Մատչելիության հղումներ

Դաշնակցության ներկայացուցիչը հերքում է թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի մասին ՀՅԴ-ի տեղյակ լինելը


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը այսօր կտրականապես հերքել է պնդումները, թե Դաշնակցությանը նախապես տեղյակ էին պահել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ոչ կառավարական նախաձեռնության մասին:

Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամներից երկուսը՝ Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը եւ մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը անցած շաբաթավերջին հայտարարել են, թե Դաշնակցության ղեկավարները նախապես տեղյակ են եղել հուլիս 10-ին Ժնեւում իր առաջին նիստն անցկացրած հանձնախմբի ստեղծման մասին:

Շաբաթ օրը ամերիկյան «Կռունկ» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում Վան Գրիգորյանն ասել է, թե ՀՅԴ-ի ղեկավարությունը պաշտոնապես եւ նախապես տեղեկացված է եղել հանձնախմբի ստեղծման մասին: Ըստ Վան Գրիգորյանի, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացվելու հաջորդ օրը շնորհակալությամբ է արձագանքել եւ իր համաձայնությունն է տվել «անձամբ հանդիպելու եւ հարցը քննարկելու»:

«Պատասխանը միանշանակ է», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը, - «Դաշնակցությանը տեղյակ չեն պահել նման հանդիպման մասին»:

Հայաստանում եւ Սփյուռքում ազդեցիկ կուսակցության բյուրոն հուլիսի 13-ի իր հայտարարությամբ դատապարտել է հանձնախմբի ստեղծումը, այն գնահատելով որպես Թուրքիայի հնարք՝ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տապալելու» նպատակով: «Միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո... կարող է արդյունավետ լինել որեւէ հայ-թուրքական երկխոսություն», - ասված է հայտարարության մեջ:

Գրիգորյանն ու Միհրանյանը, սակայն, պնդում են, որ բյուրոյի առնվազն մեկ անդամ տեղյակ է եղել հանձնախմբի ստեղծմանը նախորդած հայերի եւ թուրքերի մի քանի գաղտնի հանդիպումների մասին:

Գեղամ Մանուկյանը հերքեց ենթադրությունը, թե կուսակցությունը կարող էր տեղյակ չլինել իր ղեկավարներից մեկի գործունեության մասին: «Նրանք պարզապես փորձում են արհեստականորեն ընդլայնել նախաձեռնությունը պաշտպանող մարդկանց կամ կազմակերպությունների շրջանակը», - նկատի ունենալով հանձնախմբի անդամներին, ասաց Գեղամ Մանուկյանը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG