Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ներկայացուցիչը շեշտում է կառավարման բարելավման կենսականությունը Հայաստանի համար





Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի Եվրոպայի երկրորդ վարչության տնօրեն Ջոն Օդլինգ-Սմիին վարչապետ Անդրանիկ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ կրկնեց վերջին ժամանակներս միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ Արեւմուտքի դոնոր երկրների կողմից ավելի ու ավելի հաճախ հնչող կոչերը Հայաստանում գործարար միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու մասին: «Կառավարման բարելավումն ու կոռուպցիայի կրճատումն» է քայքայված երկրի տնտեսական զարգացման բանալին, - ասել է նա:

Ջոն Օդլինգ Սմիին երկօրյա այցի ընթացքում հանդիպել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիմնական նպատակը կառավարության եռամյա տնտեսական ծրագրի իրականացման գնահատումն էր: Ընթացիկ տարվա մայիսին վերոհիշյալ ծրագրի հաստատումը ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի կողմից հանգեցրեց 87 միլիոն դոլարի նոր վարկի հատկացմանը, որի առաջին չափաբաժինն արդեն ստացվել է: Եռամյա «Աղքատության կրճատման եւ աճի վարկը» միտված է մակրոտնտեսական կայունության պահպանմանը:

Օդլինգ Սմիին, միանալով այս ամիս ավելի վաղ Երեւան ժամանած ԱՄՀ-ի պատվիրակությանը, դեռ մեկ շաբաթ էլ կմնա այստեղ: «Հարկավոր անել հնարավոր ամեն բան մասնավոր գործարարության համար առողջ միջավայր ստեղծելու համար», - ասել է նա Հայաստանի ամերիկյան համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ:

Ներկայացնելով կառավարման բարելավման իր գաղափարը, ԱՄՀ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը պնդեց, որ իշխանությունները պետք է է'լ ավելի մեծացնեն հավաքվող հարկերի ծավալը, ավելի ռացիոնալ դարձնեն բյուջեի ծախսերը, պայքարեն համատարած կոռուպցիայի դեմ եւ բարելավեն ներդրումային մթնոլորտը: Նա նաեւ կոչ արեց բարելավել պետական մնացած գույքի կառավարումը՝ ներառյալ սեփականաշնորհումը:

Օդլինգ-Սմիին «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ տեսնում է կառավարության վճռական հանձնառությունը նշված բոլոր ուղղություններն առաջ տանելու գործում: «Մասնավորեցման բնագավառում նրանք ունեն հստակ ծրագիր եւ ջանադրաբար աշխատում են: Վերջին ամիսներին մեծացել է մասնավորեցվող ձեռնարկությունների քանակը», - ասաց նա: Օդլինգ-Սմիին ավելացրեց, որ վերջերս ստեղծված կառավարական հակակոռուպցիոն հանձնաժողովը՝ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ «եւս մեկ վկայություն է այն բանի, որ իրենք վճռական են տրամադրված այդ ուղղությամբ շարժվելու առումով»:

Գործարար մթնոլորտի բարելավման կարեւորությունը շեշտում են նաեւ Համաշխարհային բանկն ու Արեւմուտքի դոնոր երկրների կառավարությունները: Դա էր ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Յոհաննես Լիննի Հայաստան կատարած վերջին այցի առանցքային թեման:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG