Մատչելիության հղումներ

Հայաստանի վերին ատյանի դատարանները հիմնականում անփոփոխ են թողնում վճիռները


Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի հանրապետությունում առաջին ատյանի դատարանների վճիռները, անցած տարվա տվյալներով, 97,8 տոկոսով կայուն են, այսինքնն դրանք կամ չեն բողոքարկվել են կամ չեն բեկանվել այլ դատական ատյաններում:

Ըստ Հայաստանի հանրապետության դատավորների միության հրապարակած տվյալների, անցած տարի առաջին ատյանի դատարանում կայացված 25 հազարից ավելի վճիռների միայն 8,8 տոկոսն է բողոքարկվել: Իսկ փոփոխված կամ բեկանված վճիռները կազմում են 2,2 տոկոս: Այսինքն բողոքարկված 2266 վճիռներից փոփոխվել կամ բեկանվել է միայն 563-ը:

Միայն տնտեսական գործերով վերաքննիչ դատարան մուտք գործած 367 գործերի կեսից ավելին վերաքննիչ դատարանում ամբողջությամբ այլ բովանդակությամբ նոր վճիռներ են ստացել, նույնաբովանդակ մնացել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռների միայն 40 տոկոսը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով դատական ատյանների հասանելիության մասին հարցին, ասաց. - «Ցավոք սրտի, եթե ենթադրում ենք, որ քաղաքացին ինքնուրույն կարող է լիովին պաշտպանել իր շահերը դատարանում, կարծում եմ՝ ոչ... Դրա համար պետք է ունենալ մասնագիտական գիտելիքներ: Դրա համար էլ հենց ստեղծված է փաստաբանության ինստիտուտը աշխարհում»:

ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով այս տարի մուտք գործած դիմումների 40 տոկոսը առնչվում են դատական համակարգին եւ հարկադիր կատարման ինստիտուտին: Բողոքները դատական համակարգից ակնհայտորեն շատ են. դրանք հնչում են ամենուր, սակայն ամենաքիչը՝ դատարանում:

«Եզակի չեն այն դեպքերը, երբ իմ ընդունելությունների ժամանակ մարդիկ ներկայացնում են բողոքներ, պնդելով, որ իրենք ակնհայտորեն ճիշտ էին: Բերում են ապացույցներ նախարարին ցույց տալու համար, իսկ այն հարցին, թե արդյոք դատարանում դրանք ներկայացրել են, պարզվում է, որ որեւէ մեկի մտքով չի անցել դա ներկայացնել դատարանում, քանի որ, ինչպես իրենք են ասում, դատարանը չի պահանջել: Ուզում եմ հիշեցնել, որ դատարանն այսօր մրցակցային դատավարություն է իրականացնում, եւ դատարանը չպետք է պահանջի: Կողմերն իրենք են ներկայացնում իրենց փաստարկներն ու պահանջները», - ասաց արդարադատության նախարարը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG