Մատչելիության հղումներ

Հայաստանը խստացրել է սանիտարական հսկողությունը


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում խիստ սանիտարական հսկողություն է սահմանված Կենտրոնական Ռուսաստանից ժամանող ուղեւորների նկատմամբ՝ մերձվոլգյան Կազան քաղաքում բռնկված խոլերայի ներթափանցումը բացառելու նպատակով: Բոլոր ժամանողները նախ պատասխանում են սանիտարական բժշկի հարցերին, հավաստիացնում, որ առողջ են, եւ նոր միայն իրավունք ստանում մտնել Հայաստան:

«Պաշտոնապես հայտնում եմ, որ Հայաստանում խոլերայի դեպքեր չկան: Մեր ձեռնարկած բոլոր միջոցառումները կանխարգելիչ միջոցառումներ են», - այսօր լրագրողներին հայտարարեց հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը:

Խոլերա Հայաստանում այսօր չկա, սակայն դրա վտանգը Կազանի օրինակով առկա է, քանի որ այնտեղ խոլերան տարածվել է բաց ջրամբարներում լողացող երեխաների միջոցով: «Վերջերս մենք խոլերայի հարուցիչ ենք հայտնաբերել Հրազդան գետում», - ասաց Վլադիմիր Դավիդյանցը, նշելով, որ արդեն 10 օր է Հրազդանի կիրճում լողալն արգելված է, եւ տարածքը պահպանվում է ներքին գործերի աշխատակիցների կողմից:

Խոլերայի վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 1999 թվականի ամռանը Էջմիածնի շրջանի գյուղերից մեկում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG