Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի անդամները Հայաստանում քննարկում են հայ-թուրքական հարաբերությունները


Հիմնականում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններն են քննարկվել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ներկայացնող խոսնակ Սեմ Սթրաթմանի ու ավագ խորհրդական Դեյվիդ Աբրամովիչի եւ Հայաստանի Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի միջեւ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Կոնգրեսի ղեկավարության հանձնարարությամբ տարածաշրջանի մայրաքաղաքները՝ Բաքու, Թբիլիսի եւ Երեւան այցելած Սթրաթմանին ու Աբրամովիչին, Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, «հետաքրքրում էր, թե ինչ պայմաններում եւ ինչպես ենք մենք տեսնում հայ- թուրքական երկխոսության սկիզբը»:

Հայկական կողմի կարծիքով, երկխոսության սեղանի շուրջ հարկավոր է նստել առանց նախապայմանների, անկախ այն բանից, դրանք երկկողմանի բանակցություններ կլինեն, թե տեղի կունենան որեւէ ազդեցիկ երկրի, ասենք, Միացյալ Նահանգների հովանու ներքո:

«Մենք նաեւ չենք բացառում, որ մինչեւ միջպետական այս երկխոսությունը երկխոսություն սկսվի նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով: Մենք ներկայացրինք մեր կարծիքը, որ չենք ընդունում այն ձեւը, որ փորձեցին անել թուրք-հայկական հաշտեցման հայտնի հանձնախմբի տեսքով», - ԱՄՆ-ի կոնգրեսի հանձնաժողովի ներկայացուցիչներին ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

Հովհաննես Հովհաննիսյանը Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներին է փոխանցել ՀՅԴ խմբակցության նախաձեռնությամբ հուլիսին ընդունված խորհրդարանական ուժերի հայտարարության տեքստը, որում մտահոգություն էր արտահատված հայ- թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարներին, ապա Հովհաննես Հովհաննիսյանն ասել է. - «Այն սկզբունքները, որ մենք որդեգրել ենք ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, չենք փոխում: Մի բան, որ, ցավոք, անում է Ադրբեջանի ղեկավարությունը»:

Սեմ Սթրաթմանն ու Դեյվիդ Աբրամովիչը այդ առիթով նկատել են, թե Ադրբեջանում հարցի շուրջ առկա է մեծ լարվածություն: Այս առումով ադրբեջանական ընդդիմությունը հստակ դիրքորոշումներ է որդեգրել, եւ Հեյդար Ալիեւից մեծ ջանքեր են պահանջվում գործընթացում առաջխաղացում ապահովելու համար:

Հովհաննես Հովհաննիսյանն, ի պատասխան, նշել է, որ պրոբլեմն ադրբեջանական կողմում է: Նրա ընդհանուր տպավորությամբ, ղարաբաղյան խնդիրն այժմ ամերիկյան քաղաքականության ուշադրության կենտրոնում է:

Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամները անընդունելի են համարել Ադրբեջանում վերջերս հնչած ռազմաշունչ կոչերը:

Նրանք նաեւ տեղեկացրել են, որ իրենց հանձնաժողովը պատրաստվում է կրկին կոնգրեսի քննարկմանը ներկայացնել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG