայությունը մեկ տարվա կտրվածքով օգոստոսի 1-ի դրությամբ արձանագրել է արդյունաբերական ապրանքների 8,7 տոկոսի աճ, լեռնահանքային արդյունաբերությունը աճել է 30 տոկոսով, մեքենաշինությունն ու էլեկտրատեխնիկան 75 տոկոսով: «Մարդիկ արդարացիորեն տարակուսում են. «դուք աճ եք ասում, իսկ ո՞ւր են արդյունքները», - գրում է թերթը, բերելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները: - «Գեղարքունիքի մարզում մինչեւ հինգ տարեկան երեխաների 31 տոկոսը շարունակաբար թերասնվում է՝ սնվելով միայն հացով եւ կարտոֆիլով: Իսկ ամբողջ հանրապետության մասշտաբներով թերասնվում է երեխաների 14 տոկոսը»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հավաստիացրել է. - «Իշխանափոխության հասնելու հարցում միասնական հանդես գալու համար անհրաժեշտ բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել»: Ըստ նրա, ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավորապես, Ազգային համաձայնության ճակատը, ՀԺԿ-ն, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունները մարզերում արդեն համատեղ միջոցառումներ են կազմակերպում:

Նույն թերթի հարցազրույցում կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը ասում է. - «Այո, մենք կողմ ենք սահմանադրական ճանապարհով Քոչարյանի հրաժարականին... եւ պահանջելու ենք արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ»: Կողմ լինելով ընդդիմադիր դաշինքի գաղափարին, Վլադիմիր Դարբինյանը նշում է, որ նրանց հետ համագործակցելու համար ՀԿԿ-ն պայմաններ է առաջադրել: Առանցքային պայմանը Ռուսաստան - Բելառուս դաշինքին Հայաստանի միանալու հարցն է:

«Հանրապետությունը» կուսակցությունը, ըստ էության, չի կարող Ռուսաստան - Բելոռուսի ջատագով լինել, չնայած կարծում է, որ դա ժողովրդի ընտրության հարցն է, եւ այն պետք է որոշվի միայն հանրաքվեով», - «Հայկական ժամանակ»-ին պարզաբանումներ է տվել կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: - «Հանրապետությունը», սակայն, կարծում է, որ նման հանրաքվեն հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո, երբ երկրում կհաստատվի օրինականության մթնոլորտ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG