Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավարտվեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը





Նախկին խորհրդային տասը պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ղեկավարները Ռուսաստանի հարավում գտնվող Սոչի քաղաքում հինգշաբթի օրն ավարտեցին իրենց երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկեցին թմրանյութերի մաքսանենգության եւ միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի միջոցները: Եզրափակիչ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ ԱՊՀ ղեկավարների հավաքը Սոչիում «շատ օգտակար ու միանգամայն անկեղծ էր»:

Օրվա առաջին կեսին Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: «Իտառ-Տասս»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի նախագահն Ալիեւին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ խնդրի շուրջ վերջերս անցկացրած իր քննարկումների մասին: Ռուսաստանի նախագահը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միացյալ խաղաղարար ջանքեր կպսակվեն հաջողությամբ:

Ղարաբաղի հարցը կենտրոնական էր նաեւ չորեքշաբթի օրը կայացած Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Քոչարյանի հանդիպման ընթացքում: Քննարկվել էին նաեւ Պուտինի հաջորդ ամիս Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սոչիում երեկ ունեցած առանձնազրույցից հետո հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացն առաջխաղացում չի ունեցել: «Թուրան» գործակալության մեջբերմամբ, Ալիեւն ասել էր, որ երկու կողմերը քննարկել են հակամարտության լուծման մի քանի տարբերակներ եւ պայմանավորվել են շարունակել իրենց անմիջական շփումները:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG