Մատչելիության հղումներ

Կադրային փոփոխություններ ԼՂՀ ուժային կառույցներում


Օգոստոսի 9-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ) պետի պաշտոնում Դավիթ Օհանյանին փոխարինել է ԼՂՀ ներքին գործերի նախարար Բագո Սահակյանը:

Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակվել է Արմեն Իսագուլովը, որը 1991-1995 թվականներին արդեն եղել էր ԼՂՀ ՆԳ նախարար:

ԼՂ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Իսագուլովն ընդգրկվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի կազմում, որից հանվել է Դավիթ Օհանյանը:

Հրամանագրերը ստորագրելու իսկ օրը Լեռնային Ղարաբաղի նախագահը համապատասխան գերատեսչությունների անձնակազմերին ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին: Դավիթ Օհանյանն արժանացել է նախագահի շնորհակալական խոսքերին եւ պարգեւատրվել է անձնական զենքով:

Բագո Սահակյանը ԼՂՀ ներքին գործերի նախարար էր նշանակվել 1999 թվականի ամռանը, երբ հանրապետություն նախագահ Արկադի Ղուկասյանի եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առճակատման հետեւանքով կտրուկ կերպով սրվել էր ներքաղաքական իրավիճակը:

Փորձագետների կարծիքով, Դավիթ Օհանյանի պաշտոնանկությունը կապված է նրա պաշտոնավարության օրոք՝ 2000 թվականի մարտի 22-ին ԼՂՀ նախագահի նկատմամբ կատարված մահափորձի հետ:

2000թ. մարտի 22-ին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար Սամվել Բաբայանը ներկայումս կրում է դատավճռով սահմանված 14-ամյա ազատազրկումը:

Նախագահ Արկադի Ղուկասյանի օգոստոսի 10-ի հրամանագրով լուծարվել են ԼՂՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության վարչությունն ու ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Դրանց փոխարեն կազմավորվել է ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն, որի պետ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը, որը նախկինում եղել է Ռոբերտ Քոչարյանի խոսնակը, երբ վերջինս ԼՂՀ նախագահն էր:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG