Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ-ն ընդունեց բէց-երի մասնավորեցման օրենքը


Թեեւ Ազգային ժողովն իր արտահերթ նստաշրջանի վերջին նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին» օրինագիծը, հնարավոր է, որ որոշման առիթով եզրակացություն ստանալու համար Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորական նախաձեռնություն սկսվի:

«Իրականում որոշումը կայացված չի, պատգամավորը չի եղել, տեղը քվեարկել են», - ասում է պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Որոշմանը կողմ քվեարկեցին 54 պատգամավոր: Դեմ է քվեարկել միայն Դաշնակցությունը: Քվեարկությունը, սակայն, բոյկոտել են ՀԺԿ-ն, հայկոմկուսը, «Իրավունք եւ միաբանությունը», «Օրինաց երկիրը», ինչպես նաեւ ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորների եւ «Հայաստան» խմբի մի մասը:

Պատգամավորները կասկածում են նաեւ, որ քվեարկությանը մասնակցել է այդ իրավունքը չունեցող մի նախարար: «Սա մանկապարտեզ չէ՝ վազել դուրս, գալ ներս, ուրիշինը սեղմել: Իսկ եթե հանկարծ պարզվի՝ իսկ դա կպարզվի, որ ոչ պատգամավոր մեկը այստեղ նույնպես սեղմում է կոճակը, քվեարկում է պատգամավորների փոխարեն, ես... կոչ կանեի ինքնալուծարման», - այդ կապակցությամբ ասաց Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը:

Երկու անգամ քվեարկության դրվելուց, բուռն վեճերի ու վիրավորանքների, իսկ նիստերի դահլիճից դուրս՝ անգամ պատգամավորներից երկուսի միջեւ ծեծկռտուքի առիթ դառնալուց հետո չընդունվեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ ենթադրող օրինագիծը, թեեւ կառավարությունն ընդունել էր պատգամավորների առաջարկը եւ որոշել անփոփոխ թողնել օրենքի այն կետը, որով էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունում որեւէ մեկը 25 տոկոսից ավելի բաժնետոմսեր ունենալու իրավունք չունի:

Արտահերթ նստաշրջանն ավարտվեց՝ վերջին մի քանի վրձնահարված էլ թողնելով ԱԺ-ի քաղաքական քարտեզի վրա: «Միասնություն» խմբակցությունն իր վերջին նիստում ընտրեց խմբակցության նոր քարտուղար. ՀԺԿ-ական Վարդան Մկրտչյանին փոխարինեց արդեն նախկին ՀԺԿ-ական Գագիկ Ոսկանյանը:

Նույնպես նախկին ՀԺԿ-ական Գագիկ Ասլանյանը դա հիմնավորում է նրանով, որ ՀԺԿ-ն ներկայացնող պատգամավորներն արդեն փոքրամասնություն են խմբակցությունում, եւ սա հստակեցում մտցնելու առաջին քայլն է: «Անհրաժեշտ է, որպեսզի «Միասնություն» խմբակցությունը այսուհետ քննարկումների եւ քվեարկությունների ժամանակ միասնական կարծիքով հանդես գա», - բացատրեց Գագիկ Ասլանյանը:

ԱԺՄ խմբակցության անդամներ Սեյրան Ավագյանը, Սեմյոն Բաղդասարյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը երեկ նիստ են գումարել եւ որոշել խմբակցության ղեկավարի պարտականություններից ազատել Վազգեն Մանուկյանին՝ դրանք ժամանակավորապես դնելով Սեյրան Ավագյանի վրա:

Ֆիլարետ Բերիկյանը եւ Սեյրան Ավագյանը, ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանը հրաժարվեցին մեկնաբանություններից:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG