Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում գրանցվել է սիբիրախոցի 14 դեպք


Հիվանդության առաջացման պատճառը եղել է Շիրակի մարզի Սարատակ գյուղում հիվանդ անասունը հարկադրաբար մորթելն ու վաճառքը: Սարատակի բնակիչներից մեկն առանց անասնաբույժի դիմելու պարզել է, որ կովը սատկում է, տեղում մորթել է ու միսը վաճառել համագյուղացիներին, որոշակի քանակ վաճառել է Գյումրիում ապրող մի ընտանիքի, իսկ կաշին` Երեւանում:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի վկայությամբ, «միսը օգտագործել են մոտ 220 գյուղացի: Առաջին ահազանդը գրանցվել է Սարատակ գյուղի բուժկետում: Երկու հիվանդի սիբիրյան խոցի մաշկային ձեւի կասկածով: Նրանք անմիջապես հոսպիտալիզացվել են»:

Օգոստոսի 5-ին ստացված ահազանգից անմիջապես հետո, ըստ Ռուբեն Խաչատրյանի, ինչպես Սարատակում, այնպես էլ հարակից տարածքներում իրականացվել են հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Ներկա պահին Գյումրիի ինֆեկցիոն հիվանանոցում պառկած են 14 հիվանդ: Ըստ Խաչատրյանի, չնայած հիվանդանոցում առկա խնդիրներին, այսինքն դեղամիջոցների, անհրաժեշտ պայմանների բացակայությանը, արվել է հնարավոր ամեն ինչ լիարժեք բուժում իրականացնելու համար:

Մասնագետների վկայությամբ, Հայաստանում գոնե 30 տարվա ընթացքում սիբիրյան խոցի երեք ձեւերից՝ մաշկային, թոքային եւ աղեստամոքսային արձանագրվել է միայն մաշկային տեսակը: Հանրապետության առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության վարչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Պայծառ Դիլբարյանի հավաստմամբ, «հիվանդությունը վտանգավոր չէ: Կյանքին վտանգ չի սպառնում, մահացության դեպքեր չի արձանագրվել»:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա հիվանդության գաղտնի շրջանն արդեն անցել է եւ, մասնագետների հավաստմամբ, դժվար թե նոր հիվանդներ հայտնաբերվեն: Թեեւ հակահամաճարակային միջոցառումները մինչեւ օրս շարունակվում են, Ռուբեն Խաչատրյանը համոզված է, որ վարակի շղթան փակվել է:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանում հայտնաբերվել եւ ոչնչացվել է հիվանդ անասունի կաշին: Այն չէին հասցրել մշակել, ուստի ոչ ոք չէ վարակվել: Գյումրիում վաճառված միսը եւս հայտաբերվել է: Ընդամենը մեկ ընտանիք էր գնել, իսկ մսի մշակման ժամանակ վարակվել է մեկ մարդ:

Հանրապետությում բնական օջախներ կան, դրանց դեմ պայքարի միակ միջոցը կենդանիների եւ դրանց մորթի նկատմամբ խիստ հսկողությունն սահմանելն է, ասաց Պայծառ Դիլբարյանը, ավելացնելով. - «Այսօր այդ հարցում բավականին թերություններ կան այն առումով, որ անասնաբուժական ծառայությունը մասնագետներ չունի բավարար չափով, յուրաքանչյուր գյուղ չունի անասնաբույժ, մորթը կատարվում է բակերում եւ շատ հաճախ առանց անասնաբույժի վերահսկողության»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG