Մատչելիության հղումներ

Եվրասիա հիմնադրամը օգնում է մարզային հետուստաընկերություններին


Եվրասիա հիմնադրամի կազմակերպած «Հանրային երկխոսություն ուղիղ եթերում» խորագրով մրցույթում հաղթած Հայաստանի տասը մարզային հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին այսօր հանձնվեցին13 հազար դոլար արժողությամբ հեռուստասարքավորումներ` համակարգիչ, տեսախցիկներ, մոնտաժային ու կառավարման վահանակների համալիրներ եւ այլն։ Դրանցով հնարավոր է ամբողջությամբ տեխնիկապես հագեցնել մարզերի հեռուստատեսային ստուդիաները։

1993 թվակամին Վաշինգտոնում ստեղծված Եվրասիա հիմնադրամը նպատակ ունի աջակցել նախկին խորհրդային միության պետությունների տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին, օժանդակել այդ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների կայացմանը։ Հիմնադրամի հիմնական դոնորը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն է։ Լրացուցիչ ֆինանսավորում է ստացվում նաեւ այլ երկրների կառավարությունների, հիմնադրամների, կորպորացիաների եւ եւ անհատների կողմից։

Եվրասիա հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արտաշես Ղազախեցյանի հավաստմամբ, Եվրասիա հիմնադրամը մինչ այժմ շուրջ վեց ու կես միլիոն դոլար արժողության 185 վարկային ծրագրեր է իրականացրել Հայաստանում` հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում։ Դրանց իրագործման արդյունքում ստեղծվել է մոտ 1200 բարձր արտադրողական, կայուն եւ մրցունակ աշխատատեղ։ Տրամադրվել է նաեւ շուրջ 330 դրամաշնորհն՝ մոտ 7,5 միլիոն դոլար ընդհանուր գումարով:

«Հանրային երկխոսություն ուղիղ եթերում» մրցույթում հաղթած հեռուստաընկերությունների ղեկավարները անցյալ տարվա աշնանը մասնակցել էին հատուկ դասընթացների։ Այսօր դասընթացի ունկնդիրներին համապատասխան հավաստագրերը հանձնեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնը։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: «Տեւական եւ փոխընդունելի լուծում գտնելու համար անհրաժեշտ են փոխզիջումներ։ Դժվարությունն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը իր համար որոշի, թե ինչից հրաժարվի, որեւէ այլ բան ստանալու համար, միայն կողմերը կարող են հաստատուն որոշումներ կայացնել, ոչ ոք չի կարող այդ պատասխանատվությունը նրանց ուսերից վերցնել», - ասաց Մայքլ Լեմմոնը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG