Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Սոչիում կայացած ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը հայաստանյան մամուլը ներկայացնում է օտարերկրյա լրատվամիջոցների նյութերով: Վերլուծություններ, մեկնաբանություններ չկան: Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեջբերման, Քոչարյան - Ալիեւ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը լրագրողներին հաղորդել է. - «Կողմերը չկարողացան ընդհանուր հայտարարի գալ եւ շարունակել կոնսուլտացիաները... Բանակցությունները դյուրին չէին, բայց երկու նախագահներն էլ պատրաստ են սկսած գործը հասցնել մինչեւ վերջ եւ կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը»:

«Ժամանակ»-ի գնահատմամբ, Սոչիում Քոչարյան - Ալիեւ հանդիպման թերեւս միակ արդյունքն այն էր, որ նախագահները համաձայնության են եկել վերջ տալ տեղեկատվական պատերազմին: «Ազգ»-ը մեջբերում է Հեյդար Ալիեւի խոսքերը՝ «Ինձանից բացի Ադրբեջանում ոչ ոք չգիտի բանակցությունների նյութի մասին: Ուստիեւ այս թեմայով զանգվածային լրատվամիջոցներում ամեն մի ելույթ տվյալ հեղինակի անձական կարծիքն է»:

«Ազգ»-ը ներկայացնում է մոսկովյան «Պանորամա» տեղեկատվական- փորձագիտական կենտրոնի հետ անցկացրած հարցման արդյունքները, որի նպատակն է պարզել այն գործիչներին, որոնց գործունեությունը առավելագույնս ազդում է Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացման վրա: Մարտ ամսից ի վեր սա երրորդ նման հարցումն է: Համեմատելով ցուցանիշները, նախագծի հեղինակը նշում է, որ «անցյալ հարցման համեմատ ցուցակը կրել է միայն աննշան փոփոխություններ, ինչը վկայում է նրա ընդհանուր առմամբ ձեւավորված լինելու մասին»:

Առաջին քառյակը անփոփոխ է մնացել: 98,6 եւ 87,2 միավորներով համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերում են նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Ազգ»-ի գնահատմամբ, նրանց վարկանիշները «անհասանելի եւ անսասան են թվում»: Երրորդ տեղում ընթացող վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցուցանիշը բավականին արագ տեմպերով բարձրանում է. նախկին հարցման համեմատ այն ավելացել է 10 միավորով եւ հիմա 58,6 միավոր է կազմում:

Թերթի գնահատմամբ, մեծացնում է իր քաղաքական կշիռը Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը բարձրանալով 5-րդ տեղը՝ ընդհուպ մոտեցել է քառյակը եզրափակող Վարդան Օսկանյանին: Վեցերորդը Ստեփան Դեմիրճյանն է, որը նախկին հարցման համեմատությամբ մեկ քայլով նահանջել է: Նրան հաջորդում են ՀՅԴ գործիչներ Հրանտ Մարգարյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Իսկ առաջին տասնյակը եզրափակում են նախկին վարչապետ Արամ Սարգսյանը եւ Աշոտ Մանուչարյանը:

Հուլիսյան հարցման ամենամեծ անսպասելիությունը «Ազգ»-ը համարում է նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի «կտրուկ վերելքը»: Նախկին 54-րդ տեղից նա հայտնվել է 16-րդ դիրքում: Թերթը հետաքրքիր է համարում նաեւ այն փաստը, որ, դուրս գալով ՀԺԿ-ից, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը առաջին անգամ տեղ է գրավել քաղաքական գործիչների ազդեցիկության ռեյտինգի 20 գործիչների շարքում՝ եզրափակելով ցուցակը: Ըստ «Ազգ»-ում բերված տվյալների, շարունակում են թուլանալ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքերը: Մարտի հարցման արդյունքում նա հինգերորդն էր, ապրիլին՝ 11-րդը, իսկ հիմա 17-րդ տեղում է:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը հատկանշական է համարում, որ «Ազգային ժողովում քաղաքական ուժերի մեծամասնությունը միասնական դիրքորոշում է որդեգրել հայ-թուրքական հանձնաժողովի վերաբերյալ»: Միաժամանակ նա մտահոգություն է հայտնում, որ «ցեղասպանությանն առնչվող հարցերը, որոնք համակարգային նշանակություն ունեն եւ մշտապես եղել են միավորող գործոն թե' հայրենիքում եւ թե' Սփյուռքում, այսօր տարակարծությունների առարկա են դառնում մեր ժողովրդի տարբեր հատվածներում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մեզ համար այնքան անհրաժեշտ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միասնական ջանքերի վրա»:

«Հայաստանի Հանրապետություն»-ում ԱՆ մամուլի խոսնակը շեշտում է. - «Նման երկխոսությունները կամ քննարկումները չեն կարող երբեք Հայաստանի իշխանություններին շեղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության ճանաչման հարցի ընդգրկումից եւ դրա հետեւողական հետապնդումից ու իրականացումից»:

«Իրավունք»-ի տեղեկություններով, «իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը հաստատել են լավ փոխհարաբերություններ, ինչը թույլ է տալիս Անդրանիկ Մարգարյանին զերծ մնալ զոհաբերման ենթակա քաղաքական ֆիգուրի վերածվելու վտանգից»: Թերթի կանխատեսմամբ, «աշնանը տեղի կունենան որոշակի կադրային փոփոխություններ ինչպես ԱԺ ղեկավարությունում, այնպես էլ կառավարությունում»: Ըստ «Իրավունք»-ի, փոփոխություններ են ակնկալվում նաեւ հակաիշխանական դաշտում: Վերլուծելով ընդդիմադիր կուսակցությունների փոխհարաբերությունները, «Իրավունք»-ի մեկնաբանը եզրակացնում է. - «Այն փաստը, որ ընդդիմադիր դաշինք այդպես էլ չի ձեւավորվում, վկայում է փոխադարձ անվստահության մասին»:

«Հանրապետությունում ստեղծվել է մի վիճակ, երբ երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները հիմնականում քաղաքական դաշտում են կատարվում, եւ, միանշանակ՝ երկու անձանց թելադրանքով: Բոլորին են հայտնի այդ երկու անունները. երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան», - «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Նրա բնութագրմամբ, ներկա Ազգային ժողովը «կնոպկա սեղմողների խորհրդարան է, որը եթե նամուս ունենա, պետք է ինքնալուծարվի»:

Աշնանային զարգացումների մասին Մանուկ Գասպարյանը «Իրավունք»-ում մռայլ կանխատեսում է անում. - «Թեժ հակամարտությունը ոչ թե աշնան սկզբում, այլ վերջում է լինելու: Այնքան թեժ, որ բանը գուցեեւ մինչեւ արյունահեղության հասնի: Իշխանությունը, եթե զգաց, որ հողը ոտքի տակից փախել է, եւ անպայման պետք է հրաժարական տա, գուցեեւ արյուն թափի»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG