Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Բավական բուռն քաղաքական կիսամյակը ավարտվում է ԱԺ արտահերթ նստաշրջանով եւ հանրապետության ներքաղաքական կյանքում առաջիկա մեկ-երկու ամիսներին կհաստատվի հարաբերական անդորր: Դատելով ամեն ինչից, այդ ժամանակահատվածը քաղաքական ուժերը կօգտագործեն «թեժ աշնանը» նախապատրաստվելու համար», - այսպես ամփոփելով քաղաքական կիսամյակը, «Հայոց Աշխարհ»-ը նաեւ ուրվագծում է, թե ուժերի ինչպիսի հարաբերակցությամբ են դեպի «թեժ աշուն» գնում դիմությունն ու ընդդիմությունը: - «Ակնհայտ դարձավ իշխանություններին աջակցող ուժերի շարքում իր առաջնային դիրքերը պաշտպանել ու ամրապնդել է միայն Հանրապետական կուսակցությունը, որի վրա հենվելուն զուգահեռ իշխանությունը փորձում է օգտագործել աստիճանաբար իր շուրջը համախմբվող ԱԺՄ-ի, «Օրինաց երկրի» եւ խորհրդարանական մի շարք մանր խմբերի ուժերը»: Ընդդիմության ճամբարում, որտեղ, մեկնաբանի կարծիքով, ձեւավորվել է նախընտրական առաջին միավորումը, դասվում են ՀԺԿ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազգային միաբանություն»-ը, Ազգային համաձայնության ճակատը: Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, «եթե իշխանությունները ու նրանց հետ համագործակցող քաղաքական ուժերը նախապատրաստվում են 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, ապա ընդդիմությունը... իր առջեւ նպատակ դնելով քաղաքական վճռական ճակատամարտ տալ այս աշնանը, ինքն իրեն դնում է ցայտնոտի մեջ: Արտահերթ նախագահական ընտրությունների նրանց պահանջը չի կարող լայն անձագանք գտնել հանրության մեջ: ժողովուրդը հոգնել է ցանկացած ցնցումից եւ երբեք նախապատվություն չի տա այն ուժին, որը թեկուզ դանդաղ, բայց հաստատուն քայլերով բարելավում ապահովելու փոխարեն առաջարկում է շտապ քանդել այն, ինչ կա», - եզրահանգում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Կուսակցությունների քանդման, պառակտման, արհեստական ակտիվացման կամ դաշինքների ինքնանպատակ պահպանման պրոցեսներն իրենց հիմքում ունեն շատ լուրջ պառճառներ, որոնք պետք է անպայման վերհանվեն, հակառակ դեպքում նման պրոցեսներն անըհդհատ շարունակվելու են՝ ստանալով արտաքուստ ավելի անլուրջ, իսկ խորքում՝ ավելի վտանգավոր երանգ», - գրում է «Ժամանակ»-ը, նշելով. - «ՀԺԿ-ն պետք է քանդվեր, եւ սա այն դեպքն է, երբ ոչ մեկին մեղադրելու խնդիր չկա»: Թերթի մատուցմամբ, «կուսակցությունը վերջին մեկուկես տարում այդպես էլ չկարողացավ քաղաքական հստակ դիրքորոշում ձեւավորել»:

«Անցած մեկ տարվա ընթացքում այնքան կեղծ մահախոսականներ կարդացվեցին «Միասնության» առնչությամբ, որ այժմ, երբ արդեն փաստացի արձանագրվում է այդ դաշինքի՝ որպես Հանրապետական եւ Ժողովրդական կուսակցությունների միավորման չգոյությունը, ոչ ոք այլեւս հարկ եղած ուշադրությունը չի դարձնում կատարվածին», - արձանագրում է «Առավոտ»-ը։ Նույն թերթում բերված է ՀԺԿ-ի հայտարարությունը. - «ՀԺԿ-ն ներկայացնող Վ. Մկրտչյանին «Միասնություն» խմբակցության քարտուղարի պարտականություններից կամայական ազատելը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն, գործարքի մեջ մտնելով ՀԺԿ-ից վտարված կամ դուրս եկած պատգամավորների հետ, վերջնականապես խախտել է իշխանության միակ տիրոջ՝ ժողովրդի կամքը, եւ դրանով իսկ ՀՀ ԱԺ-ն վերածվել է ոչ լեգիտիմ, հակաժողովրդական մարմնի։ ՀԺԿ-ն գտնում է, որ ժողովրդի կյանքով մտահոգ մեր պետականության ճակատագրի հանդեպ շահագրգիռ բոլոր ուժերը պետք է լրջորեն մտածեն ՀՀ ԱԺ-ի հետագա գործունեության անհրաժեշտության մասին»։

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Սուրեն Զոլյանը ստեղծված իրավիճակից լավագույն հանգուցալուծումը համարում է այն, որ «ԱԺ-ն վերջապես իր ուժերը կենտրոնացնի նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդունման ուղղությամբ եւ հայտարարի ինքնալուծարման մասին»: Սուրեն Զոլյանի գնահատմամբ, «կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում, ըստ էության, դարձել է ոչ թե որոշակի քաղաքական կամ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ կառավարության կազմում ընդգրկվելու, նախարարական պորտֆելներ ստանալու ինքնանպատակ գործիք»: Զոլյանի կարծիքով, «վերջին վերադասավորումներն էլ վերջնական չեն, քանզի դարձյալ իրավիճակային բնույթ են կրում, եւ այդպես էլ անհասկանալի է մնում, թե սկզբունքային ի՞նչ դիրքորոշումների շուրջ են տրոհվում, համագործակցում կամ միավորվում խորհրդարանական միավորները»: Ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցին, թե որքանով են հիմնավորված այն մեղադրանքները, որ ներկուսակցական պառակտման պատճառները գործադիր իշխանության վերին էշելոններից են գալիս, Սուրեն Զոլյանն ասում է. - «Ըստ իս, դա ընդամենը թուլության, տկարության արտահայտություն է»:

Վազգեն Մանուկյանին ԱԺՄ խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատելու որոշումը «Հայկական ժամանակ»-ում նախկին ԱԺՄ-ական Արշակ Սադոյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ. - «Մարդիկ, որոնք մեծամասնական ընտրատարածքներում հավաքեցին չնչին ձայներ, որոնք Վազգեն Մանուկյանի, Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, ԱԺՄ-ի գաղափարների շնորհիվ դարձել են պատգամավոր, հետագայում դավաճանել են հենց ԱԺՄ-ի սկզբունքներին: Նրանք գնացել են... իշխանության սեղանից օգտվելու, եւ հիմա, երբ իրենց Վազգեն Մանուկյանն է խանգարում, որոշում են նրան հանել ֆրակցիայի ղեկավարի պաշտոնից: Ուրիշ ոչ մի բան չկա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG