Մատչելիության հղումներ

Բնապահպանության նորանշանակ նախարարը ակնկալում է հասարակական կազմակերպությունների համագործակցությունը


Բնապահպան հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության նորանշանակ նախարար Վարդան Այվազյանը նախ մեղադրեց ամբողջ հասարակությունը, որը համապատասխան պահանջ չի ներկայացնում այս ոլորտի խնդիրների լուծման համար, այնուհետեւ՝ բնապահպան հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունը գնահատեց «ոչ համակարգված եւ ոչ արդյունավետ»:

Բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը իր գործունեության տապալման պատճառը ոլորտում գործող հզոր մաֆիան էր համարում: Վարդան Այվազյանը մաֆիայի մասին չի խոսում, եւ ոչ էլ, սակայն, պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա է վերցնում:

«Կառավարման մարմինը կառավարման ֆունկցիա ունի, իրագործման ֆունկցիա չունի», - հանդիպման ժամանակ ասաց Վարդան Այվազյանը:

Ավելի քան 80 բնապահպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդեցին, որ իրենք պատրաստ են սատարել նախարարին: Նախարարն, իր հերթին, ասաց. «Մենք պետության մաս ենք կազմում՝ ես էլ, դուք էլ: Մենք առանձին կազմակերպություն չենք: Եկեք միավորվեք, ստեղծեք այդ ասոցիացիան», -ավելացնելով՝ «պետք եղած դեպքում մենք պետք է արտաքինից ցույց տանք, թե շատ կռված ենք իրար հետ, բայց նույն բանը պետք է ասենք»:

«Տապան» բնապահպանական ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանը նոր նախարարին կոչեց խիզախության: Նա նշեց, որ մինչեւ այժմ նախարարներից ոչ մեկը չի համարձակվել մոտենալ Խոսրովի անտառի խնդրին: «Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն էին Խոսրովի ամտառում եւ ասում էին, թե ազգային խնդիր կա ու ոչինչ չէին ձեռնարկում: Ադրբեջանցիները գնացին, նոր հայերը եկան», - ասաց բնապահպան կազմակերպության նախագահը: Նրա խոսքերով, կոմունիստների օրոք այգում առավելագույնը տասը մարդ կարող էր որս անել, իսկ այսօր «ուղղաթիռներով որս են անում, ո՞վ չգիտի: Մեր ազգային հերոսները, Ղարաբաղում կռված տղաները, որ այսօր իշխանավոր են դարձել»:

«Քանի՞ հոգու ձեռք եք բռնել», - հարցն անդրադարձեց Վարդան Այվազյանը: - «Այդ ֆիդայիներից, որ ասում եք ուղղաթիռով որս են անում, երեւի կեսից ավելին էլ ձեր տարածքներում ընտրված դեպուտատներն են, որոնք իշխանություն են ձեւավորել»:
Նախարարը, սակայն, չասաց, թե ով պետք է բռնի եւ ամենակարեւորը՝ ով կարող է բռնել ուղղաթիռով որս անողների ձեռքը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG