Մատչելիության հղումներ

ԱԺՄ-ին չի հաջողվում խորհրդի նիստ գումարել


Ազգային ժողովրդավարական միությունն (ԱԺՄ) այսօր փորձեց կուսակցության խորհրդի նիստ գումարել, որպեսզի փնտրեն ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր: Սակայն վարչության 9 անդամներից չէին ներկայացել 7 ընդդիմադիրները: Երեկ ԱԺՄ խորհրդի նիստ հրավիրելու անհաջող փորձ էր կատարել նաեւ կուսակցության մյուս թեւը:

Այսօր քվորումի բացակայության պատճառով խորհրդի նիստը խորհրդակցության վերածվեց: Մասնակցում էին վարչության երկու անդամներն ու կուսակցության տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչները:

Երկար քննարկումներից հետո ի վերջո մի փաստաթուղթ ստեղծվեց, որը ստորագրեցին խորհրդի 24 անդամներ: Ըստ այդ փաստաթղթի, առաջարկվում է մինչեւ օգոստոսի 25-ը դադարեցնել վարչության աշխատանքները, անվստահություն հայտնել վարչության այսօր չներկայացած 7 անդամներին, ինչպես նաեւ դիմել սկզբնական այն կազմակերպություններին, որոնց անդամակցում են այդ 7 հոգին՝ քննարկել եւ նրանց ԱԺՄ-ից հեռացնել:

Առաջարկվել է նաեւ մինչեւ առաջիկա համագումարը, որը ենթադրաբար տեղի է ունենալու աշնանը, կուսակցության ղեկավարությունը ստանձնի խորհուրդը՝ կուսակցության նախագահի գլխավորությամբ:

Ըստ ընդունված փաստաթղթի, հարկավոր է տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին, որ կուսակցության խորհուրդը ԱԺՄ խմբակցության անդամ է ճանաչում միայն Վազգեն Մանուկյանին, իսկ պատգամավորներ Սեյրան Ավագյանը, Սեմյոն Բաղդասարյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը այլեւս չեն կարող ներկայանալ ԱԺՄ կուսակցության անունից:

ԱԺՄ-ում հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող խմորումները շարունակվում են: Շարքային կուսակցականների մեկնաբանությամբ, այս ամենը պորտֆելներ ստանալու պայքար է:

Ոմանք, ինչպես օրինակ ԱԺՄ Երեւանի տարածքային մասնաճյուղի անդամ Վարդան Պողոսյանը, կարծում են, որ ներկուսակցական այս խմորուները իշխանությունների հանձնարարությամբ են հրահրվում՝ նպատակ ունենալով ասպարեզից հեռացնել Վազգեն Մանուկյանի նման ճանաչված քաղաքական գործչին:

ԱԺՄ-ի հիմնադիր անդամներից Շավարշ Քոչարյանը, որի մի քանի ամիս առաջ դուրս գալով ԱԺՄ-ից ստեղծել է իր՝ Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, այսօր միանշանակ կերպով հաստատեց շարքային որոշ ԱԺՄ-ականների այն տեսակետը, թե ստեղծված իրավիճակում մեղքի իր բաժինն ունի նաեւ Վազգեն Մանուկյանը՝ անցած համագումարում որդեգրած իր դիրքորոշումներով, որոնց արդյունքում ԱԺՄ-ն է'լ ավելի գաղափարազրկվեց, սկսեցին գործել ջունգլիների օրենքները:

«Հիմա էլ Վազգեն Մանուկյանը սկսեց խանգարել», - ասաց Շավարշ Քոչարյանը: - «Արդյունքում իրենք դիմում են շատ ավելի նենգ քայլերի, որպեսզի կարողանան ազատվել Վազգեն Մանուկյանից»:

ԱԺՄ-ից հունիսին դուրս էր եկել մեկ այլ հիմնադիր անդամ եւս՝ Արշակ Սադոյանը, որը նույնպես ստեղծել է իր՝ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը:

Չորեքշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսում ԱԺՄ-ում Վազգեն Մանուկյանին հակադրվող ուժերի ներկայացուցիչներից Սեյրան Ավագյանն ասել էր, թե «ԱԺՄ նախագահի եւ վարչության անդամների, ֆրակցիայի անդամների միջեւ գաղափարական եւ քաղաքական սկզբունքների տարաձայնություն չկա»: Այդուհանդերձ, հաջորդ իսկ օրը ԱԺ-ում ԱԺՄ խմբակցության երեք անդամները՝ Սեյրան Ավագյանը, Սեմյոն Բաղդասարյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը, Վազգեն Մանուկյանի բացակայությամբ, անցկացրել էին խմբակցության նիստ եւ վերջինիս ազատել խմբակցության ղեկավարի պարտականություններից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG