Մատչելիության հղումներ

Հուլիսին նվազել են հարկային մուտքերը


Ընթացիկ տարվա առաջին կեսին հարկային եւ մաքսային մուտքերում 25 տոկոսի աճ արձանագրելուց հետո, Հայաստանի կառավարությունը անցած ամիս չի հավաքել նախատեսված մուտքերը: Պետական եկամուտների նախարարության ու մաքսային վարչության հավաքած մուտքերը կազմել են 12 մլրդ դրամ, ինչը 17 տոկոսով պակաս է նախատեսվածից:

Հուլիսյան անկմանը նախորդել էին կադրային փոփոխություններ նշված երկու գերատեսչություններում: Պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը հուլիսի 6-ին ազատվել էր պաշտոնից եւ նշանակվել տրանսպորտի եւ կապի նախարար: Բացի դրանից, կառավարության որոշմամբ, պետեկամուտների նախարարությունից առանձնացվեց մաքսային վարչությունը:

Նախորդ ութ ամսվա ընթացքում հարկահավաքման բարելավման համար գնահատանքի արժանացնելով Մանուկյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան քննադատել են կոշտ աշխատաոճի համար: Տեղի գործարարներից շատերը հայտնել էին հարկահավաքների չարդարացված հաճախակի ստուգումների մասին:

Կառավարության բյուջեն ընթացիկ տարվա համար նախատեսել է 168 մլրդ դրամի հարկային եկամուտներ: Բյուջեի ընդհանուր մուտքերը, ըստ ծրագրվածի, պիտի կազմեն 2001 թվականին երկրի ՀՆԱ (Համախառն ներքին արդյունքի) 17 տոկոսը: Հարաբերակցությունը, միջազգային չափանիշներով, շատ ցածր է եւ արտացոլում է Հայաստանի տնտեսության մեջ ստվերային հատվածը կրճատելու կառավարության անկարողությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ իշխանությունները պետք է նշանակալիորեն բարձրացնեն եկամուտները մոտակա տարիներին, եթե ուզում են ապահովել տեւական ֆիսկալ կայունությունը: Անցած շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի Եվրոպայի երկրորդ վարչության տնօրեն Ջոն Օդլինգ-Սմիին Երեւանում ասել էր, որ Հայաստանը բյուջեի պակասորդի մեծ մասը ծածկելու գործում չպետք է հույսը դնի արտաքին փոխառությունների վրա:

«Թեեւ անցած տասներկու ամիսներին հարկահավաքման բարելավումը ողջունելի է, հարկման ոլորտում անելիքները շատ ավելին են: Հայաստանի չի կարող բյուջետային ֆինանսավորման գործում շարունակել մեծապես հույս դնել արտաքին աղբյուրների վրա: Եթե Հայաստանը պատրաստվում է ունակ լինել ներկայիս կառավարության չափ կառավարություն պահել, այն ստիպված է ավելի շատ հարկեր հավաքել նման ծախսերը հոգալու համար: Մեր կարծիքով, դա իրագործելի է», - ասել է նա:

Հայաստանի բյուջեի պակասորդի մոտ կեսը անցած մի քանի տարիներին ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի արտոնյալ վարկերի հաշվին: ՀԲ-ի ՍԱՔ-4-ը (Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկը), որ կազմում է 50 մլն դոլար, լիովին տրամադրվելու է մինչեւ տարեվերջ: Նախկին ՍԱՔ վարկի հատկացումն ուշացնելը անցյալ տարվա բյուջետային ճգնաժամի պատճառներից մեկը դարձավ:

Օդլինգ Սմիին ասել էր նաեւ, որ կառավարությունը հարկային եկամուտները պետք է բարձրացնի առաջին հերթին հարկային վարչարարության ոլորտում բարեփոխումները «տարածելու եւ արագացնելու» ճանապարհով:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG