Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կոչ է անում արագացնել սեփականաշնորհման գործընթացը




Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեց Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա: Անդրադառնալով խոշոր ձեռնարկությունների մասնավորեցմանը, նախագահն ասաց, որ այն պետք է կատարվի բացառապես ծրագրային հիմունքներով, այսինքն այնպես, որ մասնավորեցումից հետո ձեռնարկություններն անպայման աշխատեն: «Այս սեփականաշնորհումը էապես տարբերվում է այն սեփականաշնորհումից, որը Հայաստանում եղել է նախկինում: Հիմա մենք փորձում ենք խոշոր ձեռնարկությունները սեփականաշնորհել այլ կերպ», - ասաց Հանրապետության նախագահը, ավելացնելով, որ պետք է լինեն պարտավորություններ սեփականաշնորհված ձեռնարկությունը պարտադիր կերպով աշխատացնելու, կոլեկտիվի սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ:

Ազգային ժողովն իր ամառային արտահերթ նստաշրջանում հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած 2001- 2003 թվականներին մոտ 900 պետական ձեռնարկությունների մասնավորեցման ծրագիրը, որով փաստորեն ավարտին է հասցվելու մասնավորեցման տասնամյա գործընթացը Հայաստանում:

«Չկա մի պետական ձեռնարկություն, որը մենք կարող ենք համարել արդյունավետ աշխատող: Բոլորը պարտքերում խրված, ունենալով մեծ արտահանման պոտենցիալ, չեն զբաղվում շուկաներով: Տնօրենը իրեն շատ լավ է զգում, լավ մեքենաներով... դղյակներ կառուցելով, իսկ կոլեկտիվը մի խայտառակ վիճակում է: Սա՞ ենք ուզում պահպանել», - Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկայում այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանը, փաստարկելով վնասաբեր պետական ձեռնարկությունները պահպանելու անիմաստությունը:

Իր պաշտոնավարման օրոք կնքված մասնավորեցման բոլոր գործարքներին նախագահը բացառապես դրական գնահատական տվեց, ընդ որում, առավել շեշտված ձեւով՝ այն պայմանագրերին, որոնց համար ամենից շատ է քննադատվել ու քննադատվում քաղաքական ընդդիմության կողմից։

«Օրինակ, կոնյակի գործարանը, եթե ես չեմ սխալվում, թվերում կարող է մի քիչ սխալվեմ, բայց այս տարվա 4-5 ամսում կամ կես տարում վաճառքի ծավալը հասցրել է անցած տարվա վաճառքի ծավալին», - ասաց նախագահ Քոչարյանը:

Իսկ «ԱրմենՏել»-ի մասնավորեցման դրական ելքը նախագահը հիմնավորում է կատարված ներդրումներով ու հեռախոսակապի որակի կտրուկ բարելավամամբ. - «Մենք ուղղակի մոռացել ենք, որ 2-3 տարի առաջ հնարավոր չէր զանգել, մի տասից տասնհինգ անգամ պետք է համարը հավաքեիր։ Միանգամից այսպես ասեմ՝ մեր հիշողությունը պետք է վերականգնենք, թե ոնց էր վիճակը»:

Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ անհամաձայնություն արտահայտեց Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատարների պնդումներին, թե Հայաստանում տարեցտարի գրանցված տնտեսական աճը չի նվազեցնում աղքատությունը:

Նախագահը համոզված է, որ այսպես կոչված «տնտեսական աճի հանելուկ» գոյություն չունի: «Եթե աշխատատեղերն ավելանում են, մարդիկ եկամուտներ են ստանում, այդ դեպքում ինչպե՞ս է, որ աղքատությունը չի նվազում», - լրագրողների հարցին հարցով պատասխանեց երկրի ղեկավարը։

Մինչեւ տարեվերջ երկրում 40 հազար նոր աշխատատեղեր ստեղծելու նախագահական խոստում-կանխատեսումը մնում է ուժի մեջ, այսօր վստահեցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ակնկալիքները կապված են ոչ միայն մասնավորեցման գործընթացն հաջողությամբ առաջ մղելու, այլեւ արտաքին տնտեսական կապերը աշխուժացնելու հեռանկարների հետ։

Այս առումով Ռոբերտ Քոչարյանը լուրջ սպասելիքներ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկայում Հայաստան կատարելիք այցից, որի ընթացքում կկնքվեն երկու երկրների ռազմավարական համագործակցությանն առնչվող կարեւոր տնտեսական համաձայնագրեր:

«Պետք է տնտեսական մեր հարաբերություններում այս այցը բեկումնային լինի: Համենայնդեպս մենք նման ակնկալիքներ ունենք եւ աշխատանքները պլանավորում ենք հենց այդ ուղղությամբ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG