Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձագանքելով հայ-թուրքական հանձնախմբի անդամ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենի այն հայտարարությանը, թե Ստամբուլում կայանալիք հանձնախմբի նիստին մասնակցելու համար կհրավիրվեն նաեւ հայ հոգեւոր առաջնորդներ, «Գոլոս Արմենիի» թերթը գրում է. «Նրանցից մեկն, առանց կասկածի, կարող է լինել Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, որը պարզապես փաստարկներ չի ունենա հրաժարվելու հայերի եւ թուրքերի հաշտեցման գործից, այն էլ՝ Ստամբուլում»: Մեկնաբանը նրա ներգրավումը ուժեղ քայլ է համարում. հանձնախմբում կներգրավվի ոչ միայն բարձրաստիճան եկեղեցական, այլեւ՝ Թուրքիայի հայ համայնքի փաստացի ղեկավարը:

Նայելով ապագային, «Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Երբ գործը հասնի հանձնախմբի գործունեության կոնկրետ արդյունքներին, ապա հանձնախմբի անդամների ընտրության մտածված սկզբունքները անպայման կաշխատեն»: Թերթի մատուցմամբ, արտաքին աշխարհի համար հանձնախմբի կազմը բավականին հնչեղ է՝ Հայկական սփյուռքի խոշորագույն կազմակերպության նախագահ, Ռուսաստանի նախագահական խորհրդի նախկին անդամ, նախկին արտգործնախարար, նախկին դեսպան: Գիտական աստիճաններ, կոչումներ, ինչպես ենթադրվում է նաեւ՝ հոգեւոր առաջնորդի ներգրավում: «Ամեն ինչ կարվի տպավորություն ստեղծելու համար, որ ամբողջ հայությունը հեղինակավոր կերպով ներկայացված է հանձնախմբում», - գրում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը հարցնելով, թե այդ ժամանակ ի՞նչ նշանակություն կունենա այն հանգամանքը, որ այդ մարդիկ, ըստ էության, միայն իրենց են ներկայացնում, եւ հայ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները չեն արտահայտում:

«Հայաստանի բանտերում պահվող անձանց 30-40 տոկոսն անմեղ են», - «Ազգ» թերթում պնդում է ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ, փաստաբան Ռուբեն Ռշտունին: Իրողությունը նա այսպես է պարզաբանում. - «Նախաքննություն իրականացնող մարմինները «ծեծ ու ջարդի միջոցով են ապացույցներ ձեռք բերում», այնուհետեւ գործը հասնում է դատարան, որտեղ «բոլորն իրար ճանաչում են, դատավորն էլ դատախազի ընկերն է, եւ դատախազության «սարքած» գործը փչացնելու որեւէ ցանկություն չունի»: Նշելով Հայաստանում գործող արդարադատության համակարգի թերությունները, Ռուբեն Ռշտունին թերթում ընդգծում է. - «Հայաստանի պես երկրում, որտեղ դատական սխալները զանգվածային բնույթ են կրում, պարզապես անհրաժեշտ է օրենքով վերացնել մահապատիժը»:

«ԱրմենՏել»-ը վերջերս «զգուշացնում» էր, որ շուտով րոպեավճար է ներդրվելու: Սույն սպառնալիքն արդարացնելու նկատառումներով նշվում էր 127 մլն դոլարի ներդրման փաստը», - գրում է «Ժամանակ»-ը: Թերթի մատուցմամբ, «ակնկալվում էր, որ առաջիկայում կհրապարակվի «ԱրմենՏել»-ի ներդրումների իրական պատկերը: «ԱրմենՏել»-ի ներկայացրած ու իրականում կատարված ներդրումային ծավալների անհամապատասխանության պարագայում խնդիրը կլուծվի միջազգային դատարանում»: Թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի մեկին րոպեավճար կիրառելու հետ կապված «ԱրմենՏել»-ի տնօրենի եւ Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարի միջեւ քննարկումներ են եղել: «ԱրմենՏել»-ի տնօրենը, «Ժամանակ»-ի հաղորդմամբ, սկզբունքորեն կողմ է րոպեավճարի ներդրումը հետաձգելու առաջարկին:

«Գոլոս Արմենիի»-ին, վկայակոչելով տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, հայտնում է, որ «սեպտեմբերից Հայաստանում կիջեցվեն միջազգային հեռախոսակապի, ինտերնետային եւ բջջային կապի սակագները»:

«Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ կենսաթոշակառուների պարտքերը կմարվեն, եւ կենսաթոշակների չափերը կավելացվեն», - «Հայաստանի Հանրապետություն» թերթում ասում է սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանը: Թերթում բերված տվյալներով, զգալիորեն նվազել են պարտքերը. «Եթե 2000թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմում էին 7.3 մլրդ դրամ, ապա ներկայումս՝ 2.1 մլրդ դրամ»: Թերթը նշում է, որ կենսաթոշակների բարձրացման հարցը քննարկվում է կառավարությունում, բայց այսօր թերեւս վաղ է խոսել այն մասին, թե որքան կաճեն կենսաթոշակները: «Ցավոք չենք կարող կենսաթոշակների չափը համապատասխանեցնել նվազագույն հաշվարկային սպառողական զամբյուղին, ինչպես, օրինակ, դա արվում է Ռուսաստանում, քանի որ մենք դեռեւս չունենք այդպիսի հնարավորություն», - ափսոսանքով գրում է «Հայաստանի Հանրապետություն»-ը:

Վերջերս խորհրդարանը հաստատել է Աղետի գոտու զարգացման համալիր ծրագիրը: «Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը ասում է. - «Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 79 մլրդ դրամի 59 միլիարդը կառավարությունն ակնկալում է ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Իսկ դա նշանակում է, որ ծրագիրը չկատարելու ռիսկը բավականին մեծ է»: Բացի դրանից պատգամավորը թերթում նշում է, որ «մեր կողմից հատկացվող 20 մլրդ դրամի 18 միլիարդն ուղղվելու է տնտեսության զարգացմանը եւ ոչ թե շինարարությանը», ինչը, պատգամավորի գնահատմամբ, միջոցների աննպատակային օգտագործում է: Վիկտոր Դալլաքյանն ընդգծում է. - «1988 թ. սկսած մինչեւ հիմա աղետի գոտու վերականգնման բոլոր ծրագրերը խախտվել են»: Փաստաթղթում նշված է, որ բնակարանի կարիք ունեն 14920 ընտանիք: Այս տվյալները համեմատելով 1998-2001 թվականների ծրագրի հետ, որտեղ նշված էր, թե բնակարանի կարիք ունեն 24258 ընտանիք, Վիկտոր Դալլաքյանը «Գոլոս Արմենիի»-ում եզրակացնում է. - «Ուրեմն ավելի քան 10 հազար ընտանիք, այսինքն մոտ 50 հազար մարդ մեկ տարվա ընթացքում աղետի գոտուց հեռացել է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG