Մատչելիության հղումներ

«ՀՅԴ-ն նախագահի կույր հետեւորդը չէ», - ասում է Հրանտ Մարգարյանը


«Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով Դաշնակցություն - Ռոբերտ Քոչարյան հարաբերություններին, ասաց. - «Ոչ կույր հետեւորդն ենք նախագահի, ոչ էլ կույր հակառակորդն ենք նախագահի»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի կարծիքով, այսօր երկրի նախագահի շրջապատում «կան ուժեր, որոնք հազիվ թե բան են ավելացնում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը»: Ըստ Հրանտ Մարգարյանի, բնական ակնկալիք է, որ «այս ժողովուրդը պետք է նախագահի մակարդակով տեսնի լուսավոր, հուսատու մի ընքացք»:

«Դաշնակցությունն այսօր շատ-շատ ավելի միասնական է ինքն իր մեջ, շատ ավելի կազմակերպված է, շատ ավելի ներքին համաձայնություն կա», - ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը, միանշանակորեն մերժելով դիտարկումը, թե Դաշնակցության ներսում էլ տարաձայնություններ կան, մասնավորապես, նախագահին անվերապահորեն սատարել-չսատարելու հարցում:

Պատասխանելով հուլիսի 9-ին Ժնեւում իր առաջին նիստը գումարած թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի ստեղծմանը Դաշնակցության տեղեկացվածության մասին հարցին, Հրանտ Մարգարյանն ասաց. -«Բանակցությունների սկզբում եւ ընթացքում մենք այդ հարցի մասին տեղյակ չէինք»:

Շաբաթ օրը ամերիկյան «Կռունկ» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում հանձնախմբի անդամներից երկուսը՝ Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը եւ մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ասել էին, թե Դաշնակցության ղեկավարներին առաջարկվել էր «անձամբ հանդիպել» եւ «փաստական տեղեկատվություն» ստանալ նախաձեռնության մասին: Նրանց պնդմամբ, կուսակցությունն հետագայում հրաժարվել էր նախնականորեն համաձայնեցված հանդիպումից:

Հայաստանում եւ հատկապես Սփյուռքում ազդեցիկ Դաշնակցությունը այս վիճահարույց նախաձեռնությունը կոշտ կերպով դատապարտել էր կուսակցության բյուրոյի հուլիսի 13-ի հայտարարության մեջ: ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, անցած ամիս ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն ու պատգամավորական խմբակցություններն ընդունել էին հանձնախմբի ստեղծման ու գործունեության առնչությամբ մտահոգություն արտահայտող հայտարարություն:

Հրանտ Մարգարյանի կարծիքով, հանձնախմբի ներազդեցությունը բացասական է, եւ «պետությունը պետք է որ ավելի հստակ դիրքորոշում ներկայացներ», իսկ ՀՀ արտգործնախարարության պահվածքը նա գնահատեց «թույլ եւ վարանոտ»:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG