Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Արշակ Սադոյանի նախաձեռնությամբ այսօրվանից մեկնարկող հանրահավաքային նոր ծավալման հեռանկարին նայելով, «Առավոտ» թերթը առանձնացնում է. կառավարությունն «այսօր խնդիր ունի էլցանցերի վաճառքը գրավիչ դարձնել պոտենցիալ ներդրողների համար: Իսկ ո՞ր ներդրողը գրավիչ կհամարի մեր էլցանցերի վաճառքի պայմանները, եթե իմանա՝ ինչ է պատահել նախորդ՝ «ԱրմենՏելի» վաճառքի, «դարի պայմանագրի» հետ: Իսկ եթե էլցանցերը չվաճառվեն, մեր վարկերը չեն ստացվի: Դրանից մեր կառավարությունն ավելի շատ է վախենում, քան՝ Արշակ Սադոյանից ու ժողովրդի ցասումից»:

Քաղաքական դաշտում նոր ավերածություններ եւ քաղաքական ուժերի սրընթաց տրոհում արձանագրելով, «Իրավունք» թերթի մեկնաբանը գնահատում է, որ այդ գործընթացները ձեռնտու են հանրապետության նախագահին: Նույն կարծիքին է եւ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը: «Այն, ինչ որ պետք է հատակում լիներ, այսօր վերեւ է բարձրացել», - ասում է նա «Իրավունք»-ի հարցազրույցում: - «Հաճախ լավատեսությամբ տրամադրված մտածում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց նաեւ անհանգստանում եմ, որ այդ կերպ մտածելով՝ մենք գուցեեւ ուշանանք»:

«Շարքային քաղաքացու համար վերջին հաշվով միեւնույն է. ով դուրս եկավ ՀԺԿ-ից ու կոմկուսից կամ ով դարձավ ԱԺՄ-ի ղեկավար: Բայց երբ ներքին տարաձայնություններով ու ընդհարումներով գոյատեւող կուսակցությունները հավակնում են երկրի կյանքում լուրջ դերակատարման, երբ այդ կուսակցությունները ներկայություն են երկրի գործադիր ու օրենսդիր իշխանության մեջ, ապա պարզ է դառնում, թե այս երկրի ու ժողովրդի վիճակն ինչու չի բարելավվում», - շեշտադրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Չէ՞ որ այդ կուսակցություններն իրենց ողջ էներգիան սպառում են ներքին գզվռտոցների վրա, ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունենալով մտածել պետության ու ժողովրդի մասին»:

Բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն էլ պաշտոնանկությունից հետո ակտիվորեն սկսել է չարյաց արմատ մատնանշել մաֆիային, պնդելով, որ Հայաստանում այն շատ հզոր է, եւ ինքը բազմաթիվ բացահայտումներ է արել: «Եթե այս երկիրը 20-25 մարդուց չազատվի, էս երկիրը չի «դզվի», - ասել է նա «Ազգ»-ի թղթակցին: - «Քանի դեռ այս վարչապետը կա, էս երկրում արդարություն լինել չի կարող»:

«Մուրադ Մուրադյանն իրոք ուզում էր լավ աշխատել, շատ բաներ, իսկապես, կարողացավ անել», - ընդունում է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, միեւնույն ժամանակ հանդիմանելով՝ «Եթե ասելիք ուներ, թող ասեր այն ժամանակ... եթե այն ժամանակ այդ խոսակցությունը չի եղել, եւ հիմա է ասում, այնքան էլ գեղեցիկ չէ»: Բնապահպանության ոլորտում կան «բազմաթիվ բացթողումներ եւ բավական մեծ չափերի հասնող չարաշահումներ», - հաստատում է պարոն Զադոյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում: Օրինակ՝ «Հանքատերերն ասում են, թե պետությանը 30-40 տոկոսով են խաբում: Համոզված եմ, որ այդ ծավալը փոքր-ինչ ավելի մեծ է»: Ըստ Դավիթ Զադոյանի, միայն ընդերքի շահագործումից տարեկան պետությունից գողացվում է մինչեւ տասը միլիոն դոլար:

«Հայկական ժամանակ» թերթը ներկայացնում է իրենց գնահատմամբ՝ Հայաստանի ամենաազդեցիկ տասը տնտեսական գործիչների ցանկը: Այն գլխավորում է «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, որակվելով «Հայաստանի այն բացառիկ բիզնեսմեններից, որ տիրապետում է աշխարհում ընթացող տնտեսական միտումներին, էական ազդեցություն ունի այդ ոլորտի օրենսդրության ձեւավորման գործում»: Հաջորդող Սենիկ Գեւորգյանի ազդեցությունը ընդգծվում է հատկապես հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում: Երրորդ տեղում է ադամանդների մշակմամբ զբաղվող՝ Հայաստանի ամենամեծ արտահանող ընկերության նախագահ Գագիկ Աբրահամյանը: Ցուցակում են նաեւ արտասահմանցիներ՝ «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենը, Երեւանի կոնյակի գործարանի նախագահը, «HSBC բանկ Հայաստան»-ի տնօրենը: Ապա՝ հայաստանյաններից «Գրանդ տոբակո»-ի նախագահ Հրանտ Վարդանյանն է, իսկ տասնյակը եզրափակում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը՝ տնտեսության դաշտում իրենց տեսական ազդեցության արժեվորմամբ:

«Ինչո՞ւ այս ցանկում չեն Հայաստանի մյուս հայտնի գործարարները» հարցին «Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է այսպես. «Այդ գործարարները, իրականում տիրապետելով լրջագույն եկամտաբեր ոլորտների, ընդամենը օգտվում են իրենց ընձեռված հնարավորություններից եւ տնտեսական քաղաքականության վրա չեն ազդում: Ավելի ճիշտ, չեն խառնվում, քանզի նրանք գործում են խաղի կանոններից դուրս եւ իրենց գործունեության ընթացքում խնդիրների, խոչընդոտների, մրցակիցների չեն հանդիպում»:

«Ազգ» թերթը ահազանգելով արձանագրում է «հայերի աննախադեպ մեծ արտագաղթը Ռուսաստան», նշելով. «Թվում է, թե Հայաստանից արտագաղթը հիմնականում ամերիկյան ուղղությամբ է ընթանում: Այդ է տեսանելին: Այնինչ արտագաղթողների իսկական թվաքանակներն այլ ուղղություն են ցույց տալիս»: Ռուսաստան ընկալվում է մտերիմ, բարեկամ երկիր, ուր կենսապայմանները Հայաստանի համեմատ ավելի բարվոք են, «իսկ ամենակարեւորը՝ այստեղ կարելի է չվախենալ վաղվա օրվանից, կարելի է գոնե մասամբ թոթափել անորոշ ապագայի մտավախությունները»:

«Ժամանակ» թերթում այսօր առանձնանում է մտահոգությունը, որ «պատերազմ վերսկսելու թեմայով խոսակցությունները Ադրբեջանում ոչ թե նվազեցին, այլ ընդհակառակը՝ թափ հավաքեցին եւ անցնում են այն սահմանը, որից հետո սկսվում է բացարձակ լկտիությունը... Պատերազմ սկսելու եւ հաղթականորեն ավարտելու գոռգոռոցները, որպես կանոն, թույլերի եւ թերարժեքության բարդույթով տառապողների հիմնական զենքն են, եւ այս տեսանկյունից թերեւս ճիշտ է արհամարհել ու ընդհանրապես չարձագանքել... Սակայն արդյո՞ք Ադրբեջանում ճիշտ են ընկալում մեր լռության պատճառը», - հարց է դնում «Ժամանակ»-ը: - Իսկ գուցե այնտեղ «պատրանքային եւ անհեթեթ ենթադրություններ են անում, թե եթե մենք պատերազմի նրանց կոչերին չենք պատասխանում, ուրեմն վստահ չենք մեր ուժերին: Այդ դեպքում արժե թարմացնել նրանց հիշողությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG