Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Մեղրին եղել է, կա եւ կլինի Հանաստանի հարավային դարպասը»: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Սյունիք եւ Ղարաբաղ կատարած այցելությունների մանրամասները ներկայացնող իր հրապարակումը այսպես է վերնագրել «Գոլոս Արմենիի» թերթը:

«Ժամանակ» թերթը ընդգծված մեջբերում է Մեղրին փոխանակելու խոսակցություններին եւս մեկ անգամ արձագանքող վարչապետի խոսքերը. «Այդպիսի խնդիր գոյություն չունի: Նա, ով անընդհատ խոսում է այս մասին, ավելի շատ է շահագրգռված, որպեսզի նման խնդիր առաջանա, ինքն էլ, դա շահարկելով, քաղաքական դիվիդենտներ ձեռք բերի: Ուղղակի, չեղած տեղից մի բաժակ ջրում փոթորիկ են բարձրացնում... Չեղած տեղից քաղաքականացնել հարցը, դա ես ավելի շատ դիտարկում եմ որպես տարածաշրջանը՝ Մեղրին, Արցախը քանդելու հանգամանք»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կառավարությունը հստակ դիրքորոշում ունի: Այդ դիրքորոշումը ներկայացրել է կառավարության ղեկավարը՝ Անդրանիկ Մարգարյանը: «Վերջին հազարամյակում մենք կարողացանք ազատագրել մեր հայրենիքը, ազգովին վերականգնել մեր ազգային արժանապատվությունը: Եվ այս պայմաններում Ղարաբաղը տալու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդպիսի լուծումը պարզապես ինքնասպանություն է, ինքնահրկիզում»:

Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը նույն թերթի հարցազրույցում բողոքում է. - «Աշխարհում ընդունված է. եթե պետությունը 80-85 տոկոսով ավերված է, միջազգային օգնություն է կազմակերպվում: Ցավոք, մենք, որ ագրեսիայի զոհեր ենք, ոչինչ չենք ստանում, իսկ այդ նույն Ադրբեջանը, որ ինքն է հարձակվել, զարգացման համար միջպետական վարկեր է ստանում»:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերին Հայաստան կատարելիք պաշտոնական այցելությանը, «Իրավունք»-ը գրում է. - «Ինչպես հայտնի է, ռուսաստանյան ղեկավարի այցելության ընթացքում պետք է վավերացվի ռուս-հայկական տնտեսական նոր պայմանագիրը, որը ստորագրվելու դեպքում, ըստ էության, մեծապես կարգավորվում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական վերակողմնորոշման հիմնահարցը, քանի որ ռուսական ազդեցության տակ են անցնում ՀՀ էներգետիկ եւ ռազմաարդյունաբերական համակարգերի զգալի հատվածները: Ըստ ճշտվող տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանը կարծես թե հակված է ընդունելու ռուսական առաջարկությունները»:

«Իրավունք»-ը հանգում է հետեւյալ եզրակացությանը. - «Դրանով Հայաստանի նախագահը լուծում է իր համար կարեւորագույն երկու խնդիր. նախ՝ զինաթափում է ընդդիմադիր այն բազմաթիվ գործիչներին, որոնք շարունակաբար մեղադրում են Քոչարյանին հակառուսական քաղաքականություն վարելու մեջ, ապա, ապահովելով ռուսական աջակցությունը՝ ամրապնդում է սեփական դիրքերը ներքաղաքական դաշտում եւ լրջորեն մտածում ՀՀ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու մասին»:
«Իրավունք»-ը նաեւ հավելում է, որ Ռոբերտ Քոչարյանի հայացքների մեջ տեղի ունենալիք նման շրջադարձը, անշուշտ, իր, մեղմ ասած, բացասական ազդեցությունը կթողնի Հայաստան - Արեւմուտք փոխհարաբերությունների վրա:

«Կոմունիստ» թերթը տպագրել է ՀԿԿ Երեւանի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանին կուսակցությունից հեռացնելու մասին ՀԿԿ կենտկոմի բյուրոյի որոշումը: Մի շարք մեղադրանքների շարքում նշվում է. - «Իրեն կոմկուսի ու կոմկուսի առաջնորդների կողմից տասնամյակներ առաջ մերժված ու դատապարտված քաղաքական հոսանքների առաջնորդներ Կամենեւի, Զինովեւի, Բուխարինի գաղափարական հետեւորդ հայտարարելու, ներկայիս հակաժողովրդական իշխանությունների հետ վերասերվելու եւ նրանց հանցավոր թելադրանքով կուսակցության կարեւորագույն միջոցառումները վիժեցնելու... բացահայտ օպորտունիստական գործունեություն ծավալելու համար Յուրի Ավագի Մանուկյանին վտարել կոմկուսի շարքերից»: «Իրավունք»-ի տեղեկություններով, Հրանտ Ոսկանյանի եւ Յուրի Մանուկյանի դեմ կոմկուսի ղեկավարության քայլերը հեռահար նպատակներ ունեն: Ըստ թերթի, «բանն այն է, որ աշնանը սպասվում է ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի թոշակի անցնելը՝ առողջական պատճառներով: Բնականաբար, կուսակցության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդների շարքում են թե' ժամանակին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Ոսկանյանը, թե' մայրաքաղաքի կազմակերպության ղեկավար Մանուկյանը»:

«Քաղաքական դաշտում տեղի է ունենում բեւեռացում, եւ ջրբաժանն անցնում է ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ հենց կուսակցությունների ներսում», - ուրվագծում է «Իրավունք»-ը: - «Մի բեւեռում հայտվում է այն հատվածը, որը վաղուց արդեն հրաժեշտ է տվել գաղափարախոսության բոլոր տեսակներին եւ մտահոգված է միմիայն իշխանական կերակրատաշտի մոտ իր տեղն ունենալու գերխնդրով, իսկ մյուս բեւեռում հեղափոխականացված, ամեն ինչը ժխտող եւ միայն «կորչի'» կարգախոսն ընդունող գործիչներն են, որոնք առանձնապես չեն փայլում մտավոր բարձր կարողություններով: Երկու ճանապարհն էլ տանում են փակուղի»:

«Իրավունք»-ի մեկնաբանի կարծիքով, օդի եւ ջրի պես անհրաժեշտ է կառուցողական ընդդիմադիր գործիչների համախմբում: «Երկրում «ոսկե միջինի» ճգնաժամ է... Եթե չհաղթահարվի այդ ճգնաժամը, ապա մնացած բոլոր ճգնաժամերը կհավերժանան», - եզրահանգում է «Իրավունք»-ը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG