Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Ֆրասիան փորձում են բուժել հայամետ որոշման պատճառած վերքերը


Անկարա, Թուրքիա (Սյուզան Ֆրեյզեր, «Ասոշիեյթըդ Պրես») - Ուրբաթ օրը Անկարայում բանակցություններ անցկացրին Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Բանակցությունները նպատակ ունեին, իրենց իսկ խոսքերով, վերականգնել երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնք վնասվել էին Ֆրանսիայի կողմից հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց հետո:

Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը, այդուհանդերձ, նշեց, որ ֆրանսիական ընկերություններին այսուհետ եւս չի թույլատրվի մասնակցել Թուրքիայի պաշտպանության ոլորտին առնչվող պայմանագրերի մրցույթներին:

«Մենք որոշեցինք նայել ապագային՝ չմոռանալով անցյալը», - լրագրողներին ասել է Ջեմը համատեղ մամուլի ասուլիում: - «Դա կառավարության որոշումն է (պայմանագրերի վերաբերյալ) եւ այն փոփոխություն չի կրել»:

Ֆրանսիայի խորհրդարանը հունվարին կողմ քվեարկեց որոշման, որով 1915-1923 թվականների ընթացքում Օսմանյան կայրությունում դեպի արեւելյան Թուրքիա բռնագաղթի ընթացքում հայերի զանգվածային սպանությունները ճանաչեց որպես ցեղասպանություն: Այդպիսին է հայերի տեսակետը: Թուրքիան ասում է, թե սպանվածների թիվն ուռճեցված է, թե հայերը սպանվել կամ բռնագաղթի են ենթարկվել քաղաքացիական անկարգությունները ճնշելու ընթացքում:

Ի պատասխան, Թուրքիան չեղյալ հայտարարեց ֆրանսիական ընկերությունների հետ կնքված միլիոնավոր դոլար արժեքով պայմանագրերը, որոնք առնչվում էին պաշտպանության ոլորտին:

«Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումը բացասական ազդեցություն ունեցավ մեր փոխհարաբերությունների վրա... սակայն Ֆրանսիան Եվրամիության մեջ մի երկիր է, որն ավանդաբար աջակցել է Թուրքիային», - ասել է Ջեմը: 1999 թվականին Թուրքիան ընդունվել է որպես Եվրամիության անդամության թեկնածու:

Մեկօրյա այցով Թուրքիայում գտնվող նրա գործընկեր Հյուբեր Վեդրինը ասել է, որ Ֆրանսիան կամեցել է «համերաշխություն դրսեւորել Թուրքիայի նկատմամբ՝ ծանր տնտեսական ժամանակներում»: Փետրվարին սկսված ճգնաժամի ընթացքում թուրքական լիրան դոլարային համարժեքով կիսով չափ անկում է ապրել:

Նախարարներն ասել են, որ ձգտում են շարունակել երկխոսությունը Կիպրոսի եւ Եվրոպական պաշտպանական ծրագրերի վերաբերյալ. այս երկու հարցերի գծով անհամաձայնություն կա Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ: Թուրքիան նախազգուշացմամբ է հանդես եկել ընդդեմ Կիպրոսին որպես անդամ ընդունելու Եվրամիության մտադրության՝ առանց կարգավորելու իրավիճակը 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո կիսված կղզում:

Թուրքիան դեմ է հանդես գալիս նաեւ Եվրամիության պաշտպանական ուժերի ստեղծմանը, որոնց համար մատչելի պիտի լինեն ՆԱՏՕ-ի ռեսուրսները: Որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան պնդում է, որ դերակատարություն պիտի ունենա ստեղծվելիք ուժերում որոշումների ընդուման գործում:

Վեդրինն ասել, որ Եվրամիությունը պետք է ուշադրություն դարձնի Թուրքիայի մտահոգություններին, միաժամանակ կոչ անելով Թուրքիային «ըմբռնում եւ աջակցություն ցուցաբերել եվրոպական ծրագրին»: Ուրբաթ օրը Վեդրինը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեվիդին: Քաղաքից բացակայող նախագահ ԱՀմեդ Սեզերի հետ հանդիպում ծրագրված չէր: Թերթերի հաղորդումների համաձայն, Սեզերը խուսափել է ընդունել Վեդրենին՝ ի նշան բողոքի հայոց ցեղասպանության որոշումն ընդունելու դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG