Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի լրագրողները Լեռնային Ղարաբաղում


Երեկ երեկոյան Ստեփանակերտ էր ժամանել հայ եւ ադրբեջանցի լրագրողների խումբը՝ մասնակցելու «Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի, Հայաստանի, Ղարաբաղի հասարակական կարծիքի եւ լրատվամիջոցների հայելու մեջ» խորագրով անցկացվող համաժողովին: Ադրբեջանցի 5 լրագրողները ներկայացնում են «Թուրան», «Ինտերնյուս» գործակալությունները, Բաքվի մամուլի ակումբը, ադրբեջանական այլ լրատվամիջոցներ: Հայաստանի լրագրողների պատվիրակության ղեկավարը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է:

Նախաձեռնությունը պատկանում է Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի մամուլի ակումբներին: Հովանավորն է ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակության ինստիտուտ» միջազգային կազմակերպությունը:

Համաժողովում քննարկվեցին երեք մամուլի ակումբների անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները՝ նպատակ ունենալով հետազոտել երեք հանրապետություններում հասարակական կարծիքը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Նաեւ դիտարկվում են հակամարտության վերաբերող մամուլի հրապարակումները:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, Ադրբեջանի «Նոր սերունդ» լրագրողական միավորման նախագահ Արիֆ Ալիեւը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այն մեծամասամբ պայմանավորված է արտաքին գործոններով: «Արտաքին իրողություններն Ադրբեջանում ուղղակի ազդեցություն ունեն այնպիսի հիմնահարցերի վրա, ինչպիսին են իշխանությունը, հանրապետության վաղվա ուղին»:

Հակամարտության կարգավորման մասին Ալիֆ Ալիեւն ասաց. - «Վատ ենք պատկերացնում, թե որքան մոտ է կարգավորման հեռանկարը, եւ վատ ենք պատկերացնում թե ինքներս որքան հեռու ենք այդ հեռանկարից... Մի փոքրիկ քայլ դեպի այդ հեռանկարն արված է»:

Ադրբեջանցի լրագրողի փոխանցմամբ, Բաքվում տարբեր կերպ են գնահատում իրենց այցը: Բայց նա համարում է, որ հարկավոր է օգտվել իրենց հուզող իրողություններին ծանոթանալու եւ դրանք հանրությանը ներկայացնելու հնարավորությունից:

«Զգում եմ, որ իրենք էլ հասկանում են՝ նկատի ունեմ ոչ միայն լրագրողներին, այլեւ հասարակական կարծիքն ընդհանրապես, որ պետք է խոսել արցախցիների հետ: Այլընտրանք չկա: Մենք հույս ունենք, որ այս երկխոսությունը կշարունակվի պետական մակարդակով», - ասաց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:

Հանդիպման մասնակիցներին այսօր ընդունելու է ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը: Չի բացառվում նաեւ նրանց հանդիպումը հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Սա երկու երկրների լրագրողների երկրորդ հանդիպումն է: Նման համաժողով անդեն անցկացվել է Երեւանում ընթացիկ տարվա մարտին: Երրորդ հանդիպումը կայանալու է այս տարվա աշնանը Բաքվում:

Վաղը Երեւան մեկնելուց առաջ ադրբեջանցի եւ հայաստանցի լրագրողները կայցելեն նաեւ Շուշի:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG