Մատչելիության հղումներ

Հունանյանի եղբայրը չի ուզում մնալ ԱԱՆ մեկուսարանում


«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության այսօրվա նիստում ամբաստանյալ Կարեն Հունանյանը հայտարարեց, որ ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում կալանավորների անվտանգությունը չի ապահովվում, խցերը միմյանցից լիարժեք կերպով մեկուսացված չեն: Նա ասաց, թե ինքն իր խցից լսել է, թե ինչպես են մեկուսարանի աշխատակազմի անդամները հայհոյում ու սպառնում են կախել իրեն եւ եղբորը՝ Նաիրի Հունանյանին:

Թե կոնկրետ երբ եւ ով է սպառնացել, ամբաստանյալն այդպես էլ չկարողացավ ասել: Նա նույնիսկ իր միջնորդությունը գրավոր չէր ներկայացրել, պատճառաբանելով, թե մեկուսարանում այնպիսի սարքավորումներ կան, որ աշխատակիցները կարող էին իմանալ, թե ինքն ինչ բնույթի միջնորդություն է պատրաստվում ներկայացնել դատարանում, ինչի հետեւանքները, ըստ նրա, պարզ չէ, թե ինչ կարող էին լինել:

Երբ մի քանի օր առաջ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ, ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը միջնորդել էր Նաիրի Հունանյանին տեղափոխել այլ մեկուսարան, Կարեն Հունանյանը դեմ էր արտահայտվել:

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն ակնհայտորեն չէր ուզում,որ եղբայրը հանդես գա այդ միջնորդությամբ: Կարեն Հունանյանն, այնուամենայնիվ, հրապարակեց միջնորդությունը, որին, ըստ էության, տեղյակ չէր նաեւ նրա շահերի պաշտպան Ստեփանյանը:

Հուլիսի 25-ին Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող մոսկվացի փաստաբան Օլեգ Յունոշեւը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ կրկնելու է Նաիրի Հունանյանին տեղափոխելու մասին միջնորդությունը: Նա այսօր էլ պնդեց, որ անպատակահարմար է երկու եղբայրներին ազգային անվտանգության նախարարությունում պահելը:

Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից ամբաստանյալ Նաիրի Հունանյանին այլ մեկուսարան տեղափոխելու խնդրանքով դատարանին էր դիմել նաեւ դատավարության ընթացքը վերահսկելու նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ այնտեղ պահել Հունանյանին, որն առնչություններ է ունեցել ազգային անվտանգության մարմինների հետ: Դատավոր Սամվել Ուզունյանը չէր քննարկել պատգամավորական հանձնաժողովի նամակը, քանի որ այն որպես միջնորդություն ձեւակերպված չէր:

Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, իր միջնորդությամբ հուլիս 23-ին անցկացված Ազգային ժողովի զուգարանի տեղազննության արդյունքների հրապարակումից հետո, միջնորդեց փորձաքննություն անցկացնել:

Տեղազննությունից պարզվել էր, որ զուգարանի կախովի առաստաղի վրա սեւ հետքեր եւ քերծվածքներ են հայտնաբերվել: Անհրաժեշտ է պարզել պատճառները, իսկ եթե մատնահետքեր հայտաբերվեն՝ դրանք համեմատել խորհրդարան մտած հինգ ամբաստանյալների եւ նրանց ուղեկցած վկա Նաիրի Բադալյանի մատնահետքերի հետ:

Միջնորդությունը բավարարվեց: Փորձաքննությունը անցկացնելու են արդարադատության նախարարության փորձագիտական բաժնի աշխատակիցները:

Դատաքննությունը կշարունակվի երկուշաբթի օրը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG