Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլը շարունակում է աշխուժորեն քննարկել մի շարք կուսակցությունների ներքին խմորումները, տարանջատման պատճառներն ու հնարավոր զարգացումները: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, «ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները ստեղծելու են նոր կուսակցություն... ըստ ամենայնի՝ այն կգլխավորի Գագիկ Ասլանյանը: Մեր ունեցած տեղեկություններով՝ կուսակցությանը կանդամակցի նաեւ Արմեն Խաչատրյանը»: Նույն թերթի գնահատմամբ, ԱԺՄ-ում «առայժմ լոկալ հաղթանակներ է տոնում այն թեւը, որը պաշտպանում է Վազգեն Մանուկյանին:

«Առավոտ»-ի պատկերմամբ, կոմկուսի «քանդման մեխանիզմը մոտավորապես նույնն է, ինչ ՀԺԿ-ում. գտնվում են մարդիկ, որոնք փափագում են մեծ նվիրվածությամբ ծառայել իշխանությանը, դրանք ի վերջո վտարվում են կուսակցությունից՝ իրենց հետեւից տանելով որոշակի թվով համախոհներ»: «Կոմկուսը հայտարարել է, որ արմատական ընդդիմություն է, նրանք համաձայն չեն, ուրեմն պետք է լքեն կուսակցությունը», - «Հայկական ժամանակ» թերթում հայտարարում է ՀԿԿ երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը: «Առավոտ»-մ ասես արձագանքում է. «պարզ չէ՝ ինչպես է ՀԿԿ-ն պատրաստվում արմատական ընդդիմություն լինել, եթե նրա առաջին քարտուղարը աշխատում է պաշտպանության նախարարության համակարգում»:

«Կոմունիստ» թերթը տպագրել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի լայնածավալ հարցազրույցը: Թերթի գլխավոր խմբագիր, պատգամավոր Նորիկ Պետրոսյանը դիմում է ՀԿԿ առաջին քարտուղարին. - «Կուսակցությունը, կոմունիստները, մեր բազմահազար համախոհներն ու ամբողջ ժողովուրդը սպասում են Ձեր մեկնաբանությանը»: Վլադիմիր Դարբինյանը մեկնաբանում է. - «Հրանտ Ոսկանյան եւ Յուրի Մանուկյան զույգի, թույլ տամ ասել, բոլոր իմաստներով անբարո համագործակցությունը քաղաքական կավատության տպավորություն է թողնում. իրավաբանորեն ասած, հանցավոր համաձայնության գալով համագործակցում են իշխանությունների հետ: Կոմկուսի համագումարը որոշեց այլեւս չաջակցել իշխանություններին, իսկ նրանք, իրենց հայ եւ ապա՝ կոմունիստ համարելով, հայտնվել են իշխանությունների գրկում եւ սիրահարված են այսօրվա պետության ղեկավարներին... Նրանք, ովքեր Յուրի Մանուկյանի գաղափարակիցն են, ուրեմն դեմ են համագումարի որոշումներին, ուրեմն՝ կոմունիստ չեն»:

«Վերջին մեկ-երկու ամսում քաղաքական դաշտում կատարվող վերադասավորումները ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ հանրապետության նախագահի դիրքերի վրա»: Այս հարցով «Իրավունք»-ի թղթակիցը դիմել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին: «Իսկապես, ընդհանուր վիճակը հեղհեղուկ է, եւ եթե հիմա փորձենք ճշգրիտ հաշվել գործադիր իշխանության ձայները, երեւի չենք կարող: Սակայն որոշակի մեծամասնություն գործադիր իշխանությունը, նախագահը, կառավարությունը ունեն», - պատասխանել է Արտաշես Թումանյանը, ներկայացնելով նաեւ գործադիր իշխանության ձայները: - «Միասնությունը» այս վիճակում, ինչպես որ կա եւ գումարած այլ համակրող ուժերը: Կարծում եմ, այսպիսին է վիճակը»:
«Իրավունք»-ի հարցազրույցում նախագահի աշխատակազմի ղեկավարը նշում է. - «Եթե ավելի լուրջ փոփոխություններ լինեն, երեւի գործադիր իշխանությունը կմտածի, թե իր վարքը ինչպիսին պետք է լինի»:

Արձագանքելով այն փաստին, որ տուժող պատգամավորների, կառավարության անդամների մեծ մասը «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը չի ներկայանում, նակխին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արամ Սարգսյանը «Իրավունք»-ում ասում է. - «Այդ ուղղությամբ թող մտածեն հանրապետության ղեկավարությունը, նախագահը, որովհետեւ մարդիկ, որոնք չեն գալիս դահլիճ, վախենում են նախագահից՝ դրանով իսկ մեղադրելով իրեն»:

Խորհրդարանը լուծարելու նպատակահարմարությանը վերաբերող «Իրավունք»-ի հարցին Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Ես չեմ տեսնում, որ Արմեն Խաչատրյանը այս ԱԺ-ով խոչընդոտում է երկրի զարգացմանը... Նույն ԱԺ-ն Կարեն Դեմիրճյանի ժամանակ չափից ավելի կանխատեսելի էր, եւ քայլերն ու որոշումները կատարում էին առանց որեւէ խնդրի: Իսկ այսօր չեն կատարում: Ես չեմ տեսնում ԱԺ-ն ցրելու միտում, ես տեսնում եմ, որ այդ միտումը հրահրում են եւ հրահրում են իշխանությունները՝ դրանով իսկ ժամանակ շահելով: Միանշանակ պետք չէ Ազգային Ժողովը ցրել»:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ընթացքում բանակցությունների օրակարգում որոշակի տեղ կգրավեն տնտեսական հարցերը: Դրանք կլինեն ամենահիմնականներից մեկը», - «Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում ասում է Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Կապինոսը: - «Նախատեսվում ստորագրել մի շարք համաձայնագրեր, որոնք կկարգավորեն արկկողմ համագործակցությունը առեւտրատնտեական ոլորտում, ինչպես նաեւ մի շարք ներդրումային ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն»: Նրա գնահատմամբ, առաջիկա 10 տարվա համար առեւտրատնտեսական բնագավառում համագործակցության մասին ստորագրվելիք համաձայնագիրը որակապես նոր փաստաթուղթ է:
Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը «Գոլոս Արմենիի» թերթում համեմատելով Հայաստան - Ռուսաստան ապրանքաշրջանառությն ծավալները նշում է. «Վերջին տարիներին դրանք կայունանում են տարեկան 172-178 մլն դոլարի սահմաններում: Իսկ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմել է 86 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 20 տոկոսով ավելի է»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG