Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հանրապետության նախկին նախագահի խորհրդական Կտրիճ Սարդարյանը «Ազգ» օրաթերթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խնդիրներին: Օրվա բանավեճի՝ թուրք-հայկական հաշտարար հանձնաժողովի վերաբերյալ նա այսպիսի կարծիք է հայտնում. «Այդ հանձնաժողովի ստեղծման բուն պատճառը տարածաշրջանային հարցերն ամբողջականությամբ լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությամբ է պայմանավորված... նոր իրողություններն արտահայտված են այն բանով, որ Մինսկի համանախագահները Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում են տարածաշրջանային իրար հետ փոխկապակցված ու լուծում պահանջող խնդիրների հետ: Սա նոր առաջարկության առավելությունն է եւ ո'չ հակառակը»:

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում հայաստանյան քաղաքական ուժերի դիրքորոշումները նախկին նախագահի խորհրդականը գնահատում է որպես «կոլեկտիվ անպատասխանատվություն» նոր քաղաքական իրողությունների հանդեպ: «Փոխակերպման եւ ինքնահաղթահարման բարդ խնդիրը պահանջում է նոր իրողություններին համարժեք քաղաքական մոտեցումներ ու գործելակերպ», - «Ազգ»-ում նշում է Կտրիճ Սարդարյանը, հավելելով, որ դրան հասնելու համար խանգարում են նախկին մոտեցումները:

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը եւ դարավոր թշնամանքի վերացումը Հայաստանի քաղաքական հեռանկարի համար անհրաժեշտություն է... Առավել եւս, որ այս հարցում դրական դիրքորոշում ունի նաեւ Ռուսաստանը: Ռուսաստանի այս դիրքորոշումը պատմական տեղաշարժ է, որից պետք է ճիշտ օգտվել: Բոլոր առումներով իրադրությունը նպաստավոր է», - «Ազգ»-ի հրապարակմամբ շեշտադրում է Սարդարյանը:

Այսօր լույս տեսած բոլոր թերթերը ներկայացնում են Վազգեն Մանուկյանի ասուլիսը: «Ժամանակ»-ն ընդգծում է, որ անդրադառնալով խորհրդարանի գործունեությանը, Վազգեն Մանուկյանը նշել է, թե «Ազգային ժողովը մահացու հիվանդ է, եւ քաղաքական վերադասավորումները օգուտ չեն տա: Միեւնույն ժամանակ, ըստ պրն Մանուկյանի, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն էլ նպատակահարմար չեն, քանի որ քաղաքական դաշտը դեռեւս ձեւավորված չէ, եւ հնարավոր չէ «իմաստալից» ընտրություններ անցկացնել»:

«Հայոց Աշխարհ»-ը խորհրդարանի այսօրվա վիճակը նմանեցնում է «գետանցում կատարող նավակի, որի անձնակազմը երկարատեւ տատանումներից հետո վերջապես համարձակություն ունեցավ պոկվել մի ափից, բայց մինչեւ մյուս ափը թիավարելու ո'չ վճռականություն ունի, ո'չ էլ՝ ունակություն»: Նույն թերթի հարցազրույցում ՀԺԿ-ից հեռացած, այժմ «Միասնություն» խմբակցության քարտուղար Գագիկ Ոսկանյանը չի բացառում նոր կուսակցություն ստեղծելու հեռանկարը: «Իմ անձնական կարծիքով, ԱԺ-ում արդյունավետ աշխատելու համար պատգամավորը պետք է քաղաքական ուժ ներկայացնի: Մենք մտածում ենք այդպիսի ուժ ձեւավորելու մասին, մանավանդ, որ տեղերում, առանձին տարածքային կազմակերպություններում ՀԺԿ-ականներ կան, որ համակրում են մեզ: Մենք նրանց հետ կխորհրդակցենք եւ, հավանաբար, աշխատանքներ կսկսենք նոր կուսակցություն ձեւավորելու ուղղությամբ», - ասում է Գագիկ Ոսկանյանը:

«Արարատ-ցեմենտ»-ի վերակազմավորման վերաբերյալ կառավարության որոշումը մեկնաբանում եմ որպես ուղղակիորեն ընդդեմ կոլեկտիվի: Կազմվել է այնպես, որ կոլեկտիվը չկարողանա գնել, - «Առավոտ» -ի թղթակցին ասել է գործարանի տնօրեն, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: «Առավոտ»-ը հիշեցնում է, որ «Արարատ-ցեմենտ»-ի համար նախնական գին է սահմանվել 8 միլիոն դոլարը, իսկ «Հրազդան-ցեմենտ»-ը արդեն վաճառվել է 750 հազար դոլարով: Ընդ որում «Հրազդան-ցեմենտ»-ը «Միկա Արմենիա»-ն ձեռք է բերել ուղիղ վաճառքով, իսկ «Արարատ-ցեմենտ»-ի համար միջազգային մրցույթ է կազմակերպվում: . «Պիտի հիասթափեցնեմ իմ ախոյաններին։ Մասնակցելու եմ մրցույթին։ Մյուսներին խորհուրդ չեմ տա մասնակցել։ Կարող եմ ելքեր գտնել եւ ցանկացած գնորդի համար համապատասխան մրցակից լինել։ Եվ ասեմ, մասնակիցներն անհամեմատ ավելի խելոք են, բոլորն էլ փորձում են ինձ հետ ընդհանուր ելքեր գտնել՝ հետո գնել։ Ես էլ, բնականաբար, բոլորի հետ հանդիպում եմ եւ խորհուրդ չեմ տալիս մասնակցել մրցույթին», - Առավոտ»-ում ասում է Արամ Սարգսյանը:

Ատոմակայանում ստեղծված իրավիճակի մասին «Հայոց Աշխարհ»-ին պարզաբանումներ է տվել կայանի տնօրեն Սուրեն Ազատյանը: Նրա համոզմամբ, բաց նամակում արծարծված հարցերից միայն աշխատավարձի վճարման պահանջն է ճշմարիտ ու արդարացի: Մյուս հարցերի մասին ատոմակայանի տնօրենն ասում է. «ժողովների ու խորհուրդների ժամանակ չէ, եւ պետք չէ անպատասխանատու հայտարարություններ անել աշխատանքը դադարեցնելու մասին: Մի անգամ դա արդեն եղել է 90-ականների սկզբին, եւ բոլորս տեսանք ու զգացինք, թե ինչ կատարվեց արդյունքում»: Թերթում հրապարակված տվյալներով, ատոմակայանը ծանր ֆինանսական կացության մեջ է հայտնվել Հայէներգոյի պատճառով: Հայէներգոն ատոմակայանին շուրջ 120 միլիոն դոլար կամ 63 միլիարդ դրամ է պարտք: Եվ սա այն դեպքում, երբ ատոմակայանն իր արտադրած էլեկտրաէներգիան իրացնում է ամենացածր գնով: Ֆինանսական խնդիրներից բացի, ատոմակայանի տնօրենը «Հայոց Աշխարհ»-ում ուշագրավ մի կարծիք է հայտնում. - «Կոլեկտիվի ներսում խառնակիչներ կան, ինչը դրսից է գալիս: Դրա նպատակն է ՀԱԷԿ-ի հզոր ու միաձույլ կոլեկտիվը խառնել քաղաքական շահարկումներին եւ ինչ-ինչ խնդիրներ լուծելու առարկա դարձնել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG