Մատչելիության հղումներ

Աճել են արտահանման ծավալները


Միջազգային շուկաներում ներկայումս ընկել են հատկապես այն ապրանքների գները, որոնք մեծ բաժին ունեն Հայաստանի արտահանման ծավալներում: Էժանացել են, մասնավորապես, գունավոր մետաղները ու դրանցից պատրաստված արտադրանքը, ակնեղենը, ոսկերչական իրերը։

«Միջազգային շուկայում սարսափելի իրավիճակ է: Եթե ապրանքի գինը չկա, հետեւաբար շրջանառու միջոցը չկա, արտադրանք տալու շահագրգռությունը չկա» - այսօր հրավիրած ասուլում ասաց արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը, ավելացնելով, որ արտաքին շուկայում գների անկումը ազդում է հատկապես լեռնահանքային եւ ակնագործական ճյուղի ձեռնարկությունների վրա, իսկ ոսկերչական գործարանն ընդհանրապես փակվելու վտանգի տակ է:

Այդուհանդերձ, ըստ փոխնախարարի, արդյունաբերությունը, ամբողջությամբ վերցրած, այս տարվա առաջին յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 8,7 տոկոսով: 9 տոկոսով աճել է արտադրանքի արտահանումը:

Օգոստոսի սկզբի դրությամբ արդյունաբերության ոլորտում արդեն ստեղծվել են 7000 նոր աշխատատեղեր կամ վերաբացվել հները։
Այս տարի Հայաստանում բացվելիք առնվազն 40 հազար նոր աշխատատեղերից 8-10-ը հազարը ծրագրվում է ստեղծել արդյունաբերության ոլորտում։

Հայաստանի արդյունաբերության ապագան, ճյուղի ղեկավարները կապում են հզորությունների ադիականացման ու միջազգային շուկաների հետ նրա ավելի սերտ ինտեգրման հետ։ Մասնավորապես, ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների եւ ինստիտուտների վերակենդանացումը կապվում է ռուսական պատվերների հետ։ Ըստ Աշոտ Շահնազարյանի, մեր արդյունաբերությունը զարգացման լրացուցիչ հնարավորություններ է ստանում` կապված Իրանի տարողունակ շուկա մտնելու հնարավորության հետ։

Տարեսկզբին երկու երկրների միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրով Իրանի իշխանությունները 40 անուն հայկական ապրանքների ներմուծման գծով քվոտաներ են սահմանել:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG